Լրահոս
Օրվա լրահոսը

«Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովը շարունակում է աշխատանքները

Հուլիս 29,2015 18:40

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում աշխատանքներն է շարունակում  ՀՀ սփյուռքի նախարարության և  ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ իրականացվող «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովը:

Առաջին նիստը վարում էր սիրիահայ լեզվաբան, մանկավարժ, դասագրքերի հեղինակ, ԵՊՀ դասախոս Հակոբ Չոլաքյանը: Նա հանդես եկավ նաև «Գրական հայերէնի երկու ճիւղերու մերձեցման խնդիրները Սփիւռքահայ դպրոցի համապատասխան փորձի լոյսին տակ» զեկուցումով: Ներկայացնելով արևմտահայերենի դասավանդման հետ կապված խնդիրները Սփյուռքի հայկական դպրոցներում՝ նա հիմնավորեց բազմամշակույթ և բազմալեզու միջավայրերում ապրող և կրթվող հայ երեխաներին մայրենին արդյունավետ կերպով ուսուցանելու համար որոշակի հայեցակարգ և մեթոդներ մշակելու անհրաժեշտությունը:

Ավստրիայի գիտությունների ակադեմիայի գիտաշխատող Հրաչ Մարտիրոսյանը զեկուցեց «Խոհեր արդի հայերենի խնդիրների շուրջ» թեմայով: Նա անդրադարձավ այն հարցին, թե արդյոք ազգային միասնության հարցում էական դեր ունեն հայերենի երկու գրական ճյուղերի քերականական և ուղղագրական տարբերությունները, «Հարություն» ֆիլմի օրինակով ներկայացրեց անհարկի նորաբանությունների և փոխառությունների հետ կապված խնդիրները :

Բանավոր խոսքում արևմտահայերենի և արևելահայերենի զուգորդումների վերաբերյալ  զեկուցումով հանդես եկավ ԵՊԼՀ դասախոս Սուսաննա Աբազյանը:

ԱՄԷ Շարժայի Օհաննէսեան վարժարանի ուսուցչուհի Հեղնար Կազանջյանը ևս անդրադարձավ արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներին՝ ներկայացնելով դասավանդման ընթացքում իր կուտակած փորձը:

Քննարկվող խնդիրների վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:

 

Համաժողովի երկրորդ նիստը վարեցին ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը և Փարիզի Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, արևմտահայերենի դասագրքերի հեղինակ Հիլդա Փանոսեան-Գալֆայեանը:

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ Վազգեն Համբարձումյանն անդրադարձավ գրական արևելահայերենի և արևմտահայերենի տերմինաբանության միասնականացման հարցերին:

Համազգային հայ կրթական մշակութային միության «Բագին» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Յակոբ Պալեանը առաջադրեց լեզվի երկու ճյուղերի մերձեցմանը նպաստող որոշակի քայլեր և ներկայացրեց առաջարկություններ:

«Մեսրոպեան ուխտ» լեզվապահպանական միության նախագահ Նշան Որբերեանը (ԱՄՆ) ներկայացրեց  հայերենի երկու գրական լեզվաճյուղերի առնչության խնդիրները և առաջարկեց  ստեղծել համահայկական տերմինաբանական կոմիտե, քննարկել և ի մի բերել ուղղագրության միասնականացման խնդիրները:

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Նայիրի Մկրտիչեանը ներկայացրեց արևլահայերենի և արևմտահայերենի մերձեցման իր տեսլականն ու լուծման ուղիները: Նա  հանգամանալից անդրադարձավ Սփյուռքի տարբեր համայնքներում օտար լեզուների ազդեցությամբ արևմտահայերենի կրած հնչյունաբանական, քերականական և լեզվամտածողության փոփոխություններին ու ձևախեղումներին, օտարաբանություններին: Նա խոսեց նաև արևմտահայերենով հրապարակվող սփյուռքյան  լրատվամիջոցների լեզվական խնդիրների, Հայաստանում արևմտահայերենի ներկայացվածության ու ուսուցման հարցերի մասին: Ն. Մկրտչյանը առաջարկեց Հայաստանում ստեղծել արևմտահայերենով գործող դպրոցներ,  Սփյուռքում ստեղծել  լեզվի տեսչությանը համարժեք կառույց, որը փորձի նորմավորել լրատվամիջոցների լեզուն և աշխատանքներ կիրականացնի տարբեր համայնքներում արևմտահայերենի կանոնարկման, տարբերությունների նույնականացման ուղղությամբ:

Հայոց լեզվի երկու ճյուղերի ուղղագրության խնդիրների վերաբերյալ զեկուցեցին  ԵՊՀ  դասախոս, պրոֆ. Լևոն Եզեկյանը և ԵՊՄՀ դասախոս դոց. Դավիթ Գյուրջինյանը:

Փարիզի «Նոր Յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքեանը հանդես եկավ «Հայերէնը ֆրանսերէնի շուքին ներքո» թեմայով զեկուցումով՝ անդրադառնալով տարբեր երկրներում այլ լեզուների հետ հայերենի գոյակցության  խնդիրներին:

Զեկուցումներով հանդես եկան նաև ԵՊՄՀ «Սփյուռք» գիտակրթական կենտրոնի ղեկավար Սուրեն Դանիելյանը, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Հիլդա Փանոսեան-Գալֆայեանը, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի ասպիրանտ Ռիմա Համբարձումյանը, ԵՊԲՀ-ի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը, Արցախի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի դասախոս Լուսինե Մարգարյանը :

Վերջում տեղի ունեցավ քննարկում և մտքերի փոխանակություն եղան նոր առաջարկություններ:

Համաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև հուլիսի 30-ին:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031