Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյան. «Սահմանադրական փոփոխությունների նախագծի մի շարք դրույթներ պայթունավտանգ են»

Հուլիս 29,2015 14:56

Սահմանադրական փոփոխությունները պետական կառավարման համակարգում կառաջացնեն խորը ճգնաժամ և այն կունենա իր ծանր հետևանքները: Նման համոզմունք ունի «Սարգսյան իրավաբանական խումբ» իրավաբանական միավորման ղեկավար Տիգրան Սարգսյանը:

– Պարոն Սարգսյան, ի՞նչ է պետական կառավարման համակարգի ճգնաժամը և ինչպե՞ս այն կարող է դրսևորվել:

Պետական կառավարման համակարգի ճգնաժամը պետական ինստիտուտների՝ իրենց առաքելությանը հակառակ գործելն է: Այսօր էլ մենք այդ խնդիրը ունենք, իսկ սահմանադրական փոփոխությունների արդյունքում այն առավել կխորանա՝ թողնելով իր ծանր հետևանքները:

– Ի՞նչն է Ձեզ հիմք տալիս նման եզրակացության գալու համար:

– Սահմանադրական փոփոխությունների նախագծի մի շարք դրույթներ պայթունավտանգ են: Եկեք դիտարկենք պետության գլխի ինստիտուտը: Նախագծի համաձայն՝ ՀՀ նախագահը մարմնավորում է ազգային միասնությունը: Յուրաքանչյուրս լավ գիտակցում է, որ ազգային միասնություն մարմնավորելու համար անձը պետք է ընտրվի ազգի կողմից՝ ձայների ճնշող մեծամասնությամբ: Հակառակ սրան, նախագիծը սահմանում է, որ ՀՀ նախագահը կընտրվի ընտրիչների ժողովի կողմից, իսկ ընտրիչների ժողովը բաղկացած է լինելու Ազգային ժողովի պատգամավորներից և նրանց թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված անձանցից: Սա լուրջ խնդիր է: Պետական կարևորագույն ինստիտուտի հեղինակազրկման վտանգն առկա է:

Եկեք խնդիրը դիտարկենք իրականության մեջ: Պատկերացնու՞մ եք այսօրվա մեր գործող Ազգային ժողովը ընտրի անձի, որը կարողանա մարմնավորել ազգային միասնությունը: Նախագահի թեկնածուն նույնիսկ կարող է նախընտրական ծրագիր էլ չներկայացնել հասարակությանը, խոստումներով նույնիսկ իրեն չծանրաբեռնել: Ապագա ՀՀ նախագահը մոտավորապես կընտրվի այնպես, ինչպես հիմա նշանակվում է ՀՀ գլխավոր դատախազը: Նման պայմաններում մենք բովանդակային առումով չենք ունենա պետության գլուխ: Սա արդեն բավարար պայման է պետական կառավարման համակարգում լուրջ ճգնաժամ ունենալու համար:

– Պարոն Սարգսյան, ինդիրը միայն պետության գլխի ինստիտուտի մեջ է:

– Նախագծի ամեն բաժին խնդրահարույց է: Անցնենք պառլամենտին: Նախագծով կուսակցությունների մուտքը պառլամենտ փակվում է: Հոդված 86-ի համաձայն՝ եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները: Արդյունքում, մենք կունենանք երկկուսակցական համակարգ: Ընտրությունների առաջին փուլում չի ձևավորի խորհրդարանական մեծամասնական կայուն համակարգը, իսկ երկրորդ փուլում կքվեարկվեն երկու կուսակցությունները, որոնք էլ կգրավեն ողջ խորհրդարանը: Հնարավոր է, որ նրանցից մեկը տիրի խորհրդարանի 95 տոկոսին, մյուսը՝ ընդամենը 5 տոկոսին: Սա դեպի միակուսակցական համակարգ տանող ճանապարհ է:

Միակուսակցական կառավարման համակարգից արդեն վաղուց քաղաքակիրթ աշխարհը հրաժարվել է:

– Պարոն Սարգսյան, կարո՞ղ ենք ասել, որ ունենալու ենք պառլամենտական «բռնապետություն»: Երբեմն կես լուրջ, կես կատակ նման ձև են բնութագրում նաև Մեծ Բրիտանիայի կառավարման համակարգը:

– Կառավարման խորհրդարանական համակարգ ունենալուց առաջ անհրաժեշտ է ունենալ պառլամենտական հարուստ մշակույթ, ինչը առկա է Մեծ Բրիտանիայում:

Սահմանադրական նորմերը պետք է դիտարկել իրականության մեջ: Իրականում, Ազգային ժողովը իր որակներով շատ հեռու է պետական կառավարում իրականացնելու հնարավորություն ունենալուց: Պառլամենտական վերահսկողական սահմանադրական մեխանիզմները չեն կարող կենսագործվել Ազգային ժողովում պատգամավոր չունենալու պատճառով. եղած պատգամավորները չեն կարող պատգամավոր համարվել: Արդյունքում, մենք կարող ենք ունենալ սուպեր վարչապետական կառավարման կարգ, որը աննախադեպ կլինի աշխարհում իր բացասական հետևանքներով: Ձեր ասած պառլամենտական «բռնապետությունը» մեզ չի սպառնում, դրա փոխարեն կունենանք վարչապետական «բռնապետություն»:

– Ի՞նչ կասեք կառավարության կարգավիճակի մասին:

– Սահմանադրության նախագծի 158-րդ հոդվածի համաձայն՝ պետական կառավարման համակարգը բաղկացած է նախարարություններից, կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմիններից:

Փաստորեն, պառլամենտը, դատական ինստիտուտները, դատախազությունը, անկախ հանձնաժողովները կամ պետական կառավարման համակարգի մեջ չեն մտնում, կամ էլ նախարարությունների ենթակայության տակ են:

Սահմանադրական փոփոխությունների նախագծի 158-րդ հոդվածը ամբողջությամբ բնութագրում է պետական կառավարման ապագա մոդելի էությունը: Այն կլինի ոչ թե պառլամենտական, այլ սուպեր վարչապետական:

– Ի՞նչ եք կարծում, որն է սահմանադրական փոփոխությունների նպատակը:

– Իշխանության բնույթն այնպիսին է, որ այն անընդհատ ձգտում է տարածվել, սա հատուկ է ցանկացած հասարակությունում ցանկացած իշխանության: Սահմանադրական փոփոխություններով կարող են փոխվել իշխանության սահմանները, այսինքն՝ այն կարող է առավել տարածվել՝ սահմանափակելով մարդու ազատությունները և իրավունքները, կամ հակառակը՝ պետական իշխանությունը կարող է սահմանափակվել՝ հօգուտ մարդու իրավունքների ու ազատությունների ընդլայնման:

Եթե սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը գալիս է պետական իշխանությունը կրողներից, ապա, վստահ եղեք, այն հետապնդում է մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման հաշվին պետական իշխանությունը ընդարձակելու նպատակ: Եվ հակառակը, հասարակական պահանջով սահմանադրական փոփոխությունները միտված են լինում մարդու և քաղաքացու իրավունքների ընդլայնմանը:

Նման պայմաններում լավագույն տարբերակը հասարակության կողմից ինքնակազմակերպվելն ու սահմանադրական փոփոխությունների սեփական նախագիծը ներկայացնելն է: Այս գործում շատ կարևոր է անկախ իրավագետների ու լրագրողների աջակցությունը:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031