Հաագայի միջազգային տրիբունալը հետաքննություն է սկսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ահմեդ Դավութօղլուի, Ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանի եւ այլ պաշտոնյաների դեմ: Այս մասին հաղորդել է թուրքական OdaTV կայքը:
Ըստ կայքի՝ պատճառը Սիրիայի նկատմամբ իրականացված քայլերն են: Գործընթացը դեռ ուսումնասիրման փուլում է: Որպես կարեւոր ապացույց դիտարկվում է իսլամիստներին բեռնատարներով զենք տեղափոխելու բացահայտումը, որը տեղի էր ունեցել նախորդ տարի Ադանայում:
«Թուրքիայի հանրության ներսում երկար ժամանակ է՝ քննարկվում է այն, որ Թայիփ Էրդողանն ու Սիրիայի հարցում համախոհների թիմը ռազմական հանցագործությունների դատարանի առաջ են կանգնելու: Եվ, ի վերջո, այդ սպասելիքներն արդարացան, և միջազգային դատարանը քննություն է սկսել Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ մի շարք կառավարական պաշտոնյաների հանդեպ»,- գրում է կայքը:
Կայքը հավելել է, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Ումիթ Օզդաղը խորհրդարանում հայտարարել էր, որ «Իսլամական պետության» ահաբեկիչներին աջակցելու համար Թուրքիայի նախագահի եւ նրա թիմակիցների դեմ Հաագայի տրիբունալում ուսումնասիրություն է սկսվել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ