Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բնակչության գրեթե 60%-ը թերսնվում է

Հուլիս 29,2015 17:00

Պարենային անվտանգության խնդիրը ծառացած է մեր երկրի առջեւ

Հայաստանում մարդու նորմալ կենսագործունեության, աշխատանքի համար առողջապահության նախարարության կողմից սահմանված էներգետիկ նվազագույն օրաբաժինը կազմում է 2412 կիլոկալորիային համարժեք սնունդ: Դա քիչ է, քան զարգացած երկրներում, որտեղ 2700 կկալ-ն է համարվում նորմատիվային, սակայն նույնիսկ այդ քիչը մեր երկրում չի բավարարվում:

2011 թվականին 2100 կկալ-ից պակաս սնունդ է ստացել Հայաստանի բնակչության 55,5%-ը, 2012-ին այդ ցուցանիշը մի փոքր բարելավվել է՝ 52,9%, սակայն 2013-ին է՛լ ավելի վատթար արդյունք ենք գրանցել՝ 59,2%, ընդ որում՝ նկատենք, որ քաղաքաբնակները ավելի վատ են սնվում, քան գյուղաբնակները՝ քաղաքային բնակչության 60,5%-ն է օրվա ընթացքում 2100 կկալ-ից պակաս էներգիա ստանում: 2014-ի տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն, դատելով երկրի տնտեսական իրավիճակից, առաջընթաց դժվար թե նկատվի:

Այս ամենը հաշվի առնելով՝ Հայաստանում ավելի քան 20 տարի գործունեություն ծավալած «Օքսֆամ» ընկերությունը սկսել է Առողջ սնուցման քարոզարշավ, որի շրջանակներում հուլիսի 25-26-ին սեմինար էր կազմակերպել լրագրողների համար: Օքսֆամի պարենային անվտանգության ծրագրի պատասխանատու Ալեքսեյ Պետրոսյանը (լուսանկարում՝ աջից) հիշեցրեց, որ թերսնումը կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների, այդ թվում՝ գիրության, ինչն էլ իր հերթին տարբեր հիվանդությունների պատճառ կարող է դառնալ, օրինակ՝ երբ մարդիկ սնվում են հիմնականում հացով եւ կարտոֆիլով: Եթե մարդու սննդի հիմնական մասը այդ մթերքներն են, այսինքն՝ մարդը չի ստանում բավարար չափով սպիտակուցներ եւ ճարպեր եւ ընդունում է միայն ածխաջրերով հարուստ սնունդ, դա արդեն թերսնում է: Նկատենք, որ Հայաստանում 2013 թվականին բնակչության 20%-ի օրական ռացիոնի 70%-ը կազմել է հացն ու կարտոֆիլը:

Սա բավականին մտահոգիչ թիվ է, ընդ որում՝ թերսնման ամենամեծ աստիճանը նկատվել է Սյունիքի մարզում՝ 37%, ամենաբարվոք վիճակը եղել է Երեւանում՝ 11%:
Օքսֆամը Հայաստանում իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ սոցիալական, առողջապահության, արտակարգ իրավիճակների եւ այլ ոլորտներում: Գյուղատնտեսության ոլորտում Օքսֆամը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ծրագրեր է իրականացնում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման, գյուղատնտեսական ռիսկերի նվազեցման, վերամշակման ոլորտի զարգացման, ոլորտում մասնավոր հատվածի ներգրավվածության բարձրացման եւ այլ թիրախային հարցերի լուծման համար, որոնք ոչ միայն գյուղատնտեսության զարգացմանը կնպաստեն, այլեւ աղքատության նվազեցմանը:

Աղքատության նվազեցմանը միտված ծրագրերից է Օքսֆամի Կենսապահովման ծրագիրը, որի շնորհիվ Հայաստանում ստեղծվել են 24 գյուղական կոոպերատիվներ, այդ թվում 9-ը՝ կանանց: Հիմնվել են 24 ջերմոց, 2 վերամշակող գործարան: Ծրագրի պատասխանատու Վադիմ Ուզունյանի (լուսանկարում՝ ձախից) խոսքերով՝ հատկապես կանանց կոոպերատիվներն են ավելի լավ արդյունքներ տվել: Իսկ ընդհանուր առմամբ՝ Տավուշի եւ Վայոց ձորի մարզերում իրականացվող այս ծրագրի արդյունքում 20% եկամտի աճ է գրանցվել 700 փոքր ֆերմերների մոտ:

Գյուղական բնակավայրերի բնակչությանն աջակցող մեկ այլ ծրագիր է «Շուկաներ անտառային պտուղների համար» ծրագիրը, որի ղեկավար Հրաչյա Զաքոյանի ներկայացմամբ՝ դրանում ընդգրկված է 10 համայնք Հայաստանից եւ Վրաստանից: Ծրագիրը նպատակ ունի պարզել անտառից պտուղների հավաքման, վերամշակման եւ դրանց իրացման հնարավորությունները, գտնել շուկաներ՝ դրանց իրացման համար: Առայժմ նախատեսվում է պտուղների վերամշակումն իրականացնել Թբիլիսիում գտնվող վերամշակող գործարանում: Նկատենք, որ ծրագրում Հայաստանից Տավուշի մարզն է ընդգրկված, Վրաստանից՝ Մցխեթայի շրջանը: Մեր հարցին՝ ինչո՞ւ չի կարող Այրումում հենց Օքսֆամի նախաձեռնությամբ ստեղծված մրգերի եւ հատապտուղների վերամշակման արտադրամասում վերամշակվել մեր անտառներից հավաքված պտուղը, պարոն Զաքոյանը բացատրեց, որ այդ արտադրամասում չկան համապատասխան սարքավորումներ կոնկրետ անտառային պտուղների վերամշակման համար: Ծրագիրը դեռ նոր է սկսել գործել, առայժմ որեւէ արդյունք չի գրանցվել, բացի այդ՝ կան որոշակի խնդիրներ իրավական դաշտում, որոնց լուծում է պետք տալ, սակայն պարոն Զաքոյանը լավատես էր, որ աշնանը որոշակի արդյունք կգրանցվի:

Ներկայացնելով Հայաստանում պարենային անվտանգության վիճակը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պարենային անվտանգության բաժնի պետ Արմենակ Աղաջանյանը շեշտեց, որ պարենային անվտանգության սահմանման՝ սննդամթերքի ֆիզիկական եւ տնտեսական մատչելիության առումով կարեւորագույն սննդամթերքների ինքնաբավության մակարդակը վերջին 5 տարիների տվյալներով կազմում է շուրջ 60%: Հայաստանը բավարար չափով արտադրում է կարտոֆիլ, խաղող, պտուղ-հատապտուղ, բանջարաբոստանային կուլտուրաներ, ձու, ոչխարի եւ այծի միս: Միջին ինքնաբավություն ենք գրանցել կաթ-կաթնամթերքի եւ տավարի մսի առումով, իսկ մեր արտադրածը չի բավականացնում եւ հիմնականում ներկրում ենք ցորեն, եգիպտացորեն, հատիկաընդեղենային կուլտուրաներ, թռչնի եւ խոզի միս:

Պարենային անվտանգության տեսակետից մեր երկրում խնդիր է հողերի մշակման ցածր ցուցանիշը: Գյուղացիները հողը չմշակելու հիմնական պատճառ են բերում ցածր եկամտաբերությունը, ֆինանսական միջոցների բացակայությունը, ոռոգման ջրի բացակայությունը եւ այլն: Օրինակ՝ ցորենի արտադրությունը՝ որպես կարեւորագույն սննդամթերք, որքան էլ խթանենք, մեծ առաջընթաց չի լինի, որովհետեւ ներկրված ցորենի ե՛ւ որակն է ավելի բարձր, ե՛ւ ավելի մատչելի է, քան տեղում արտադրվածը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031