Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի երիտասարդ ըմբիշները պատրաստվում են մեկնել աշխարհի առաջնության

Հուլիս 30,2015 13:30

Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտերի
երիտասարդական հավաքականները նախապատրաստվում են օգոստոսի
10-16-ը Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում անցկացվելիք
աշխարհի երիտասարդական առաջնությանը:

Ազատ ոճայինների հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ մրցավայր մեկնող ըմբիշները մարզվում են Աբովյան քաղաքում: «Տղաներն իրենց լավ են զգում ու մարզվում են ծանրաբեռնվածությամբ: Մինչեւ առաջնության մեկնարկը շուրջ երկու շաբաթ կա, եւ մարզումները կազմակերպում ենք այնպես, որպեսզի ըմբիշները լավագույն մարզավիճակի հասնեն մրցելույթների օրերին՝ օգոստոսի 15-16-ին: Բրազիլիա մեկնելու ենք այն հաշվարկով, որպեսզի տղաները հարմարվեն ժամային գոտու փոփոխությանը, այնտեղի կլիմային եւ վերջին հավաքի մարզումներն անցկացնեն մրցավայրում: Սա շատ կարեւոր հանգամանք է»,- ասաց ավագ մարզիչը եւ հրապարակեց հավաքական ընդգրկված ըմբիշների անունները. 50 կգ՝ Ռազմիկ Միսակյան, 55 կգ՝ Նարեկ Հովհաննիսյան, 60 կգ՝ Գագիկ Ակուլյան, 66 կգ՝ Գեւորգ Մխեյան, 74 կգ՝ Սուրեն Խաչատրյան, 84 կգ՝ Սարգիս Հովսեփյան:

Ավետիք Վարդանյանը, ինչպես սովորաբար վարվում են բոլոր մարզիչները, ձեռնպահ մնաց անպայման մեդալներ խոստանալու գայթակղությունից, բայց ընդգծեց, որ հավաքականում տեղ են գտել միայն այս պահի դրությամբ լավագույնները: «Մենք Բրազիլիա մեկնում ենք, բնականաբար, հաղթելու, հնարավորինս լավ մրցելույթներ ունենալու նպատակով: Այլապես այդքան երկար ճանապարհ չէինք կտրի-անցնի: Մեր վեց տղաներն էլ իրենց կարողություններով ի վիճակի են կատարել մարզիչների առաջադրանքները: Բայց սպորտը մնում է սպորտ, ու միայն մրցագորգը կտա բոլոր հարցերի պատասխանները»,- ասաց նա: Հարցին` Բրազիլիա մեկնողներից ովքե՞ր են վերջերս հանդես եկել Ստամբուլում անցկացված Եվրոպայի առաջնությունում, Ավետիք Վարդանյանը նշեց երեքի անունը. Ռազմիկ Միսակյան, որը նվաճել է արծաթե մեդալ, Սուրեն Խաչատրյան՝ հինգերորդ տեղ, եւ Սարգիս Հովսեփյան:

Սալվադոր դա Բայայում առաջինը պայքարն սկսելու են հունահռոմեական ըմբիշները: Ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը նույնպես վստահել է վեց ըմբիշի: Նրանք են. 50 կգ՝ Նորայր Հախոյան, 55 կգ՝ Սլավիկ Գալստյան, 60 կգ՝ Տարոն Դումոյան, 66 կգ՝ Կարեն Ասլանյան, 74 կգ՝ Արմեն Հակոբյան եւ 130 կգ՝ Էդգար Խաչատրյան: Ի տարբերություն ազատ ոճայինների` այս բոլոր ըմբիշները մասնակցել են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, բայց նրանցից ոչ ոք պատվո պատվանդանին չի բարձրացել: Սա հազվադեպ երեւույթ է մեր հունահռոմեականների համար: Ըստ ամենայնի` թե մարզիչ Արմեն Բաբալարյանը, թե մարզիկները տրամադրվել են աշխարհի առաջնությունում լրացնել այդ սպիտակ էջը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031