Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտրվածքը հաստատող ռենտգեն ժապավենը Սեւանի բժշկական կենտրոնից անհետացել է

Հուլիս 29,2015 16:00

Հայկ Գյուրջոյանին վրաերթի ենթարկելու, մահ պատճառելու գործը դեռեւս գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի Սեւանի քննչական բաժնի քննիչ Ա. Գաբրիելյանի վարույթում: Քսան ամիս տեւած նախաքննությունն, ասես, չի ավարտվելու, տուժողի ցուցմունքները հավաստի չեն համարվում: Իսկ այս ձգձգման արդյունքում անհետանում են փաստաթղթեր:
Տուժողի մայրը՝ տիկին Աղավնին, «Առավոտին» հիշեցնում է, որ դեպքը տեղի է ունեցել 2013թ. դեկտեմբերի 3-ին` Երեւան-Սեւան ճանապարհին:

Վթարից տուժել էր նաեւ ամուսնու մեքենայում գտնված որդին՝ Բակուր Գյուրջոյանը, որը ստացել էր ոտքի կոտրվածք, եւ նրա ոտքը 45 օր գիպսի մեջ է եղել:
Այսօր, սակայն, նախաքննության մարմինը հանգել է այն եզրակացության, թե վերջինը ստացել է թեթեւ մարմնական վնասվածք:

Վթարից հետո՝ դեկտեմբերի 28-ին, նշանակվել է դատավտոտեխնիկական փորձաքննություն, իսկ փորձաքննությունն էլ սկսվել է 2014 թվականի հունվարի 8-ին, ավարտվել հունվարի 15-ին:
Ըստ տիկին Աղավնու` «անհասկանալի պատճառներով անհետաձգելի քննչական գործողությունները կատարվել են շուրջ մեկ ամիս հետո»:

Տուժողի մոր տեղեկացմամբ` ելակետային տվյալներ գոյություն չունեն, իսկ «դեպքի վայրում արձանագրված ելակետային տվյալներն էլ ճիշտ չեն, քանի որ մեքենաների բախման վայրն արձանագրվել է ճանապարհի բանուկ մասում, մինչդեռ իրականում բախումը եղել է ճանապարհի ոչ բանուկ մասում»:

Տիկին Աղավնին մեզ հետ զրույցի ժամանակ ասում է, որ դեպքի վայրի զննությամբ արյան հետքեր չեն հայտնաբերվել, մինչդեռ ճանապարհից դուրս` ծառերի մոտ, ավտոմեքենաների պլաստմասսայե կտորներ են հայտնաբերվել տուժող որդու կողմից, որոնք ներկայացվել են նախաքննական մարմնին:

Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության` դիակի վրա հայտնաբերվել են մի շարք վնասվածքներ, այդ թվում նաեւ` ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածք, որն ուղեկցվել է արտաքին սուր արյունահոսությամբ:

Տուժողների հարազատների հարցադրումը տեղին է. հնարավոր չէր, որ դեպքի վայրում արյան հետքեր չլինեին:

Պարզվում է` դեպքի վայրը չի պահպանվել մինչ քննիչի այնտեղ գնալը: Ըստ տուժողի իրավահաջորդի` ընդհակառակը, ապացույցները միտումնավոր թաքցվել են: Ի դեպ, նախաքննության մարմնին դիմելով՝ տուժողի ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ որդին դեպքի վայրում ինքնուրույն տեղատեսություն է անցկացրել, իսկ այնտեղ «ճանապարհի ոչ բանուկ մասում` ձյան տակ, առկա է 15 սմ տրամագծով արյան լճակ»: Նկարահանվել է, տրամադրվել քննիչին, իսկ քննիչն այս ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկել:

Բախման մասնակից «ԳԱԶ 322 132» մակնիշի ավտոմեքենայի արագությունը չի պարզվել:
Տիկին Աղավնին ասում է, որ գործի հանգուցալուծման համար էական նշանակություն ունի ավտոմեքենայի արագությունը որոշելը:

Ինչ վերաբերում է Բակուր Գյուրջոյանի «թեթեւ» մարմնական վնասվածք ստանալուն, ապա տուժողի մայրը հղում է անում «Արմենիա» հեռուստաընկերության տեսանյութերից մեկին, որտեղ Սեւանի բժշկական կենտրոնի բժիշկը հայտարարել էր, թե տուժողի մոտ առկա է աջ սրունքի զույգ ոսկրերի դիաֆիզար փակ կոտրվածք, ցուցաբերվել է բուժօգնություն՝ վերջույթի անշարժացում, գիպսային լազերով:

Կոտրվածքը հաստատող ռենտգեն ժապավենը Սեւանի բժշկական կենտրոնից անհետացել է:
«Դեպքի վայրը չպահպանելը, դեպքի վայրում արյան հետքեր չտեսնելը, լուսանկարներ չանելը, տուժողի բացակայությամբ զննություն կատարելը, համապատասխան փորձագետներ, մասնավորապես` ԱՊՊԱ-ի մասնագետներ չհրավիրելը, լուսաժապավենների անհետացումը վկայում են նախաքննության մարմնի կանխակալ վերաբերմունքի մասին»,- ասում է տուժողի մայրը:

Տեղեկացնեմ, որ տուժողի ներկայացուցիչը փաստաբան Գեւորգ Ստեփանյանն է:
Քննիչի գործողությունների դեմ, մեր տեղեկություններով, տուժող կողմը մտադիր է բողոք ներկայացնել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031