Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կյանքի մետա՞ղ. մեդալի հակառակ կողմը

Հուլիս 29,2015 15:30

«Գուցե այսուհետ հյուր գնալիս մրգերի կամ գինու փոխարեն երկաթի փոշի՞ տանենք տանտերերի երեխաներին հյուրասիրելու համար: Չէ՞ որ մասնագետ արյունաբանը` ԵՊԲՀ-ի դոցենտն է պնդում, որ երկաթը կյանքի մետաղ է»,- անդրադառնալով «Առավոտի» 23.07.2015թ. «Կյանքի մետաղ» հրապարակմանը` ասում է կենսաֆիզիկ Աշոտ Կարապետյանը: Նա ի պատասխան` գրում է.

«Ինչո՞ւ աղի փոխարեն ազգովի ամեն օր մի քանի հաբ չխմենք այդ պրեպարատներից՝ երկաթի դեֆիցիտի կանխարգելման նպատակով:

Կարող եք խմել, իհարկե, հայրենակիցներ, բայց զգո՛ւյշ. այդ «կյանքի մետաղը» կարող է ծանր թունավորումներ եւ նույնիսկ մահ առաջացնել: Ֆիզիոլոգիայից տարրական պատկերացում ունեցող ցանկացած մարդ գիտի` կան բազմաթիվ էլեմենտներ եւ նյութեր, որոնց շատ փոքր քանակը կենսական անհրաժեշտություն է մարդու համար, սակայն այդ նյութերի ավելցուկը վնասակար է նույնքան, որքան պակասը: Այդ էլեմենտներից մի քանիսը, օրինակ, երկաթն ու ցինկը, տոքսիկ են այնքան, որ նրանց քանակը ստանդարտներով սահմանափակված է շատ մթերքներում, օրինակ՝ մարգարինը չի թույլատրվում վաճառքի, եթե նրանում երկաթի պարունակությունը 1,5մգ/կգ-ից ավելի է, հացի մեջ ցինկը չպետք է գերազանցի 25մգ/կգ-ը եւ այլն: Ըստ ԱՄՆ Երկաթի ինստիտուտի` հեմոգլոբինը կարող է ցածր լինել նաեւ երկաթի ավելցուկի դեպքում: 2005թ. հետազոտությունը կատարողների կողմից անհավանական համարված երեխաների մոտ 37% սակավարյունության տվյալը երկաթի պակասով պայմանավորված համարելը, ինչպես գրել է հարգարժան արյունաբանը, գուշակության ոլորտից է, ոչ թե բժշկության, քանի որ միայն հեմոգլոբինն են չափել, այն էլ` ինչպես գրված է հետազոտության մեջ, հնարավոր է` չափիչ սարքերը չեն աշխատել կամ սխալ են օգտագործվել:

Այսպես. ԱՄՆ-ում մինչեւ 2 տարեկան երեխաների 9%-ը, ԱՄՆ-ում եւ Կանադայում դեռահասների 11-20%-ն ունեն երկաթի անբավարարություն: Հարգարժան արյունաբանը չգիտի՞, որ ԱՄՆ-ն ու Կանադան 1998թ.-ից երկաթով ու ֆոլաթթվով ֆորտիֆիկացնում են ալյուրը, եւ այդ տվյալները փաստում են, որ ֆորտիֆիկացումն արդյունավետ չէ:
Իրականում ի՞նչ է ներկայացնում իրենից «Ալյուրի հարստացման մասին» օրինագիծը: Եթե դեն նետենք սիրուն փաթեթավորումը, կմնա մի պարզ բան. հակասակավարյունային դեղեր հանդիսացող երկաթի սուլֆատ եւ ֆոլաթթու են ցանկանում խառնել բոլորիս հացին՝ պատճառաբանելով, թե իբր մեր ազգաբնակչության մեջ շատ տարածված է երկաթի դեֆիցիտով պայմանավորված սակավարյունությունը: Թեեւ որքան էլ զավեշտական է, մեր բնակչության մեջ սակավարյունության, առավել եւս երկաթի դեֆիցիտային սակավարյունության տարածվածության որեւէ տվյալ պարզապես չկա:
Տարրական տրամաբանության համաձայն` որեւէ խնդրի լուծման առաջարկ պետք է հետեւի տվյալ խնդրի առկայությանը, մինչդեռ մեզ մոտ հակառակն է կատարվում. օրինագիծ են ներկայացնում ԱԺ՝ հետեւելով ինչ-որ միջազգային ծրագրի, նույնիսկ առանց ռիսկերի գնահատման, հետո հայտարարում են, որ շուտով հետազոտություն կանեն եւ կապացուցեն, որ խնդիրն առկա է: Կարճ ասած՝ պարզապես համարելով, որ երկաթը կյանքի մետաղ է»:

«Առավոտ» օրաթերթ
28.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031