Բանակում խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը հանդիպել է ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Տիկին Ղազարյանը նախարարին հիշեցրել է, որ իր որդու մահվան օրը նա նույնպես եղել է Ղարաբաղում. «Ասացի՝ պարոն Օհանյան, դուք որ ասում էիք, ձեր տղայի գլխի մեջ ուռուցք է առաջացել, առ այսօր այդ ուռուցքը ցույց չտվեցիք: Բոլոր փաստերն ունեմ, որ իմ երեխուն սպանել են, ու դուք այդ օրը եղել եք Ղարաբաղում: Սկզբում ասաց՝ հնարավոր չէ, ես էլ ասացի, բա որ հնարավոր չէ, ինչու էր տղայիս հետ նույն զորամասում ծառայող Գրիգոր Արսենյանը, որը հետո ոստիկանական համակարգում էր աշխատանքի անցել, ամուսնուս պատմել, որ տղայիս սպանել են»:
Իրինա Ղազարյանի խոսքով, հետագայում իր որդու համածառայակցին՝ Գրիգոր Արսենյանին, սպառնացել են ճշմարտությունը պատմելու համար ու նրան հեռացրել Հայաստանից. «Հանրապետությունից հանել, տարել են ուրիշ տեղ, որ ապրի: Իրեն էլ վախեցրել են՝ ասելով՝ ով էր քո լեզվից քաշում, որ նման տեղեկություն տայիր: Եթե հանկարծ մի ավելորդ բան խոսես, հաջորդը կլինի քո ընտանիքը: Եթե իմ երեխեն հիվանդ է եղել, անմեղ ոստիկանին ինչո՞ւ են պատժում, ասում՝ ավելորդ բան մի խոսիր»:
Նախարարը ուշադիր լսել է որդեկորույս ծնողին, ապա հանձնարարել նամակով դիմել գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ Արթուր Ղազարյանի մահվան գործը վերանայելու համար.
Կարդացեք նաև
«Այդ պատասխանը ժամկետ ունի, եթե ժամկետում դրական պատասխանը չստացա, էլի գնալու եմ նախարարություն, այս անգամ, որ գնացի, ձեռքիցս ոչ ոք չի պրծնի»:
Իրինա Ղազարյանը նաեւ հիշեցրել է նախարարին, որ իրեն ավելի վաղ որդեկորույս մայրերով խնդրել էին միջնորդել ՀՀ նախագահի հետ հանդիպում: Նախարարն ասել է, որ ինքն այդ մասին Սերժ Սարգսյանին ասել էր ու չգիտի՝ ինչու նախագահը հանդիպում չի նախաձեռնել: Սեյրան Օհանյանը խոստացել է՝ նախագահին կրկին հիշեցնել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ