Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնը փորձում է կանխել ԼՂ շփման գոտում ռազմական նոր էսկալացիայի Կրեմլի ծրագրերը

Հուլիս 29,2015 17:30

Մեր զրուցակիցն է 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:

– Պարոն Շահնազարյան, մարտին մեր թերթին տված հարցազրույցում կարծիք էիք հայտնել, որ ղարաբաղյան շփման գծում հնարավոր ռազմական գործողությունների բռնկման պատասխանատվությունը կրելու է ոչ միայն Բաքուն, այլեւ Մոսկվան: Տարածաշրջան այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այս այցը տարածաշրջանային ի՞նչ իրավիճակում տեղի ունեցավ, ռազմական գործողությունների բռնկման վտանգը դեռ պահպանվո՞ւմ է:

– Այն, որ շփման գծում հնարավոր է լարվածության նոր աճ, չէին բացառում նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները, միջազգային կառույցները, օտարերկրացի դիվանագետներն ու փորձագետները: Լուրջ մտավախություն կար, որ Ռուսաստանը եւ պուտինյան ռեժիմը, գտնվելով տնտեսական ու քաղաքական շարունակական աննախադեպ ու աճող միջազգային ճնշումների ներքո, ուկրաինական խնդրում հայտնվելով ցուգցվանգային վիճակում, կարող են Հարավային Կովկասում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում նոր ապակայունացում, բախումների նոր օջախներ ստեղծել:

Նման զարգացումներ հնարավոր էին եւ հիմա էլ են հնարավոր, քանի որ ակնհայտ է, որ օղակը Ռուսաստանի եւ Պուտինի ռեժիմի շուրջ անընդհատ սեղմվում է: Մենք ականատես դարձանք Ռուսաստանի կողմից Վրաստանի նկատմամբ «սողացող օկուպացիայի» նոր դրսեւորման: Վաշինգտոնն անհանգստացած է Ռուսաստանի ձգտումներով եւ խնդիր է դրել կասեցնել նոր ռազմական էսկալացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Պետք է արձանագրենք նաեւ, որ Ռուսաստանին այլ բան չմնաց, քան պաշտոնապես ընդունել, համենայնդեպս՝ ձեւ անել, թե ընդունում է Վաշինգտոնի առաջարկները` համագործակցություն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում եւ ռազմական գործողությունների նոր բռնկման բացառում:

– Եվ որո՞նք են Վաշինգտոնի քայլերը, որոնք փաստում են, որ ԱՄՆ-ը անհանգստացած է ու խնդիր է դրել կասեցնել ռազմական էսկալացիան ղարաբաղյան շփման գոտում:

– ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ջանքերով մտել է նոր՝ ավելի ակտիվ փուլ: Հարավային Կովկասում կայունությունը պահպանելու հարցում ԱՄՆ-ին հաջողվել է Ռուսաստանից համատեղ գործելու պաշտոնական համաձայնություն ստանալ` առաջարկելով ղարաբաղյան հարթակում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ համագործակցություն: Նշեմ մի շարք ուշագրավ իրադարձություններ:

Հուլիսի 7-ին Վաշինգտոնում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որտեղ արձանագրվեց Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը` որ ԱՄՆ-ը պատրաստ է ակտիվորեն աշխատել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Բայց այս հանդիպումից անմիջապես հետո Ռուսաստանը վերահաստատեց Հարավային Կովկասն ապակայունացնելու իր միտումները. հուլիսի 10-ին Ծիթելուբանի, Խուրվալեթի եւ Օրչոսանի գյուղերի մերձակայքում` Գորի-Թբիլիսի մայրուղու ուղղությամբ, ռուսական սահմանապահներն ու օսական իշխանությունները հերթական անգամ ընդլայնելով Վրաստանի օկուպացված տարածքները՝ նոր սահմանային նշակետեր տեղադրեցին, որոնք արդեն հասնում են Վրաստանով անցնող Բաքու-Սուփսա նավթամուղին: Ռուսաստանի կողմից այս «սողացող օկուպացիան» լուրջ ազդակ էր, որը նախանշում էր Հարավային Կովկասում նոր ապակայունացում հրահրելու ռուսական պատրաստակամությունը:

Կրեմլի այս քայլից անմիջապես հետո՝ հուլիսի 12-ին Ջեյմս Ուորլիքը շտապ ժամանեց Մոսկվա՝ այն դեպքում, երբ ընդամենը մի քանի օր առաջ էին համանախագահները հանդիպել Վաշինգտոնում: Մոսկվայում նա հանդիպեց ՌԴ փոխարտգործնախարար Կարասինին, այնուհետեւ ռուսաստանյան «Վեդոմոստի»-ին եւ «Դոժդ»-ին հարցազրույցներ տվեց: Սա ուշագրավ է, քանի որ համանախագահները սովորաբար եթե հարցազրույցներ են տալիս, ապա տարածաշրջանային այցերի ընթացքում՝ կամ Հայաստանում, կամ Ադրբեջանում: Պետք է փաստել, որ Ուորլիքի հարցազրույցը ծրագրային էր, եւ այն ուղղված էր Կրեմլին: ԱՄՆ-ը, ըստ էության, առաջարկել է Ռուսաստանին համագործակցություն ղարաբաղյան կարգավորման հարթակում, թեեւ այսօր ՌԴ-ն ու ԱՄՆ-ը, ըստ էության, գտնվում են սառը պատերազմի պայմաններում, եւ Միացյալ Նահանգներն այլ ուղղություններում մեծացնում է ճնշումը Ռուսաստանի նկատմամբ: Ուորլիքի` Մոսկվա այցով ու հարցազրույցով ակնհայտ դարձավ, որ Վաշինգտոնն արագ արձագանքում է Մոսկվայի` Վրաստանի նկատմամբ նոր «սողացող օկուպացիային» եւ ղարաբաղյան հակամարտության շփման գծում նոր ապակայունացում հրահրելու ծրագրերին:

Այնուհետեւ հուլիսի 14-ին կայացավ Իրանի եւ «վեցյակի» միջեւ պատմական համաձայնությունը Իրանի միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ, իսկ հուլիսի 15-ին Վաշինգտոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:
Հուլիսի 16-ին Վաշինգտոնի Բրուքինգս հաստատությունում Հարավային Կովկասին նվիրված հետազոտության շնորհանդեսը ներկայացնող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը, կարծես լրացնելով դեսպան Ուորլիքին, հայտարարում է` «ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել տարածաշրջանում հաղորդակցությունների զարգացմանը եւ տնտեսական կապերի զարգացմանը՝ բոլոր երկրների ներգրավման պայմանով: Հարավային Կովկասում այդ տեսլականի իրականացման համար, անշուշտ, անհրաժեշտ է, որպեսզի դրա իրագործմանը մասնակցեն տարածաշրջանի բոլոր երեք երկրները»: Սա լուրջ եւ հստակ դիրքորոշում է, որ Վաշինգտոնը հանդես է գալիս որպես Հայաստանի ապաշրջափակման կողմնակից: Է. Ռուբինը նաեւ արձանագրել է որպես ձեռքբերում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից տարածաշրջանում «համաձայնեցված քաղաքականության իրականացումը»:

Հուլիսի 17-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվա է կանչում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին ու հայտարարում, թե ժամանակն է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու ջանքերը, տեսանելի ապագայում հնարավոր է առաջընթաց ապահովել արդյունքների հասնելու համար: Նույն օրը Լավրովը հեռախոսազրույց է նախաձեռնում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

– ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հարցազրույցը բուռն քննարկումների առիթ դարձավ, նա ուժգին քննադատության արժանացավ Հայաստանում: Որո՞նք էին նրա հայտարարությունների հիմնական ուղերձները:

Ջեյմս Ուորլիքի ծրագրային հարցազրույցն ուղղված էր Ռուսաստանին, դրանում մի քանի առանցքային ուղերձներ կնշեի: Նախեւառաջ Ուորլիքը կարեւորեց հակամարտության կառավարումը՝ նպատակ դնելով բացառել ռազմական գործողությունների նոր բռնկումները:

Ուորլիքն ամբողջությամբ ջախջախել է Ադրբեջանի իշխանությունների այն թեզը, որ կարգավորումը նախեւառաջ ենթադրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձ՝ նշելով, որ դա համապարփակ կարգավորման մի մասն է, որը ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հետ: Ավելացնեմ, որ դեսպան Ուորլիքն օգտագործել է նաեւ «Լեռնային Ղարաբաղի անվտանգություն» ձեւակերպումը:

Ուորլիքի հարցազրույցը լուրջ խուճապ առաջացրեց Ադրբեջանի իշխանական վերնախավում: Ուորլիքը իր հարցազրույցում նաեւ դիվանագիտորեն ակնարկել է, որ Ռուսաստանը միլիտարիզացրել է ԼՂ հակամարտության գոտին եւ հօգուտ Ադրբեջանի խախտել ռազմական հավասարակշռությունը:

Վաշինգտոնն իր ջանքերով նպատակ ունի ամրապնդել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը, կասեցնել շփման գծում հնարավոր նոր բախումների ծավալումը եւ ակտիվացնել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբում: Չեմ կարծում եմ, որ առաջիկայում բանակցություններում լուրջ առաջընթաց, ճեղքում կարձանագրվի, սակայն ԱՄՆ-ի ներկայիս ջանքերը կարող են Ադրբեջանի եւ Ռուսաստանի ռազմական էսկալացիայի փորձերը որոշակիորեն մեղմացնել կամ թեկուզ ժամանակավորապես կանխել: Այս թեզը դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցից հետո տարածած ամփոփիչ հայտարարության առանցքային դրույթը. «Մենք անհանգստացած ենք լարվածության վերջին աճով եւ կոչ ենք անում նախագահներին խուսափել բռնության մահացու էսկալացիայից եւ քայլեր կատարել հրադադարը պահպանելու ուղղությամբ»։

– Եթե ԱՄՆ-ը Ռուսաստանին առաջարկել է համագործակցություն Ղարաբաղյան հարթակում, եւ ըստ ձեզ` Ռուսաստանը համաձայնել է Վաշինգտոնի պայմաններին, կարո՞ղ ենք արձանագրել, որ Ռուսաստանը ստիպված կլինի խաղաղության հաստատմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերից չշեղվել:

– Ինչպես նշեցի, Հարավային Կովկասն ապակայունացնելու Ռուսաստանի փորձերը ԱՄՆ-ը այս փուլում փորձում է կանխել: Ռուսաստանին այլ ելք չի մնացել, քան պաշտոնապես համաձայնել Վաշինգտոնի այս պայմաններին: Սակայն, այնուամենայնիվ, Ռուսաստանն ընդհատակից այլ քայլերի է դիմում: Լուրջ կասկածներ կան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանն ազնիվ է խաղում: Ընդդեմ Ուորլիքի բողոքը ռուսական կողմի դրդմամբ է տեղի ունենում: Հայաստանում Ուորլիքի հարցազրույցի դեմ ռուսական կողմնորոշման որոշ ուժերի եւ փորձագետների բարձրացրած աղմուկն ու «քննադատության» ալիքը դիլետանտիզմ էր` զուրկ տրամաբանությունից: Որ Ռուսաստանն ընդհատակից այլ գործունեություն է ծավալում՝ դա են վկայում նաեւ վերջին օրերին ռուս բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Երեւան եւ Բաքու, Ադրբեջանի ՊՆ-ի ագրեսիվ հայտարարությունները, ինչպես նաեւ պուտինյան դիկտատուրայի խավարամիտ պրոպագանդայի խորհրդանիշ «Գիշերային գայլերի» նախատեսվող այցը Լեռնային Ղարաբաղ, որով Պուտինը ցանկանում է ցույց տալ Արեւմուտքին, թե Լեռնային Ղարաբաղը իբր «ռուսական աշխարհի» մաս է:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031