«Մեղադրանքը բացարձակապես որեւէ հիմք չունի»,- հուլիսի 29-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Արա Բուդաղյանին առաջադրված մեղադրանքին, ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
Նա նշեց, որ Արա Բուդաղյանի եւ Վիտալի Մինասյանի խոսակցությունների մեջ չկա որեւէ մի բառ, որից կարելի է ենթադրել, թե նման կասկածանքի տեղ կա. «Չգիտեմ, թե ինչ առանձնահատուկ հոգեվիճակի մեջ են գտնվում այս հեռախոսային խոսակցությունները վերլուծողները»:
Փաստաբանը հրապարակեց այդ հեռախոսային խոսակցությունները՝ հատված իր վերաքննիչ բողոքից: Նա նշեց, որ Վիտալի Մինասյանը մոր 60-ամյակի կապակցությամբ Արա Բուդաղյանից 200 հազար դրամ է պարտքով վերցրել, մի մասը նա վերադարձրել է եւ զանգահարել է Արա Բուդաղյանին՝ տեղեկացնելու, որ մյուս մասը չի կարողանում վերադարձնել:
Փաստաբանի հրապարակած հեռախոսազրույցները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Հայկ Ալումյանի խոսքերով՝ հեռախոսազրույցներից երեւում է, որ Վիտալի Մինասյանը խնդրատու է. «Այս խոսակցություններից ինչ-որ մարդիկ եզրակացրել են, որ խոսքն այն մասին է, որ Արա Բուդաղյանը Վիտալիին փորձում է փող տա, այսինքն՝ այդ պատվերն է»,- ասաց Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ մայիսի 20-ին սպանության փորձ կատարելու կասկածանքով հուլիսի 3-ին ձերբակալվել են չորս քաղաքացիներ, որոնց թվում նաեւ Արա Էմիլի Բուդաղյանը: Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ