Այսօր Ավետ Տերտերյանը կդառնար 86 տարեկան: Հանճարեղ կոմպոզիտորի երազանքը՝ Հայրավանքում իր առանձնատանն անցկացնել փառատոն, այսօր իրականություն կդառնա: Կմեկնարկի «Տերտերյանի ժամանակը» միջազգային փառատոնը: Կոմպոզիտորը եւ նրա տիկինը՝ երաժշտագետ Իրինա Տիգրանովա-Տերտերյանը, վաղուց ապրում են երկնային կյանքով: Ժամանակին, երբ խնդրեցինք տալ տերտերյանական սիմֆոնիաների հակիրճ բնութագրումը, տիկին Տիգրանովա-Տերտերյանը ասաց. «Ավետ Ռուբենիչի սիմֆոնիաները իրենց նորարարությամբ եւ հայկական հոգեւոր երաժշտության ինքնատիպ կիրառմամբ, ըստ էության, նոր խոսք են մեր կոմպոզիտորական արվեստում, համաշխարհային երաժշտության մեջ»:
Զրույցին ներկա երաժշտագետ Արաքսի Սարյանն էլ հավելեց. «Տերտերյանը սիմֆոնիաներում ներկայացնում է մակրո եւ միկրո կոսմոսների փոխհարաբերությունը, այսինքն՝ փոքր եւ մեծ աշխարհների՝ մեկը մյուսի հանդեպ ունեցած դիրքը, մասնավորապես՝ մարդուն՝ նրա զգայությունների հավերժի ճանապարհին: Իսկ եթե ուզում եք ճիշտն իմանալ, տերտերյանական երաժշտությունը 21, 22-րդ……մի խոսքով՝ գալիք դարերի համար է»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում՝ Ավետ Տերտերյանն ու Իրինա Տիգրանովան:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
29.07.2015