Այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկները, որոնք վերաբերում են Մտավոր սեփականության գործակալության կանոնակարգերին եւ տոհմային անասնաբուծությանը: Նախագծերով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութը հավաստագրվում է կամավոր հիմունքներով՝ ներկայիս պարտադիր պահանջի փոխարեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաստագիրը հաստատում է, որ տոհմանյութն արտադրված է տոհմային կենդանիների մաքրացեղ բուծման արդյունքում ստացված կենդանիներից, որոնք մաքրացեղ են ճանաչվել, եւ այն տնտեսվարողներին անհրաժեշտ է իրենց ապրանքը ներքին շուկայում որակյալ ներկայացնելու եւ թանկ վաճառելու համար: Որոշ դեպքերում էլ տոհմանյութն արտադրվում է սեփական սպառման համար եւ այստեղ արդեն պարտադիր հավաստագրման պահանջն ավելորդ է դառնում: Մեկ այլ առաջարկով սահմանվել է, որ տոհմանյութի հավաստագրման ժամկետը սահմանում է ՀՀ կառավարությունը՝ կախված տոհմանյութի տեսակից:
Մտավոր սեփականության գործակալության կանոնակարգերում Կարգավորիչ գիլյոտինի առաջարկով հստակեցվել են ժամկետներ, դրանք ներկայացվել աշխատանքային օրերով, բողոքների եւ դիմումների քննարկման համար սահմանվել է մեկամսյա ժամկետ՝ ներկայիս երկու եւ երեք ամիսների փոխարեն, քվորում չլինելու դեպքում խորհրդի նիստի անցկացման թվականը տեղափոխվել է մինչև 15 աշխատանքային օր՝ ներկայումս սահմանված 1 ամսվա փոխարեն, ծանուցումներն ուղարկելու համար սահմանվել է երեք աշխատանքային օր:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն
Մամլո հաղորդագրություն