Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ներմուծողները սկսել են բենզին ներկրել ավելի բարձր գներով. «Հայոց աշխարհ»

Հուլիս 29,2015 11:17

Ինչպես հայտնի է, տարեսկզբի նվազումից հետո` շուրջ մեկ ամիս առաջ, բենզինի տարբեր տեսակներ ներքին շուկայում թանկացան լիտրի հաշվով 10 դրամով. «ռեգուլյար» տեսակի բենզինի գինը հաստատվեց 430, իսկ «պրեմիումինը»՝ 450 դրամի սահմաններում։
Բենզինի գների այս բարձրացումը տարօրինակ էր այնքանով, որ նույն ժամանակահատվածում միջազգային շուկայում նվազում են նավթի գները։ Դա էլ պատճառ դարձավ, որ հանձնաժողովը ուսումնասիրություն սկսի դրանց հիմնավորվածության վերաբերյալ։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բենզինի վերջին 10 դրամանոց թանկացումը ձեռքբերման գների փոփոխության հետեւանք է։ Ներմուծման ոլորտում գործող ընկերություններից ստացված տվյալները հիմք ընդունելով՝ հանձնաժողովը եզրակացրել է, որ մարտ-ապրիլ ամիսներից դրանք բարձրացել են։ Այլ կերպ ասած, ներմուծողները սկսել են բենզին ներկրել ավելի բարձր գներով։ Իսկ դա ազդել է ներքին շուկայի գնագոյացման վրա։

Ինչպես հայտնի է, վերջին երկու տարիներին Հայաստանը բենզինը ներկրում է հիմնականում Ռուսաստանից։ Ուստի դրանց ներքին գնային փոփոխություններն ավելի շուտ պայմանավորված են ոչ այնքան միջազգային, որքան ռուսական շուկայի դրսեւորումներով։ Ի տարբերություն նավթի գների անկման, ինչպես բազմաթիվ այլ երկրներում, այնպես էլ Ռուսաստանում բարձրանում են բենզինի գները։
Այդ երեւույթը ռուսական շուկայում ակտիվացավ հատկապես մայիս-հունիս ամիսներից։ Այն պայմանավորված էր հիմնականում ազգային արժույթի թուլացմամբ։ Վերջին երկու-երեք ամսվա ընթացքում ռուսական ռուբլին հասցրել է էժանանալ գրեթե 20 տոկոսով։ Մի բան, որ հանգեցրել է բենզինի տարբեր տեսակների ներքին մանրածախ գների որոշակի բարձրացման։ Խոսքը՝ 6-7 տոկոսով թանկացման մասին է։ Բայց դա քիչ կապ ունի Հայաստան ներմուծվող ռուսական բենզինի գների փոփոխության հետ։

Վառելանյութի ներմուծման ոլորտում գործող ընկերությունները վստահեցնում են, որ բենզինի ձեռքբերման գների վերջին բարձրացումը պայմանավորված է գլխավորապես սեզոնայնությամբ։ Այս շրջանը ամբողջ աշխարհում համարվում է ավտոմոբիլային սեզոն, ինչի հետեւանքով ավելանում է սպառումը։ Հայաստանի վառելանյութի շուկայում գործող խոշոր ներմուծող ընկերություններից մեկի՝ «Սի Փի Էս Օյլ Քորփորեյշն»-ի սեփականատերը համոզված է, որ որքան էլ այդ ժամանակահատվածում նավթը կարող է էժանանալ, պահանջարկի աճը հանգեցնում է բենզինի թանկացման։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031