Հուլիսի 28-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնը հյուրընկալել էր Իտալիայից ժամանած զբոսաշրջիկների: Վերջիններիս այցելության նպատակն էր դիտել օրեր առաջ կենտրոնում կազմակերպված վիտրաժի ցուցահանդեսի նմուշները: Հյուրերը շատ տպավորված էին աշխատանքներով, հատկապես երբ տեղեկացան, որ երիտասարդները վիտրաժի հմտություններ ստացել են միայն երկու ամիս տևած անվճար դասընթացների ժամանակ:
Նկարները դիտելուց հետո իտալացի հյուրերը հետաքրքրվեցին ՀԵՀ մարզային երիտասարդական կենտրոնի աշխատանքներով, ծրագրերով՝ արված և ապագա։ Հյուրերը նշեցին, որ շատ նմանություններ կան իտալացիների և հայերի մեջ: Խոսվեց նաև նրանց՝ Հայաստան այցելության նպատակի մասին: Նրանցից շատերի այցելության նպատակը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, ինչպես նաև՝ որպես հնամյա պատմություն և մշակույթ ունեցող պետության և ժողովրդի հետ ծանոթանալու ցանկությունը:
Հյուրերը պատմեցին նաև Իտալիայում գործող երիտասարդական կազմակերպությունների մասին: Նշվեց, որ կազմակերպություններն ունեն ամենատարբեր ուղղվածություններ՝ բնապահպանական, սոցիալական, սպորտային, մշակութային և այլն: Կատարվեց կոնտակտային տվյալների փոխանակում իտալացի հյուրերից մեկի հետ, ով ցանկություն հայտնեց համագործակցել կենտրոնի հետ և փոխանցել ՀԵՀ մարզային կենտրոնի տվյալներն իրենց քաղաքում գործող երիտասարդական կազմակերպությանը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն