Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սոֆյա Հովսեփյան. «Ոչ թալանինն» ուղուց չի շեղվել»

Հուլիս 29,2015 13:45

«Ոչ թալանին» նախաձեռնությունը ստեղծված է ոչ թե միայն էլեկտրաէներգիայի հարցի բարձրացման, այլ ընդհանրապես, թալանի վերացման դեմ: Տարբեր ոլորտներին, «Ոչ թալանին» նախաձեռնությունն այսպես, թե այնպես կանդրադառնա: Հարցն այն է, որ մեր երկրում հերթական անգամ ապացուցվում է, որ միեւնույն ժամանակ են խնդիրներ առաջացվում, որպեսզի ուշադրություն շեղեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգողներից Սոֆյա Հովսեփյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք իրենք ավարտված են համարում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը՝ պատրաստվելով նոր փուլի՝ Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարի: Համենայնդեպս, նախաձեռնության քայլերից նման տպավորություն է ստեղծվում եւ մամուլում էլ հրապարակումներ եղան: Մասնավորաբար, «Ժողովուրդ» թերթը գրել էր. «Հանրապետության հրապարակում «Ոտքի, Հայաստան»-ի սկսած նստացույցի եւ հետագա ակտիվ գործողությունների թիվ մեկ թիրախը հենց էլէներգիայի թանկացման որոշման չեղարկումն է, իսկ, ահա, «Ոչ թալանին»-ի անդամներից ընդամենը 1-2 էին երեկ Հանրապետության հրապարակում։ Պարզվում է՝ նրանք պատրաստվում են Ազատության հրապարակում սեփական հավաքը նախաձեռնել հուլիսի 31-ին, սակայն ոչ թե էլէներգիայի թանկացման, այլ արդեն Սահմանադրության փոփոխությունների դեմ»:

Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ «Ոչ թալանին»-ի գործունեությունը բացարձակապես չի շեղվել. «Էլեկտրաէներգիայի հարցը, մեր երեք կետանոց պահանջները մնում են արդի: Վերլուծությունները եւ նամակները, որոնք ուղարկվել էին, ամենօրյա ստուգումների եւ հետեւողականության ընթացքում են: Մենք արդեն մասամբ ստացել ենք նամակների պատասխանները եւ այսօր կամ վաղը, հավանաբար, կհրապարակենք: Այսինքն, ոչ մի ձեւով շեղում չի եղել: Իսկ այն, որ կա նաեւ արդի խնդիր՝ Սահմանադրական բարեփոխումները ու սրա կողքից, որպես ՀՀ քաղաքացի, որպես նախաձեռնություն, անտարբեր անցնելն ամենեւին ճիշտ չի լինի: Որովհետեւ, այստեղ նույնպես, եթե ոչ «ֆինանսական ուղիղ թալան», ապա անուղղակիորեն ինքը բուն թալաններից մեկն է դառնում»:

Ի դեպ, նախաձեռնության երեք հարցերից մեկին է միայն կառավարությունը պատասխան տրվել՝ որտեղի՞ց եւ ի՞նչ գումարներով պետք է լինի աուդիտը: Մյուս երկու հարցերը, այդ թվում նաեւ էլեկտրաէներգիայի թանկացած գնի փոխհատուցման, պատասխանել են, որ դեռ պարզ չէ: «Ոչ թալանինն» այս առիթով էլ է պատասխան նամակ պատրաստում:

Հստակեցնող հարցին՝ Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարի ակցիաների շարքի է՞լ սպասենք, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իհարկե: Այս պահին ես չեմ կարող ասել՝ ի՞նչ կլինի, ինչպե՞ս կլինի, որովհետեւ, իրականում, հանրապետության բոլոր խավերի համար, այդ թվում նաեւ մեզ համար, ովքեր մասնագետներ չեն, լսում ենք, որ շատ վատ է: Այո, սահմանադրական բարեփոխում կոչվածը շատ վատ բան է եւ մեկ-երկու դրույթ վերլուծված-բարձրաձայնված է: Բայց իրականում ամբողջական սահմանադրական բարեփոխում կոչվածն իրենից ի՞նչ է ներկայացնում՝ ոչ մենք կարող ենք այս պահին ասել, ոչ էլ որեւէ մեկը: Բարեփոխումն այսօր մասնակի է հրապարակված ու սրա մասին ինչ-որ դիրքորոշում հայտնել, գնահատական տալ կամ ինչ-որ բան, մեր կողմից կլինի ամենամեծ սխալը: Մենք չգիտենք՝ դեռ ի՞նչ է սպասվում եւ ի՞նչ է սպասվելու: Ու եթե խոսենք քայլերի մասին՝ դարձյալ անհեթեթություն կլինի, որովհետեւ եթե չգիտես ի՞նչ է լինելու, դա կլինի օդում փուչիկ պայթեցնել»:

Երեք օրից օգոստոսի 1-ն է. իշխանության քայլերում հստակություն չկա, իսկ ի՞նչ քայլեր է նախատեսում «Ոչ թալանինը»՝ մեր հարցին, Սոֆյա Հովսեփյանն ասաց, քննարկված քայլեր կան, բայց իրենց քայլերի հաջորդականությունը կախված է լինելու իշխանության քայլերից. «Որքան գրագետ քայլեցին, այդքան գրագետ պատասխան կստանան: Որքան անգրագետ ու ոչ օբյեկտիվ, անօրինական մոտեցան հարցին, այնքան իրենք կտեսնեն քայլեր, իհարկե օրենքի մեջ՝ ի տարբերություն իրենց»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031