Այսօր երեկոյան ժամը տասից հետո Հանրապետության հրապարակը մարդաշատ էր: Չնայած որ հրապարակի մի հատվածում «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամների նստացույցը շարունակվում էր, երգող շատրվանների մոտ հավաքված բազմաթիվ մարդիկ անհաղորդ էին նախաձեռնության բողոքի ակցիային:
Aravot.am-ի հետ զրույցում խոսելով նստադուլի երկրորդ օրը տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության համակարգող Դավիթ Սանասարյանն ասաց, որ այսօր ոստիկանությունը փորձել է խախտել իր իրավունքը, այդ պատճառով անհնազանդություն է դրսեւորել. «Ոստիկանությունն արդեն սկսել է ուժ կիրառել, վերցնում, շպրտում են»,- ասաց նա՝ հիշեցնելով, թե ինչպես նրան եւ այլ ցուցարարների ոստիկանները թույլ չէին տալիս մոտենալ հրապարակի գորգին:
Անդրադառնալով մի քանի քայլ այն կողմ հավաքված մարդկանց, որոնց հետաքրքրում էր երգող շատրվանը եւ միանգամայն անտարբեր էին բողոքի ակցիայի նկատմամբ՝ Դավիթ Սանասարյանն ասաց. «Եթե մարդիկ փորձեին տարանջատել իրենց հանգիստն ու որտեղ պիտի հանգստանան ու ինչ քայլեր ձեռնարկեն, իրավիճակը փոխված կլիներ վաղուց, բայց մարդիկ ուզում են գան, տեսնեն, որ այստեղ երիտասարդներ կան հավաքված, պայքարում են, ասեն՝ ձեր ցավը տանեմ ու գնան իրենց տուն: Ծափահարություններ պետք չեն, չնայած դա իրենց իրավունքն է: Եթե ուզում են իրավիճակ փոխվի, իրենց հոգսերն այլ դառնան, դառնան զարգացում տանող հոգսեր, այս պահին, ոչ թե յոթ-ութ դրամի կռիվ պետք է լինի, այլ ավելի արժանապատիվ կյանքով ապրելու կռիվ, իրենց շահերը պետք է պահեն»:
Մեր դիտարկմանը, որ շատերը նշում են, թե բոլոր շարժումները պառակտվում են, մարում, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Դա արհեստական է, թող իրենք իրենց միանալով թույլ չտան, որ շարժումները պառակտվեն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ