Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատասխանատվության կորուստը կրնա տանել ամեն ինչի վերջնական կորուստին»

Հուլիս 29,2015 14:30

ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի մտքերը միշտ արդիական են

Վերջերս կրկին ձեռքս ընկավ ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի «Ու մերթ լացավ ու մերթ խնդաց իմ հոգիս» վերնագրով հատորյակը, որտեղ նրա խոհերն են, իր նման այլ մեծերի մասին հիշողությունները, որոշ հրատարակված հարցազրույցներ… Գիրքը տարիներ առաջ նվեր էի ստացել մի հարցազրույցից հետո, ձմեռային ցուրտ մի օր, երբ պատիվ ունեցա վայելելու նաեւ տիկին Մարիի պատրաստած սուրճը: Այն ժամանակ կարդացի, բայց չանդրադարձա գրքին, այնքան տպավորված էի, որ չէի կարողանում գրել, ավելի ճիշտ՝ վախենում էի գրել: Բավարարվեցի միայն հարցազրույցը տպագրելով:

Հակոբ Հակոբյանի «Ու մերթ լացավ ու մերթ խնդաց իմ հոգիս» գիրքը լույս է տեսել 2006-ին, բայց վարպետը կարծես քիչ առաջ արտահայտած լինի գրքում զետեղված մտքերն ու տագնապները: Ընթերցում ու զարմանում ես՝ անկեղծության ինչպիսի՜ հորդում, որ զուտ մեծերին է բնորոշ: Ամեն տողից էլ հայրենասիրություն է ծորում: Իսկ ի՜նչ սիրով է խոսում այլ երախտավորների մասին, սիրով ու ամենակարեւորը՝ առանց խանդի: Օրինակ` Հրանտ Մաթեւոսյանի ու Հենրիկ Սիրավյանի մասին գրում է. «Իմ համոզումս է, որ Հրանտը աշխարհ եկավ, որպեսզի իր հայրենակիցներուն սովորեցնի ճիշտ հայերեն խոսիլ: Եթե մեկը մաքուր հայերենով ՍՈՒՏ է խոսում, նա հայերեն լեզուն այլանդակում է եւ սպանում: Պատահել է, օրինակ, որ հեռուստացույցի դիմաց նստած լսում եմ երկու հայի զրույցը. տպավորությունս այն է, որ զրուցակիցները տիրապետում են հայերեն լեզվին: Ունկնդրել գեղեցիկ հայերեն լեզուն մեծագույն հաճույք է ինձ համար: Եվ, սակայն, մի քիչ հետեւելե վերջ խոսակցության՝ նկատում ես, որ մարդը խոսում է, բայց իր ըսածից բան չես հասկանում: Երեւի ուզածն այն է, որ բան չհասկանաս իր ասածից: Երեւի դիմացինին ուզում է հիմարացնել բոլորի առաջ, դիմացինին, կներեք,՝ էշի տեղ է դնում: Զզվում ես… Իսկ Հրանտը, օրինակ, երբ խոսում է, պարզապես էշին էշ է ասում, ձիուն՝ ձի: Ես բախտ ունեցել եմ մի երկու տարի ստադիոնի ետեւը՝ Կիլիկիայում գտնվող մի քոսոտ, էժանագին սաունա հաճախել շաբաթը մեկ անգամ, Հրանտի եւ տաղանդավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի հետ: Մի երկու ժամ պարզապես լողանալու համար եւ իրարու հետ զրուցելու: Հենրիկ Սիրավյանն ալ բացառիկ զրուցակից էր, սրամիտ ու պատրաստաբան… «Սաունայում» մեր խոսակցություններու ընթացքին նկատեցի, որ Հրանտը ինչի մասին ալ խոսեր, իր արտասանած ամեն մեկ բառը ընտրված էր: Ինքը երեւի այդ մասին չէր մտածում»:

Մեկ այլ պատառիկ Հակոբ Հակոբյանի գրքից. «Այսօր իմիտացիան համընդհանուր երեւույթ է, տարածված կյանքի բոլոր բնագավառներում՝ պետական կառուցվածքներից մինչեւ շուկա: Չեմ ուզում մանրանալ՝ բայց լսեցեք հեռուստացույցի էկրանին երգող-պարող երիտասարդին եւ նայեցեք խանութներու ցուցանակները, չեք իմանա՝ որ երկրի մեջ ենք ապրում… Գիտենք, որ 19-20-րդ դարերը ինչքան աղետալի ու կործանարար եղան մեր ժողովրդի համար, եւ այստեղ ինչպե՞ս մոռնանք «Ընկեր Փանջունին»: Կարծեմ մոռնալու կարիք չկա: Այսօր էլ ան մեզի հետ ապրում է: Որքան անչափելի շատ մեր ժողովրդի եռանդը կողոպտվել եւ մսխվել է, հազարամյակներ գոյություն ունեցող հայը իր կենսունակությամբ սնելով օտարներին` այսօր այդքան թույլ եւ խեղճ է»:

Իսկ վարպետի այս միտքը այսօր եւ ընդհանրապես ուղղակի ուղեցույց եւ ձեռնարկ կարող է ծառայել կառավարողների ու երկրի բախտը տնօրինողների համար. «Կա մի բան, անունը չեմ գիտեր, որ մարդուն մղում է փորձել «իմաստավորել» կյանքը, բացատրություններ փնտրել, արդարացնել կամ դատապարտել, պատասխանատվության կանչել: Ականջը կանչի մեր որոշ կուսակցականներու ղեկավարներուն, որոնք առանց ամաչելու ատենը մեկ հայտարարում են, թե իրենք, իբրեւ, պետության անդամ պատասխանատու են: Այդ մասին ե՞րբ ենք իմանալու, հայտնի չէ: Իսկապես ալ, «անկախութենեն» ի վեր հայոց կրած կորուստներեն ամենածանրերեն մեկը ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ բառին վախենամ վերջնական կորուստն է, որ կրնա տանել ամեն ինչի վերջնական կորուստին»:

Պատրաստեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
28.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031