Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե Բրյուսովում էլ սկսեն տնտեսագետ-թարգմանիչներ պատրաստել»

Հուլիս 30,2015 14:30

Ըստ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի
դեկան Հայկ Սարգսյանի` Հայաստանում տնտեսագետների ավելցուկ կա

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող մասնագիտացումներով սովորող ուսանողների ընդհանուր թիվը շուրջ 8,48 հազար է: Ըստ նույն աղբյուրի ՏՀՏ ոլորտին առնչվող մասնագիտացումներով սովորող ուսանողների ընդհանուր թիվը կազմում է հայաստանյան բուհերում սովորողների 9,9%-ը:

Ինչ վերաբերում է այսօր մեծ պահանջարկ վայելող տնտեսագիտությանն ու կառավարմանը, այդ մասնագիտացմամբ սովորող ուսանողներն էլ հայաստանյան բուհերում սովորողների գրեթե 19%-ն են կազմում:

Ըստ վերջին տվյալների՝ բուհերում սովորում է շուրջ 85,9 հազար ուսանող:
Թեմայի շուրջ «Առավոտի» հետ զրույցում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց. «Եթե վերցնենք մասնագիտությունների ցանկը, իսկ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ մասնագիտություններ կան, ապա կարելի է ասել, որ ուսանողությունը կարծես թե սկսում է մասնագիտություն ընտրել՝ ելնելով շուկայի պահանջներից: Ինձ ուրախացնում է այն, որ ուսանողների 10%-ը ընտրել է հենց IT ոլորտը, որովհետեւ պաշտոնական վիճակագրական տվյալներով՝ Հայաստանում մոտ 3000 ծրագրավորողի, IT ոլորտում աշխատողի պահանջարկ կա: Բնական է, որ, ընտրելով տվյալ ոլորտի մասնագիտությունը, հետագայում նրանք կունենան բարձր վարձատրվող աշխատանք: Սա նաեւ մեր մյուս շրջանավարտներին կօգնի հասկանալ, որ միայն իրավաբանություն ու տնտեսագիտություն ընտրելով` կյանքը չի վերջանում, եւ կան մասնագիտություններ, որոնք ավելի մեծ պահանջարկ ունեն, եւ կարեւորը` մասնագիտություն ընտրելիս պետք է մտածել հետագայում աշխատաշուկայում լավ աշխատանք գտնելու մասին»:

Երեւանի պետական համալսարանի Տնտեսագիտության եւ կառավարման ֆա
կուլտետի դեկան Հայկ Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ խնդիրը չպետք է միանշանակ դիտարկել, նաեւ փաստեց, որ այսօր շատ երկրներում են պատրաստում տնտեսագետներ, իրավաբաններ, բժիշկներ: «Եթե դիմորդների 1/5-ը գնում է տնտեսագիտություն եւ կառավարում, ուրեմն շարժառիթները հետեւյալն են՝ նախ, որ վաղը աշխատաշուկայում ավելի դյուրին կլինի իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնելը: Սա է առաջինը, մյուսը բարձր վարձատրությունն է բանկային համակարգում, միջազգային կազմակերպություններում եւ այլն: Դիմորդի տեսանկյունից կարելի է արդարացված համարել նման նախընտրությունը, մյուս կողմից էլ` պետք է այդ պահանջարկը իրատեսական լինի երկարաժամկետության առումով, մասնագետ չեն դառնում 4-6 տարի հետո՝ կրթությունը շարունակական է: Հետագայում էլ պետք է կարողանալ աշխատաշուկայում մնալ:

Այս տեսակետից պետք է շատ նուրբ կանխատեսումներ անել, որովհետեւ պետպատվերը պետք է հիմնավորված լինի: Անձամբ ես կարծում եմ, որ գյուղատնտեսի ու այլ մասնագետների կարիք ավելի շատ կա, քան տնտեսագետի: Այնպես որ` խնդիրը հակիրճ ձեւակերպենք այսպես. պետք է լուրջ կանխատեսումներ կատարվեն մասնագետների պատրաստման հարցով, եւ այդ կանխատեսումներն ընկած լինեն պետպատվերի ձեւավորման հիմքում: Թե չէ` այսօր ով չի ալարում, շահի հետեւից ընկած` փորձում է տնտեսագետ պատրաստել: Պետական բուհերի գրեթե կեսից ավելին տնտեսագետ է պատրաստում, եւ սա այն դեպքում, երբ ունենք մասնագիտացված երկրորդ բուհը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Իսկ Երեւանի պետական համալսարանը ի սկզբանե պատրաստել է եւ շարունակելու է պատրաստել տնտեսագետներ: Մնացած բուհերն են սկսել «արտադրել» տնտեսագետներ եւ հարակից մասնագետներ՝ Ագրարային համալսարանը, Ճարտարապետաշինարարականը… Գուցե Բրյուսովում դեռ չեն փորձել, բայց վաղը կսկսեն տնտեսագետ-թարգմանիչներ պատրաստել: Իմ խորին համոզմամբ` խնդիրը այս իմաստով լուրջ կանոնակարգման անհրաժեշտություն ունի»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031