Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է «Տերտերյանի ժամանակը» խորագրով փառատոնը (Տեսանյութ)

Հուլիս 29,2015 10:51

Այսօր՝ հուլիսի 29-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսը նվիրված էր Հայրավանքում՝ կոմպոզիտորի ստեղծագործական տանն անցկացվող «Տերտերյանի ժամանակը» խորագրով փառատոնին: Այն նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ի թիվս այլ միջոցառումների՝ փառատոնի շրջանակում նախատեսված է պատարագ եւ հոգեւոր երաժշտության համերգ Հայրավանքում, գրքերի շնորհանդեսներ, կինոծրագիր՝ «Ավետ Տերտերյանը եւ նրա երաժշտությունը կինոարվեստում» խորագրով, համերգային ծրագիր՝ քամանչահար Հակոբ Խալաթյանի, Սվերդլովի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի լարային քառյակի, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարեւորեց այս փառատոնը՝ ասելով, որ տերտերյանական փառատոնի գաղափարը վաղուց կար եւ ուրախալի է, որ այն հասարակական նախաձեռնությամբ է մեկնարկում. «Այսօր խոսում ենք մի լուրջ ավանդույթի ներդրման մասին»:

Նախարարն ասաց, որ իրեն բախտ է վիճակվել աշխատել Տերտերյանի հետ, երբ կոմպոզիտորը գլխավորում էր «Հայաստան-Ավստրիա» հասարակական կազմակերպությունը, բայց դա ոչ թե զուտ հասարակական կազմակերպությունն էր, այլ մի ամբողջ տիեզերք: Հասմիկ Պողոսյանի ձեւակերպմամբ, ժամանակն աշխատում է Տերտերյանի անվան օգտին:

Երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը շնորհակալություն հայտնեց Սանկտ Պետերբուրգում ծնված գաղափարը իրականացնելու համար. «Դա ամենամեծ նվերն էր, որ հայրիկս կարող էր ստանալ, ինքը երազում էր, որ այդ տանը լինի ոգու ուրախություն: Ես նկատել եմ, որ ժպիտը կորել է, ու կարծում եմ, որ այս փառատոնը ժպիտ կբերի Հայաստան»:

«Մեդիա կոնգրես» ժուռնալիստների միության նախագահ Աշոտ Ջազոյանը պատմեց, որ Ավետ Տերտերյանը վերջին ԽՍՀՄ ժողովրդական արտիստն է. Գորբաչովը ստորագրել է նրա կոչման հրամանը, հաջորդը պետք լիներ Ալլա Պուգաչովան, սակայն Գորբաչովը հրաժարական է տվել: Ջազոյանը Ավետ Տերտերյանի երաժշտությունը որակեց տիեզերական, ասաց, որ պատահական չէ, որ փառատոնը կրում է «Տերտերյանի ժամանակը» խորագիրը, քանի որ Տերտերյանի երաժշտությունը բոլոր ժամանակների համար է: Ջազոյանը հավելեց, որ վավերագրական ֆիլմեր նկարելիս ինքը միշտ օգտագործում է տերտերյանական երաժշտությունը:

«Մշակույթ եւ ապագա» մշակութային հիմնադրամի ղեկավար Կարեն Մկրտչյանը կարեւորեց տերտերյանական անկյան կենսագործունեությունը, ցանկացավ, որ մասնագետները զբաղվեն մասնավորապես Ավետ Տերտերյանի արխիվի ուսումնասիրությամբ: Նա ասաց, որ Ավետ Տերտերյանը հայոց ցավը համամարդկային է դարձրել եւ հենց դրանում է նրա ֆենոմենը:

Փառատոնի կազմակերպիչները հավելեցին, որ տերտերյանական միջոցառումները կշարունակվեն Մոսկվայում, Եկատերինբուրգում, հնարավոր է նաեւ Եվրոպայի քաղաքներում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031