Մերձավոր Արեւելքի երկրներում երգչախմբային արվեստի մինչ օրս չգերազանցված նվաճումը 1910թ. Կոստանդնուպոլսում Կոմիտաս վարդապետի ստեղծած եւ ղեկավարած «Գուսան» երգչախումբն էր (ավելի քան 400 մասնակից): Այդ երեւույթը բացառիկ էր ոչ միայն որպես հայկական մշակութային նվաճում: Առավել բացառիկ էր որպես մահմեդական աշխարհում իրականացված ձեռնարկ, քանի որ խմբական-երգչախմբային արվեստը, այն էլ կանանց մասնակցությամբ, հակասության մեջ է իսլամական կրոնի հետ: Իմիջիայլոց, Արեւելքում թատերական, պարային, երգչախմբային արվեստների կայացման հիմնադիրները գրեթե միշտ եղել են հայեր:
2008թ. առաջին անգամ Երեւանում, Գյումրիում, Ստեփանակերտում, Շուշիում հայ ունկնդրին ներկայացավ Լիբանանի «Fayha» երգչախումբը, որի հիմնադիր եւ գլխավոր խմբավարն է մեր հայրենակից Պարգեւ Թասլաքյանը:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ խմբավարը ասաց, որ հիշյալ երգչախումբը, որի կազմում կա 40 երգիչ, քառաձայն է եւ ունի ընդամենը մեկ հայազգի բարիտոն: Կոլեկտիվը հիմնադրվել է 2003թ., Լիբանանի երկրորդ քաղաքում՝ Տրիպոլիում: Մեր զրուցակիցը հայտնեց, որ հիմնադրման օրվանից երգչախումբը պատկանում էր քաղաքապետարանին, իսկ 5-6 տարի է, ինչ իրենք անկախացել են: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ «Fayha»-ն հաճախ է մեկնում հյուրախաղերի: Միայն անցյալ տարի ելույթներ են ունեցել Ֆրանսիայում, Իսպանիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Դուբայում… Իսկ երգչախմբի հյուրախաղային քարտեզը ձգվում է ԱՄՆ-ից մինչեւ Չինաստան: Դիտարկմանը, թե նման մասշտաբային հյուրախաղերը պահանջում են նաեւ «մասշտաբային» աջակցություն, Պարգեւ Թասլաքյանը պատասխանեց. «Երգչախմբի հետ կապված ցանկացած հարց լուծում է Լիբանանի նախկին վարչապետ Նաժիբ Միքաթին»: Մեր հարցին, թե, հավանաբար, իրենց հովանավորը, բացի ազգայինից, նախընտրում է հայկական երաժշտությունը, խմբավարը հայտնեց, որ երկացանկում գերակշռում է արաբական երաժշտությունը, ինչպես նաեւ անդրադառնում են հայկականին, այդ թվում՝ Կոմիտաս, Մակար Եկմալյան, Բարսեղ Կանաչյան եւ այլն, եւ իրենց երեք CD-ում տեղ են գտել նաեւ հայկական խմբերգեր:
Զրույցի ընթացքում պարոն Թասլաքյանը նշեց, որ իրենք մինչ օրս հիշում են երգչախմբի հայաստանյան եւ արցախյան ելույթները: Նաեւ հավելեց. «Արաբ հանդիսատեսը երգչախմբային երաժշտություն լսելու մշակույթ չունի: Հանդիսատեսը կարող է համերգի ընթացքում ազատ դուրսուներս անել, ավելին՝ ծափահարել էլ չգիտեն. կարող են երգի ընթացքում տեղի-անտեղի ծափահարել… Թեեւ պետք է նշեմ, որ շուրջ 13 տարիների ընթացքում մեզ հաջողվեց հանդիսատես կրթել»:
Խնդրեցինք ներկայացնել, թե ինչպես է իրեն հաջողվում առանձնահատուկ համարվող արաբական երգը մատուցել երգչախմբի միջոցով, այն էլ՝ քառաձայն: «Արաբական երաժշտությունը չես կարող ակադեմիական երգելաոճով ներկայացնել, պետք է կարողանաս բառերը հստակ հնչեցնել: Ունենք տառեր, որոնց արտահայտման ժամանակ պետք է «լարես» կոկորդդ: Կարճ ասած՝ հեշտ չէ, բայց մեզ հաջողվել է: Ասածիս վկայությունն է 2007թ. Վարշավայում կայացած երգչախմբային արվեստի համաշխարհային մրցույթում, որին մասնակցում էր շուրջ 50 կոլեկտիվ, երկու գլխավոր մրցանակների արժանանալը՝ «Լավագույն երգչախումբ» եւ «Լավագույն խմբավար»:
Հարցին՝ ի՞նչ առաքելությամբ է ժամանել հայրենիք, եւ հայրենիքում ե՞րբ կլսենք երգչախմբին, Պարգեւ Թասլաքյանը պատասխանեց. «Կոնկրետ չեմ կարող ասել, թե երգչախումբը երբ կժամանի Հայաստան, բայց որ արտիստները մինչ օրս հիշում են հայաստանցի պատրաստված ունկնդրին եւ անհամբեր սպասում hայաստանյան հյուրախաղերին՝ փաստ է: Ինչ վերաբերում է Հայաստանում իմ գտնվելուն, դիմեցինք Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանյան պետական երիտասարդական նվագախմբի տնօրինությանը՝ Տրիպոլի քաղաքի հիմնը ձայնագրելու խնդրանքով: Այստեղ արդեն ավարտել ենք աշխատանքները, իսկ Լիբանանում կիրականացնենք ձայնի համադրումը երաժշտության վրա: Երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Իհսան Ալ Մունձերին, իսկ տեքստը՝ բանաստեղծ Սաբահ Ձրեքին: Երաժշտության ձայնագրությունը իրականացվեց դիրիժոր Ռուբեն Ասատրյանի կողմից»:
Հավելենք, որ այս տարվա գարնանը Լիբանանում կայացած Երգչախմբային արվեստի առաջին համաշխարհային փառատոնին աշխարհի տարբեր անկյուններից ժամանած շուրջ քսան կոլեկտիվների թվում եղել է նաեւ Թասլաքյանի ուսուցիչ Հարություն Թոփիկյանի ղեկակավարած «Երեւան» պետական կամերային երգչախումբը Հայաստանից:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.07.2015