Մենք ապրում ենք ֆիզիկական աշխարհում՝ մեր առօրյա հոգսերով, խնդիրներով, նախանձով, ագահությամբ, իրարից ինչ-որ բաներ խլխլելով, մտածելով, որ մեզ ինչ-որ բարիք չի հասել, մարդկանց բաժանելով հերոսների եւ չարագործների, դահիճների եւ զոհերի: Ընդ որում, մեզ «հաճելի է» հանդես գալ զոհի դերում, որովհետեւ այդ դեպքում մեր մեջ նստած դահճի հատկությունները մենք հեշտությամբ վերագրում ենք ինչ-որ մեկին կամ մարդկանց ինչ-որ խմբի: Այդ ամենը մեր հոգու, այսպես ասած, ցածր տատանումներն են (վիբրացիաները), որոնք կամ համապատասխանում են, կամ հակասում են այլ մարդկանց նման տատանումներին՝ դրանով իսկ առաջացնելով կամ չառաջացնելով մանր (բայց մեզ թվում է՝ շատ լուրջ) խնդիրներ:
Բայց մենք ապրում ենք նաեւ հոգեւոր, բարձր տատանումների աշխարհում, դրանք համապատասխանում են մեզնից դուրս, մեզնից բարձր գտնվող ուժերի վիբրացիաներին, որոնք հավատացյալ մարդկանց համար կրում են Աստծո անունը, իսկ ուրիշների համար՝ այլ անուններ: Եվ այս դեպքում, եթե մենք «ճիշտ ալիքի» վրա ենք, ապա հենց դա՛ է բարձրագույն երջանկությունը: Իրականում, իհարկե, դրանք երկու տարբեր աշխարհներ չեն՝ աշխարհը մեկն է՝ դրանք տարբեր «տեսանկյուններ» են, «դիտակետեր», եւ եթե մեր հոգին լարված է բարձր տատանումների վրա, ապա հերոսներն ու հակահերոսները, դահիճներն ու զոհերը, չդադարելով այդպիսիք լինելուց, դառնում են «կատարյալ» եւ «օգտակար»՝ այն առումով, որ մեզ ինչ-որ ուղերձ են փոխանցում, եւ այդ առումով ոչ լավն են, ոչ էլ վատը՝ բոլոր այդ մարդիկ եւ իրադարձությունները մեզ համար, մեծ հաշվով, դաս են:
Ե՞րբ է մեր հոգին հասնում բարձր տատանումների: Պարզ է՝ աղոթքի, մեդիտացիայի միջոցով եւ… լուրջ երաժշտություն լսելիս: Որովհետեւ երաժշտությունն ինքը ծնվում է ֆիզիկական տատանումից: Փառք Տիրոջը, մենք՝ հայերս, կարողանում ենք այդպիսի երաժշտություն ստեղծել՝ դրա արմատները առնվազն 17 դարի պատմություն ունեցող շարականներն ու տաղերն են:
Այս օրերին հնչում է Ավետ Տերտերյանի երաժշտությունը: 1970-ական թվականներին այն անսովոր էր հնչում, երբեմն դրան կպցվում էին «մոդեռնիզմի» կամ «ավանգարդիզմի» ոչ այնքան հասկանալի եւ ոչ այնքան իմաստալից պիտակները: Հիմա մեզ՝ 21-րդ դարի ունկնդիրներիս համար Տերտերյանի գործերը բացարձակապես «շոկային» չեն՝ առօրյա, ֆիզիկական իմաստով: Դրանք ցնցող են այլ՝ ձայնի էներգետիկայի, տատանման իմաստով, ինչը, կրկնեմ, մեզ տալիս է նոր «դիտակետեր» եւ «տեսանկյուններ»:
Այդպիսի երաժշտություն լսելը ես կզգուշանայի անվանել «թերապիա» չափից դուրս «կիրառական» բառով: Սխալ կլիներ ակնկալել, որ Տերտերյանի գործերը լսելիս մեր ատամի կամ անգամ հոգու ցավը կանցնի: Ավելի շուտ՝ այդ երաժշտությունը մեզ կօգնի հասկանալ, թե «ինչի համար է պետք ցավը»:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ռուսերեն տարբերակը կարդացվում է`հայերենը պարզապես թյուրիմածություն է: Պ. Աբրահամյան, եթե գրում եք “հոգու պոռթկումների” մասին, բարի եղեք հետևել թարգմանությանը: Հոդվածի “էմոցիոնալ պոռթկումներից” ոչինչ չի մնացել թարգմանության մեջ: “2” նշանակեք և անկյուն կանգնացրեք:
Պարզապես տեղեկացնեմ, որ ես գրում եմ հայերեն, իսկ հետո թարգմանիչները թարգմանում են ռուսերեն եւ անգլերեն: Մնացածն, իհարկե, Ձեր գնահատականի խնդիրն է:
Հակառակը փորձեք: