Արդեն երկու օր է, ինչ «Ոտքի՛, Հայաստան» շարժումը ոստիկանության հետ, պատկերավոր ասած՝ «բռնոցի-պպզոցի» է խաղում Հանրապետության հրապարակում: Եվ այնպիսի տպավորություն է, որ ամբողջ հարցը հենց ոստիկանությունն է, ավելի ստույգ՝ ոստիկանների ներկայությունը:
Այսինքն՝ եթե ոստիկանները բոլորովին բանի տեղ չդնեին այդ 20-30 ակտիվիստներին, որոնք ցանկանում են Հանրապետության հրապարակի «գորգին» նստել, ապա այս ամբողջ, կներեք, ակցիան կարող էր ընդամենը երկու զարգացում ունենալ:
Առաջին՝ ակտիվիստները նստում են արեւի ուղիղ նշանառության ճառագայթների տակ եւ մեկ-երկու ժամ անց վերածվում «պասիվիստի»՝ համապատասխան արեւայրուքով: Այս տարբերակը, ճիշտն ասած, կարող է եւ որոշակի առողջական հետեւանքներ ունենալ: Ի վերջո, +40 եւ ավելի ջերմաստիճանի հետ չեն կատակում:
Ճիշտ է, Դավիթ Սանասարյանի եւ Անդրիաս Ղուկասյանի առաջնորդած փոքրաթիվ ակտիվիստները կարող էին նաեւ որոշակի «տեղական ֆոլկլոր» ընկալվել զբոսաշրջիկների համար՝ լուսանկարելու, լուսանկարվելու եւ նման այլ մղումներով:
Կարդացեք նաև
Երկրորդ, հավանական տարբերակն այն է, որ բազմապատիկ ավելի թվով զայրացած վարորդներ կսկսեն «կարգի հրավիրել» խցանում առաջացնողներին, ու չի բացառվում, որ վերջիններս արդեն իրենք դիմեն ոստիկանության օգնությանը:
Չմոռանանք հիշեցնել, որ այս շարժումը, որ հոսանքի թանկացման դեմ բողոքի ցույցերի ժամանակահատվածում ձեւավորվեց, հիմնականում ներառում է այն ակտիվիստների մի մասին, ովքեր իշխանությունների առաջարկած քայլերն անբավարար համարեցին ու որոշեցին, որ պետք է շարունակել Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հունիսի 22-23-ից սկսված նստացույցը: Ու շարունակեցին: Այնքան, որ այն վերածվեց սակավամարդ, նաեւ բովանդակազուրկ մի դրսեւորման:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում