Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի ասածը` Սուրիկ Խաչատրյանի համար հե՞չ

Հուլիս 29,2015 19:50

«Հանրապետական լինելը պատասխանատվություն է»,- 2012 թվականի մարտի 10-ին կայացած ՀՀԿ-ի համագումարում հայտարարեց ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն, ավելի ուշ, նաեւ հստակեցնելով`«յուրաքանչյուր հանրապետական պատասխանատու է նաեւ իր մերձավորների արարքների համար»: Նկատի ունենալով երկրի եւ իշխող քաղաքական ուժի ղեկավարի այս հայտարարությունները, Aravot.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց` ի կատարումն նախագահի պատվիրանների` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ի՞նչ կերպ պիտի պատասխանատվություն կրի իր որդու արարքների համար:

«Կարծում եմ, եթե օրենքը գործի իր ամբողջ ուժով, կլինի Սուրիկ Խաչատրյանի եւ իր որդու, թե մեկ այլ պաշտոնյայի գործով, սա պատասխանատվություն է եւ արտոնյալ վիճակից զրկվելու հնարավորություն: Այսինքն, ես իմ երեխաների ու թոռների արարքների համար պատասխանատու եմ այնքանով, որ նրանց նկատմամբ օրենքը պիտի լիարժեք գործի, բայց ինձ, երեւի, կառափնարան պետք չէ տանել, ասենք նրա համար, որ իմ հարազատներից կամ մերձավորներից մեկն իրեն ճիշտ չի պահել ու դրա համար պիտի օրենքով արժանի իր պատիժը ստանա»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Դիտարկմանն էլ` կառափնարան չէ, բայց միգուցե արժե՞ թողնել զբաղեցրած պաշտոնը` հակադարձեց. «Դա ինքը պիտի որոշի: Կարծում եմ, իր քաղաքական եւ մարդկային կերպին հարիր որոշում պիտի ինքն ընդունի: Յուրաքանչյուր ոք, նախեւառաջ պատասխանատու է իր, իր ընտանիքի, իր համայնքի առջեւ, որտեղ ապրում է ու նաեւ այն գաղափարախոսական կառույցի, որին անդամագրված է, տվյալ դեպքում կուսակցության, առջեւ»:

Նկատեցինք, որ Սուրիկ Խաչատրյանի, նրա հարազատների եւ մերձավորների անուններն արդեն տարիներ շարունակ են շրջանառվում մամուլում` տարբեր անօրինականությունների ու բռնությունների թեմաներով:

Մկրտիչ Մինասյանն ասաց`հասկանում է, թու ո՞ւր ենք շեղում խոսակցությունը եւ հավելեց, որ այնուհանդերձ, դրանք բոլորը մամուլի հրապարակումներ են ու ինքն իրեն թույլ չի տա դատարանի ֆունկցիա կատարել` արհամարհելով անմեղության կանխավարկածը. «Կարծում եմ, դատական իշխանությունները, քննչական մարմինները, նրանք, ովքեր ՀՀ քաղաքացու հաշվին աշխատավարձ են ստանում եւ գործունեություն են ծավալում, պարտավոր են իրենց գործունեությունը լիարժեքորեն կատարել: Եթե կկատարեն ու կպարզվի, որ ինչ-որ մեկը, այդ թվում նաեւ Սուրիկ Խաչատրյանը, բաներ է արել, որոնք քրեորեն հետապնդելի են կամ անհարիր են ղեկավար պաշտոն զբաղեցնելու հետ, այլ հարց: Բայց, քանի որ նման փաստաթուղթ չկա…Ամեն ինչ պիտի օրենքի սահմաններում արվի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Այդ անձը երդվելով, հրապարակավ հայտարարեց որ լամուկն այնտեղ չի գտնվել ու հանցագործություն չի կատարել: Հետաքննությունը պարզել է արդեն, որ նա այնտեղ եղել է, եւ ծանր վնասվացքն էլ ինքն է հասցրել: Այսպիսով առկա է լպիրշ ստախոսության ակնհայտ փաստը՝ միտված հանցագործ արյունակցի պաշտպանությանը: Սակայն, ըստ ամենայնի՝ հայոց մեծավորների համար նման վարքը իրերի բնական կարգին է դասվում, ուստի ով եւ ինչու պիտի նրա հրաժարականը պահանջի?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031