Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գայլերին սպանում են նաեւ բիզնես նպատակով (Տեսանյութ)

Հուլիս 29,2015 15:25

Կառավարությունը գայլերին կրակելու միջոցով սպանելու համար տարեկան մինչեւ 15 միլիոն դրամ է հատկացնում, յուրաքանչյուր խփված գայլի համար 120 հազար դրամ է տրամադրվում որսորդին, մինչդեռ բնապահպանները կարծում են, որ այսպիսի ծախսերն անարդյունավետ են:

Այսօր «Նոյան Տապան» մամուլի ակումբում կենդանաբան Սիլվա Ադամյանն ասաց, որ այդ գումարները ճիշտ կլինի ուղղել էլեկտրական հովիվներ ձեռք բերելուն: Այս էլեկտրական հովիվները գյուղացիների անասնագոմերի շուրջ են տեղադրվում, փոքր լարումով փշալարեր են, որոնք չեն սպանում գայլերին, մեկ անգամ հոսանքահարվելուց հետո գայլերը խուսափում են մոտենալ այդ գոմերին:

Տիկին Ադամյանի խոսքերով՝ իրենք մի քանի անգամ նամակով դիմել են բնապահպանության նախարարությանը եւ գայլերի դեմ պայքարի արդյունավետ առաջարկություններ ներկայացրել, որով եւ բնությանը վնաս չի հասցվի, եւ գումարները ճիշտ կծախսվեն, եւ գյուղացիների անասուններն էլ չեն խոշտանգվի գայլերի կողմից. «Ոչ մի պատասխան չենք ստացել»:

Ընդ որում, սպանված գայլերի համար կառավարությունը վճարում է, եթե այն թակարդով չէ սպանված, այլ հենց կրակելով: Այս առնչությամբ տիկին Ադամյանն ասաց, որ որսորդները միայն մորթիներն են բերում, եւ չի բացառվում, որ հենց թակարդով սպանված գայլ լինի:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Կարինե Փանոսյան էլ ասաց, որ պաշտոնական տվյալներ չկան, թե քանի գայլ կա, քանիսն են մնացել այդ սպանդի արդյունքում, որտեղ են շատ, որտեղ՝ քիչ, որտեղից կարելի է նրանց հարձակումը սպասել: Այսինքն, ըստ բանախոսների, պետք է մասնագետները քարտեզագրեն գայլերին, գուցե նրանց քանակն այնքան քիչ է, որ վերացման եզրին են:

Կարինե Փանոսյանն ասաց, որ եթե գայլերին վերացնում են գյուղացիների ընտանի կենդանիներին փրկելու համար, ապա գայլերի վերացմամբ շատ ավելի լուրջ խնդրի առաջ են կանգնելու՝ «Կրծողներ են շատանալու ու հարձակվելու են գյուղացիական տնտեսությունների վրա, ինչի արդյունքում ավելի լուրջ վնաս է հասցվելու»:

Aravot.am-ի այն հարցին՝ հնարավո՞ր է գայլերին այդ մեթոդով են սպանում բիզնես նպատակով, տիկին Ադամյանն ասաց. «Չի բացառվում, որովհետեւ էգ գայլի սեռական օրգանները, ժանիքը, թաթը, մարմնի այլ հատվածները շատ թանկարժեք են՝ մինչեւ 10 հազար դոլարով վաճառում են, դրանցից թալիսմաններ են պատրաստում ու վաճառում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Կարինե Փանոսյանն էլ ասաց, որ ինքը Գառնիի տաճարի մոտ հանդիպել է գայլի մորթի վաճառողի, հատը 400 դոլար էր: Երբ Փանոսյանը հետաքրքրվել էր՝ նրան պատասխանել էին, որ կառավարությունը թույլ է տվել, իրենք էլ խփել են. «Բայց եթե կառավարության թույլտվությամբ սպանած գայլ էր, ապա ի՞նչ գործ ուներ մորթին վաճառքում, երբ սպանված գայլի համար գումար ստանալու նպատակով դիմում են կենդանաբանության ինստիտուտ, մորթին պիտի թողնեն այնտեղ, հանձնեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031