Հարցազրույց ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ ԲԱԳՐԱՏ ԵՍԱՅԱՆԻ հետ
-Տարիներ շարունակ մեզանում ստեղծվել են կոռուպցիայի դեմ պայքարող տարբեր կազմակերպություններ, բայց արդյունք չկա: Ի՞նչ կասեք կառավարության ստեղծած հակակոռուպցիոն խորհրդի մասին: Վստահություն ներշնչո՞ղ է:
-Գիտեք վստահություն ներշնչել- չներշնչելը խնդրի երկրորդ կողմն է: Եթե իսկապես այս պահին կա ցանկություն, որ հիշյալ խորհրդի աշխատանքները հաջող ընթանան, ապա պետք է իրականանան հետեւյալ նախապայմանները:
Առաջին՝ իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսեւորեն: Արդյոք առկա՞ է այդ կամքը, արդյոք իրականացվո՞ւմ է կոռուպցիայի դեմ պայքարի կարեւոր սկզբունքը` օրենքի առաջ բոլորը հավասար են, յուրաքանչյուր հանցագործություն կամ զանցանք պետք է համարժեք պատժվի: Թե՞ ուղղակի միջազգային պահանջ է, եւ պետք է ցուցադրական, իմիտացիոն քայլեր կատարել:
Կարդացեք նաև
Երկրորդ՝ օրենքներում, նորմատիվ ակտերում պետք է բացառվեն կոռուպցիոն ռիսկերը: Սա պահանջում է երկարատեւ աշխատանք ու մասնագիտական ջանքեր, դաշտում եղած բոլոր օրենքները պետք է փորձաքննության ենթարկվեն:
Երրորդ՝ նշեցիք, թե տարբեր մարմիններ են ստեղծվել կոռուպցիայի դեմ պայքարի համար, բայց այստեղ կարեւորը հասարակության մասնակցությունն է, հասարակության հավատը, որ իրոք կա պայքար, որին ներգրավված է հասարակությունը:
Այսօր իշխանավորներն իրենք են խոսում, որ չկա վստահություն իշխանության հանդեպ, ու չնայած դրան, առանձնակի մեծ ջանքեր չեն էլ գործադրում այդ վստահությունը ձեռք բերելու, ներշնչելու համար: Հետեւաբար այս պայմաններում ես բավական թերահավատ եմ նման խորհրդի ստեղծման հարցում: Իհարկե հնարավոր է ինչ-որ քայլեր արվեն, բայց այնքան էլ չեմ հավատում, որ հնարավոր լինի համակարգային պայքար իրականացնել:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում