Լրահոս
Օրվա լրահոսը

Կադրերն են որոշում ամեն ինչ

Հուլիս 29,2015 16:30

Վերջերս լսելով մի չարաբաստիկ լուր, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի 1 կիլովատտ ժամը պետք է թանկանա մոտ 40 տոկոսով (41,85 դրամ +17 դրամ=58,85 դ.), հասարակ քաղաքացիներս ցնցում ապրեցինք: Ամեն մի տնտեսության բարգավաճման կարեւոր հիմքը էլեկտրական էներգիան է: Ես միշտ մտածել եմ եւ եկել այն կարծիքին, որ էլեկտրական հոսանքի հայտնաբերումը ամենամեծ գյուտն է: Ապրողներիս հիշողության մեջ են Հայաստանի բազմաթիվ հայտնի էլեկտրական ցանցերը՝ Որոտան ՀԷԿ, Գյումուշ ՀԷԿ, Երեւան ՀԷԿ, Շամբի, Շաքիի, Սեւանի ստորգետնյա հիդրոէլեկտրակայանները եւ այլն: Եվ էլեկտրական էներգիայի 1 կվժ-ի արժեքը մատչելի էր բնակչության համար: Հայաստանի անկախացումից հետո հենց առաջին նախագահ՝ լեզվաբան Լեւոն Տեր-Պետրոսյանի թեթեւ ձեռքով կաթվածահար եղավ էլեկտրական համակարգը:

Կադրերն են որոշում ամեն ինչ: Չեն մոռացվում Լեւոն Տեր-Պետրոսյանի տիրապետության ցուրտ ու մութ տարիները: Բնապահպանության եւ էներգետիկայի նախարարներ են նշանակվել այդ ոլորտներից ոչինչ չհասկացող կադրեր: Զարմանալին այն է, որ Հայաստանի կառավարությունը նմաններին անփոխարինելի կադրեր է համարում, փոխանակ պատժի նրանց՝ պետությանը հասցրած վնասների համար՝ ասելով 9 միլիարդ դոլարի պարտք է կուտակել Հայաստանի էլեկտրական համակարգը եւ աննկարագրելի ալան-թալան, ու օրը ցերեկով գողացվել են ներդրումներն ու բնակչության կողմից վճարված գումարները: Բացի այդ, տարեկան 3 միլիոն դոլարի բարեգործության անվան տակ այդ գումարներն էլ են անհետացել: Այդ ոլորտի ղեկավար կոչեցյալները տարեցտարի կուտակել են այդքան պարտք: Թող կառավարությունը հաշիվ պահանջի եւ պատասխանատվության ենթարկի այդ վայ-նախարարներին եւ պահանջի, որ այդ փոշիացած գումարներն իրենք վերադարձնեն եւ ոչ թե խեղճուկրակ ժողովրդի, կես միլիոն թոշակառուների կաշին քերթեն:

Ստուգող եւ գները կարգավորող կառույցները՝ Վերահսկիչ պալատը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, թող մանրամասն ստուգումներ կատարեն եւ չարաշահողներին հայտնաբերեն, իսկ իրավապահներն էլ պատասխանատվության ենթարկեն:
Հայաստանի Էլեկտրական ցանցերում ուռճացած է աշխատակազմը: Ամեն մեկն իր յուրայիններին, ծանոթ-բարեկամին, անկախ նրանից՝ էլեկտրականությունից գաղափար ունի, թե ոչ, բերել-խցկել են էլցանցերի մեջ, այն էլ՝ բարձր աշխատավարձերով, կարող է նույնիսկ ստաժ գնողներ էլ ձեւակերպեն եւ աշխատավարձն իրենք ստանան… ամեն ինչ սպասելի է:
Ականջդ կանչի, Վազգեն Խաչիկյան. հանգուցյալներին հարություն տվեցիր, թոշակ ստացան, բացի այդ էլ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի ասած՝ իրավունք ստացան նախագահի ու ԱԺ ընտրություններին մասնակցելու եւ ապահովելու իշխանամետների հաղթանակը: Կադրերը նաեւ հնարամիտ են՝ իրենց համար:

Ժամանակին ուրախացել էինք, որ անկախ Հայաստան պետություն ունենք: Բայց, ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի ասած, եթե անկախությունը մի թոկ է ժողովրդի պարանոցին փաթաթված, ապա ինքնին հասկանալի է այդ անկախության արժեքը…
Հոսանքի տարեցտարի թանկացումները մի նոր աղետ են կիսապատերազմական վիճակում գտնվող, կործանարար երկրաշարժ տեսած, զրկանքներ կրած մեր ժողովրդի համար եւ նոր խթան՝ արտագաղթի համար: Ժողովուրդն այլեւս հույս չի կապում Հայաստանի հետ եւ թողնում՝ գաղթական է դառնում:

Պետություններ են կործանվում կաշառակերության պատճառով, ինչպես մի ժամանակ կոռուպցիայից կործանվեց Հռոմը:

ՔՆԱՐԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
94 տարեկան

«Առավոտ» օրաթերթ
28.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ժաննա Հակոբջանյան says:

    Կեցցե՜ իմ բարեկամուհին 🙂 Շատ իրատեսական հոդված է ու օբյեկտիվ տեսակետ՝ «Զարմանալին այն է, որ Հայաստանի կառավարությունը նմաններին անփոխարինելի կադրեր է համարում, փոխանակ պատժի նրանց՝ պետությանը հասցրած վնասների համար»…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031