Իշխանությունն ու ողջ քաղաքական դաշտն
անարձագանք են թողնում Թեհրանի ուղերձները
Իրանի միջուկային ծրագրի հարցում ձեռք բերված համաձայնությունը հնարավորություններ է բացում Հայաստանի համար. սա պարզ է բոլորին: Իրանի եւ «վեցյակի» միջեւ համաձայնագրի իրականացման եւ Իրանից որոշ պատժամիջոցների հանման դեպքում հայկական կողմը կարող է խորացնել Իրանի հետ տնտեսական համագործակցությունը առեւտրի, փոխադրումների եւ տեխնոլոգիաների ոլորտում։ Հայաստանը իրական հնարավորություն է ստանում իր տարածքով իրանական գազ տեղափոխելու դեպի Եվրոպա: Բացի այդ, ակնհայտ է, որ Իրանը կփորձի մեծացնել իր դերակատարությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում, իսկ դա նշանակում է, որ գործ ենք ունենալու տարածաշրջանային նոր կշիռ ունեցող երկրի հետ։
Իրանական խնդրի հանգուցալուծումը ողջունեցին արեւմտյան երկրները, եւ եթե Արեւմուտքի գոհունակությունը միանգամայն հասկանալի էր, ապա պաշտոնական Մոսկվայի կողմից այդ փաստը դրական ընդունելը կարելի է դիտարկել որպես ընդամենը հայտարարություն: Իրականում ռուսական կողմի «ուրախության» արտահայտումը այնքան էլ հասկանալի չէ: Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանափակում էին այդ երկրի տնտեսական հնարավորությունները, այժմ կվերանան, եւ Իրանը կբացվի նոր ներդրումների համար:
Եթե այս ամենին էլ գումարենք համաշխարհային շուկայում նավթային նոր քաղաքականության հնարավորությունները` Իրանի վերադարձն այդտեղ, ապա «սեւ ոսկու» գների նվազումն ապագայում կարող է ուղղակի չարիք դառնալ` ռուսական ռուբլու անկմամբ եւ Ռուսաստանի ֆինանսատնտեսական վիճակի փլուզմամբ: Այնպես որ՝ Ռուսաստանի իշխանությունների համար առանձնապես երջանկանալու առիթ չկա, քանի որ պատժամիջոցներից ազատվող Իրանը Ռուսաստանի ոչ թե դաշնակիցը, այլ առնվազն մրցակիցն է դառնալու:
Հայաստանի դեպքում Իրանի միջուկային ծրագրի հարցում ձեռք բերված համաձայնությունը եւ դրա հետեւանքով բացվող հնարավորությունների պատուհանի մասին խոսակցությունները, սակայն, առայժմ բարի ցանկությունների ու հնարավորությունների մասին շարադրանք են հիշեցնում:
Կարդացեք նաև
Նախ՝ պետք է հաշվի առնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի նկատմամբ, իսկ ավելի ճիշտ՝ հակազդեցության գործոնը` Հայաստանի տարածաշրջանային զարգացման հնարավորությունների առումով: Իսկ եթե խոսակցությունն ավելի գործնական դաշտ տեղափոխենք, ապա վերջին օրերին Իրանի ուղերձները Հայաստանին մնում են անարձագանք:
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին մեկը մյուսի հետեւից հարցազրույցներ է տալիս հայաստանյան մամուլին ու հանդես գալիս ուշագրավ հայտարարություններով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում դեսպան Ռեյիսին խոսել է հայ-իրանական խոշոր ծրագրերի կարեւորության մասին: Անդրադառնալով հայ-իրանական երկաթգծի կառուցման, վերջերս նաեւ Սերժ Սարգսյանի կողմից` Ուֆայում տեղի ունեցած հանդիպմանն այդ երկաթգծի կառուցման կարեւորության վերաբերյալ հարցին՝ դեսպանը նկատել է. «Նախագիծը տարածաշրջանային կարեւորություն ունի, եւ այն կյանքի կոչվելու դեպքում Հայաստանը կդառնա տարածաշրջանային տարանցիկ միջանցք, այլ կերպ ասած` Հայաստանը կդառնա նաեւ կապող օղակ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ: Արեւելյան Ասիայից եւ Իրանի հարավային հարեւաններից Հայաստանի միջոցով փոխադրումներ կիրականացվեն դեպի հյուսիսային երկրներ: Սա կդառնա հյուսիս-հարավ միջանցք: Հնդկաստանից, Պակիստանից ապրանքները Հայաստանի միջոցով կտարանցվեն ընդհուպ մինչեւ Եվրոպա: Նախագիծը խոշոր ներդրումների կարիք ունի: Եթե գտնվի ընկերություն, որը ցանկանա իրականացնել նախագիծը` շատ լավ կլինի: Նախագծի՝ Մեղրիից մինչեւ Սեւան հատվածի համար պահանջվում է 3 մլրդ 200 միլիոն դոլար: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ եթե գտնվի ներդրող, որը նախագծի հայկական հատվածի համար գումար կհատկացնի, մենք պատրաստ ենք մեր հատվածում՝ այդ 60 կիլոմետրը կառուցել: Ես էլ նախագահ Սերժ Սարգսյանի պես համաձայն եմ, որ այս նախագիծը շատ կարեւոր է»:
Հայ-իրանական քաղաքական հարաբերությունների մակարդակն ակնհայտորեն զիջում է տնտեսականին: Այսօր, երբ գործ ունենք պատժամիջոցներից ազատվող Իրանի հետ` Հայաստանն Իրանի հետ տնտեսական հարաբերությունները պարտավոր է նոր մակարդակի հասցնել: Հայաստանում Իրանի դեսպանը հայտնել է, որ առաջիկայում սպասվում է նախագահի առաջին տեղակալի այցը Հայաստան, իսկ նրա այցից հետո հետամուտ կլինեն Իրանի նախագահ Հասան Ռուհանիի այցի կազմակերպմանը մինչեւ տարեվերջ:
Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին Tert.am-ին տված հարցազրույցում հավաստիացրել է, թե նոր հնարավորություններ ստանալով՝ Իրանը երբեք չի ստորադասի Հայաստանի հետ հարաբերությունները: «Հայաստանի նման կարեւորություն ունեցող երկրին Իրանը երբեք բաց չի թողնի ձեռքից: Հայաստանը մեզ համար տարածաշրջանում շատ կարեւոր դեր ունի, դժվարություններ են այս տարիների ընթացքում առաջ եկել, որը պետք է վերացվի: Բանակցում ենք եւ հուսով ենք, որ լավ ընթացք եւ վերջավորություն կունենանք Հայաստանի հետ: Մեր առաջնահերթությունները մեր հարեւան երկրների հետ են»,- նշել է նա:
Դեսպանը նաեւ հավելել է, որ վստահ է՝ մոտ ապագայում որոշ ծրագրեր, որոշ ներդրումներ կլինեն, եւ Իրանի ու Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն է՛լ ավելի կզարգանա: Իսկ հարցին՝ Հայաստանն Իրանը դիտարկում է որպես Արեւմուտքի հետ կապող օղա՞կ, Իրանի դեսպանը պատասխանել է. «Հայաստանը մեզ համար միշտ հարեւան երկիր է եղել, եւ մեր հարաբերությունը միշտ շատ բարձր մակարդակի վրա պահելու ենք՝ անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն: Հայաստանը մեզ համար տարածաշրջանում շատ կարեւոր դեր ունի»:
Այնուհետեւ 168.am-ին տված հարցազրույցում Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանի հետ երկու հզորագույն ծրագրեր ունեն. «Իրանի շրջափակումները վերացնելուց հետո վստահ ենք, որ շատ ուժեղ քայլ առաջ կարող ենք դնել մեր երկկողմ հարաբերությունների մեջ: Բայց դա ժամանակ է պահանջում, Իրանի շրջափակումը վերացնելը մի քանի ամիս կտեւի, անմիջապես չի կատարվի: Շրջափակումը վերացնելուց հետո արտերկրում սառեցված իրանական ֆինանսական միջոցները կվերադարձվեն մեզ, եւ այդ ժամանակ մեր ձեռքերն ազատ կլինեն, որ մեր ծրագրավորած նախագծերը, որ, ի վերջո, շատ կարեւոր են մեզ համար եւ երկու երկրների համար, կարողանանք իրականացնել: Օրինակ՝ էներգետիկ ոլորտում Մեղրի ՀԷԿ-ի կառուցումն այն ծրագրերից մեկն է, որ պատժամիջոցները խստացնելուց հետո կանգ առավ, եւ հույս ունենք, որ մեր գումարները վերադարձնելուց հետո կկարողանանք այն վերսկսել: Ինչպես տեղյակ եք, տարիներ առաջ է համաձայնագիրը կնքվել, բայց միայն նյութական դժվարությունների պատճառով չենք կարողացել իրացնել: Հուսով ենք, որ շուտով կկարողանանք վերսկսել: Հայաստանի հետ 2 հզորագույն ծրագրեր ունենք՝ էլեկտրահաղորդման բարձրավոլտ երրորդ գծի ծրագիրը եւ Հայաստան-Իրան երկաթգիծը: Հուսով ենք, որ դրանք կարող ենք իրականացնել»:
Ուշագրավ է հետեւյալ հարցը, թե ինչպե՞ս է Իրանը պատկերացնում ԵՏՄ-ի հետ համագործակցությունը: «Անշուշտ, մենք շահագրգիռ ենք, որ համագործակցությունը զարգանա: Եվրասիական շուկան մեծ շուկա է, եւ մենք այդ երկրների հետ հարաբերությունները շատ լուրջ ենք տեսնում, մտածում ենք, որ ապագայում շատ լավ հնարավորություններ կստեղծվեն փոխհամագործակցության համար: Մեր առաջնահերթություններից մեկը մեր հարեւանների հետ տնտեսական հարաբերություններին զարկ տալն է, եւ նկատի առնելով, որ Հայաստանն էլ մեր լավ հարեւաններից մեկն է, որը ԵՏՄ անդամ է, կարծում ենք՝ Հայաստանի միջոցով կարող ենք լավ փոխհարաբերություններ ունենալ ԵՏՄ-ի հետ»,- պատասխանել է Հայաստանում Իրանի դեսպանը:
Մինչ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մտադիր է բանակցություններ սկսել Եվրասիական միության եւ Սիրիայի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ, իսկ Հայաստանի իշխանությունները հանդես են գալիս որպես եվրասիական ինտեգրացիայի եւ «Մետաքսի ճանապարհի» նախաձեռնության զուգակցման ջատագով, անարձագանք են մնում Հայաստանում Իրանի դեսպանի հարցազրույցների կարեւոր ուղերձները:
Վերջերս Սերժ Սարգսյանն Ուֆայում մասնակցում էր ԲՐԻԿՍ, ԵՏՄ եւ Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին, որտեղ հանդես եկավ ելույթով եւ մատնանշեց եվրասիական ինտեգրացիայի եւ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնության զուգակցումը. «Հայաստանի դեպքում այդպիսի ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս: Արդեն պատրաստ է տեխնիկական-տնտեսական հիմնավորումը, եւ ծրագիրը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար: Հուսով ենք, որ այստեղ ներկա երկրներից ընկերությունները հետաքրքրություն կդրսեւորեն»:
Մինչդեռ Իրանի դեսպանը դիվանագիտորեն արձանագրելով, թե` «կարծում ենք՝ Հայաստանի միջոցով կարող ենք լավ փոխհարաբերություններ ունենալ ԵՏՄ-ի հետ», ըստ էության, ընդգծել է, որ Իրանի համար առաջնահերթությունը հարեւանների հետ տնտեսական հարաբերություններին զարկ տալն է, իսկ ավելի կոնկրետ` էլեկտրահաղորդման բարձրավոլտ երրորդ գծի ծրագիրն ու Հայաստան-Իրան երկաթգծի հարցն է բարձրացնում:
Այսինքն` պաշտոնական Թեհրանը բաց հայտարարում է, որ կցանկանար Հայաստանի տարածքից Սեւ ծովով կապվել Եվրոպայի հետ: Սակայն առայժմ պաշտոնական Երեւանն այս ուղերձները գերադասում է չլսելու տալ: Ընդ որում, անհասկանալի է ոչ միայն Հայաստանի իշխանությունների անհաղորդ լինելը, այլեւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի անտարբերությունը իրանական կողմի կոնկրետ առաջարկների հարցում:
Հետաքրքիր է` ինչո՞ւ: Մեր ողջ քաղաքական դաշտը, բացառությամբ մի քանի գործիչների, գերադասում է, որ օր օրի տնտեսապես փլուզվող Ռուսաստանի իշխանությունները Հայաստանից «չնեղանան», չզայրանան, բայց իրենց հետ ճահիճ քաշեն նաեւ Հայաստանը, հետեւաբար նրանք՝ ծպտուն չեն հանում Թեհրանի հայտարարությունների առիթով: Հավանաբար, նրանք վտանգ են տեսնում, որ այդ` Հայաստանի զարգացման համար խիստ կարեւոր թեմաներով ծավալվելուց հետո Կրեմլը եւ ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում դարձյալ «Արեւմուտքի ականջները» կտեսնեն ու մայդանների հետ համեմատություններ կանցկացնեն:
Փոխանակ մեկուսացումից դուրս գալու հարցում Հայաստանի քաղաքական դաշտը հանդես գա միասնական դիրքորոշմամբ, ճանապարհների, խողովակաշարերի կառուցման անհրաժեշտության մասին բարձրաձայնի` մերոնք բավարարվում են եկեղեցիներ կառուցելով ու դրանց մասին դիրքորոշումներ արտահայտելով:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.07.2015