Սպանվածի քույրն ասում է. «Ես եմ կորցրել, ես եմ տուժողը,
թող խայտառակվեմ ամբողջ Հայաստանով մեկ, թող բոլորը ծիծաղեն ինձ վրա,
թող ինքն էլ ազատ արձակվի՝ Սամվել Դիլոյանը: Եվ վերջ»:
Կանխատեսվում էր, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ խմբակային սպանության եւ խմբակային խուլիգանության հոդվածներով երկու տարուց ավելի քննվող գործով ապացույցների բացակայության պայմաններում դատախազությունն ի վերջո հրաժարվելու է իր առաջադրած մեղադրանքից: Եվ վերջին նիստերից մեկում մեղադրող դատախազը հայտարարեց, որ մեղադրանքը վերանայելու հիմքեր կան: Նա ողջամիտ ժամկետ խնդրեց նոր միջնորդության համար:
«Արտառոց բան չի եղել, որ ինձ բաց են թողել: Արդարության համար ենք մենք պայքարում, ոչ թե իմ անձի կամ Սամվելի անձի: Ինչի՞ չեմ ասում՝ Արտակ Վերանյանին էլ բաց թողեք, դեպքը էն մարդու, մեկ էլ տուժողի մեջ ա եղել: Էս բեսպրիդելությունը ուզում եք ես հասկանա՞մ: Պարոն դատախազ, ուզում եմ հասկանամ՝ ի՞նչ փոխվեց, ինձ խի՞ եք բաց թողնում, 2 տարի 7 ամիս չկային, էսօ՞ր են փոխվել էս օրենքները: Մինչեւ իմ արյան վերջին կաթիլը պայքարելու եմ՝ մինչեւ արդարությունը վերականգնվի: Սամվել Դիլոյանը, նաեւ ես արած բան չենք ունեցել, դեպքը տեղի ա ունեցել Արտակ Վերանյանի եւ Սամվել Շարբաթյանի միջեւ: 2 տարի 7 ամիս սաղ գործերը դեմներդ դրած, ոչ մի բան հաշվի չառաք, էս ի՞նչ փոխվեց հիմի: Քերթում էիք, է, արուններս խմում էիք, ինչ ասես` ուզեցել եք անեք. խի՞: Չեմ հասկանում՝ սա ի՞նչ ա, այսինքն՝ ինչ որ էն դեմից ուզեցիք, չստացվեց: Էս բեսպրիդելությունը չավարտվեց, է, որ ինձ թողիք: Մենք չենք պայքարել ինչ-որ մի անձի թողալու համար: Արդարության համար ենք պայքարել, վերականգնեք արդարությունը: Այսինքն՝ որեւէ մի վայրկյանի բռնեն փաթաթեն, երբ ուզեն՝ տանեն փակեն, երբ ուզեն՝ թողա՞ն: Պայքարելու ենք մինչեւ վերջին կաթիլներս: Անմեղ մարդ չի դատվելու»,- ասաց 2 տարի 7 ամիս կալանքի տակ պահված, այժմ դատախազության միջնորդությամբ արդարացված Արեն Վերանյանը:
Կարդացեք նաև
Մի քանի նիստերի հետաձգումից հետո դատախազությունն, ի վերջո, կամք դրսեւորեց եւ հանցակազմի բացակայության հիմքով հրաժարվեց երեք մեղադրյալներին առաջադրված խուլիգանության, իսկ նրանցից մեկի՝ Արեն Վերանյանի վերաբերյալ՝ նաեւ խմբի կազմում կատարված սպանության (Քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով) մեղադրանքից: Մեղադրողներն են դատախազ Արթուր Երիցյանն ու Պետրոս Մարտիրոսյանը:
Մեղադրող դատախազը դատարանին միջնորդեց վերացնել վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցը, ազատ արձակել կալանքից եւ նրա նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը:
Դատարանն Արեն Վերանյանին ազատ արձակեց հենց դատական նիստերի դահլիճում:
Միաժամանակ մյուս երկու մեղադրյալների՝ Սամվել Դիլոյանի եւ Արտակ Վերանյանի նկատմամբ որոշում կայացրեց քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ խմբակային խուլիգանության (Քր.օր.-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով) համար առաջադրված մեղադրանքում: Սակայն նրանց երկուսի հանցակցությամբ սպանության մեղադրանքը մնաց անփոփոխ:
Տուժողի իրավահաջորդ՝ հանգուցյալ Սամվել Շարբաթյանի քույրը՝ Հասմիկ Շարբաթյանը, հայտարարությամբ դիմելով մեղադրող դատախազին՝ պահանջեց ազատ արձակել նաեւ մեղադրյալ Սամվել Դիլոյանին:
«Ես չեմ բողոքարկում, ես ողջունում եմ Արենին, թող բոլորը զարմանան, այո, ողջունում եմ, ինչպես նաեւ պահանջում եմ` երբ որ մեղադրող կողմը արդարացրեց էս մի տղային, ես էլ ուզում եմ արդարացնեմ մյուսին՝ Սամվել Դիլոյանին: Շնորհակալ եմ, լավ արեցիք, պարոն Երիցյան, ողջունում եմ ես Ձեզ (դիմելով արդարացվածին), կցանկանայի ազատել նաեւ մյուսին եւ կպահանջեի: Թող ինձ ների իմ ախպերը, ես պահանջում եմ, պարոն Երիցյան, Սամվել Դիլոյանը թող ազատվի: Ես եմ կորցրել, ես եմ տուժողը, թող խայտառակվեմ ամբողջ Հայաստանով մեկ, թող բոլորը ծիծաղեն ինձ վրա, թող ինքն էլ ազատ արձակվի՝ Սամվել Դիլոյանը: Եվ վերջ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ փաստաբանի մահվան համար երեք մեղադրյալներից երկուսը՝ Սամվել Դիլոյանն ու Արեն Վերանյանը, ի սկզբանե իրենց մեղավոր չեն ճանաչել եւ պայքարում են արդարացման համար: Իսկ գործի դատաքննությամբ արդեն ապացուցվել է, որ հանգուցյալ փաստաբանի հետ վիճաբանողը երեք մեղադրյալներից միայն Արտակ Վերանյանն է եղել, որն էլ դեպքի հաջորդ օրը ներկայանալով իրավապահներին` խոստովանել է, որ ինքն է հարվածել տուժողին քաշքշուկի ընթացքում: Այս հանգամանքը հաստատվել է եւ առաջին դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, եւ երրորդ՝ լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած անկախ հանձնաժողովի կողմից:
Գործի քննությունը դեռ շարունակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ խմբի կազմում Սամվել Դիլոյանի եւ Արտակ Վերանյանի կողմից սպանության մեղադրանքով:
Սեփ.լր.
«Առավոտ» օրաթերթ
30.07.2015