Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Թորոսյան. «Սոֆիայում աշխարհի առաջնության ուղեգրերի համար պայքարելու ընդունակ բռնցքամարտիկներ ունենք»

Հուլիս 29,2015 14:00

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Մեր ուժեղագույն բռնցքամարտիկները նախապատրաստվում են Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որտեղ մեդալներից բացի՝ խաղարկվելու են ըստ քաշային կարգերի աշխարհի առաջնության մասնակցության ուղեգրեր:

Երեկ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ մի խումբ լրագրողներ այցելեցին նրանց, ծանոթացան հավաքի ընթացքին, զրուցեցին մարզիկների եւ մարզիչների հետ: Վերջում գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը ամփոփեց հավաքի ընթացքը, խոսեց Եվրոպայի առաջնությունից իր ակնկալիքների մասին: «Սոֆիայում մեր առաջնային խնդիրը քաշային կարգերում առաջին վեցյակում տեղ զբաղեցնելն է, որն ինչպես հայտարարվել է, տարեվերջին Դոհայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք է տալիս: Իսկ այնտեղ արդեն խաղարկվելու են օլիմպիական ուղեգրեր: Դա բարդ խնդիր է, եւ մենք հիմա դրա վրա ենք կենտրոնանում: Մենք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու ենք 10 քաշային կարգերում: Բայց, ինչպես միշտ եմ հայտարարել, նախապես գուշակություններ չեմ անում: Ես գլխավոր մարզիչ եմ, այլ ոչ թե մարզասեր, որպեսզի ինձ նման հաճույք թույլ տամ: Կարող եմ միայն ասել, որ վարկանիշների համար պայքարելու ընդունակ բռնցքամարտիկներ ունենք»,- ասաց Դավիթ Թորոսյանը:

David_Torosyan-[2

Խոսելով հավաքների եւ ծաղկաձորյան այս մարզումների մասին՝ գլխավոր մարզիչն ասաց. «Մարզիչներով ամեն բան անում ենք, որպեսզի տղաներին պահանջվող կարգավիճակի բերենք: Ինձ մեծապես օգնում է երկրորդ մարզիչ, բազմափորձ Մանվել Գաբրիելյանը: Տղաները լավ են ընկալում իրենց տրվող առաջադրանքները: Մի փոքր հոգնածություն կար այն տղաների մոտ, ովքեր մեկնել էին Բաքու, բայց հիմա դա անցել է, ու նրանք իրենց նորմալ են զգում»: Ճշգրտող հարցին, թե այնուամենայնիվ՝ մրցման մեկնում են որոշակի պլաններով՝ մեդալ, աշխարհի առաջնության վարկանիշ, Դավիթ Թորոսյանը պատասխանեց. «Բռնցքամարտը ուժային, մենապայքարային մարզաձեւ է, այլ կերպ ասած՝ կանոնակարգված ծեծկռտուք, որի ելքը ռինգում անկանխատեսելի է: Տղաները դեռ ժամանակ ունեն իրենց լավագույն մարզավիճակի գագաթին հասնելու: Քաշային կարգեր ունենք, որտեղ բավականին լուրջ մրցակցություն կա մի քանի բռնցքամարտիկի միջեւ: Սա ուրախացնում է մեզ, որովհետեւ ընտրություն կատարելու հնարավորություն ունենք: Քաշային կարգեր էլ կան, որտեղ այլընտրանք չունենք: Բայց աշխատում ենք տվյալ մարզիկին, ինչպես ասում են, ձգել, հասցնել անհրաժեշտ կարգավիճակի»: «Առավոտը» հետաքրքրվեց, թե հավաքականի մարզիչներն արդեն որոշե՞լ են, թե ովքեր են մեկնելու Եվրոպայի առաջնություն, եւ կարո՞ղ է արդեն անուններ հրապարակել: «Այո: Բոլորի անունները որոշված են: Մասնակցելու ենք բոլոր տասը քաշային կարգերում: Սոֆիայի ռինգ կմտնեն 49 կգ՝ Արթուր Հովհաննիսյան, 52 կգ՝ Կորյուն Սողոմոնյան, 56 կգ՝ Արամ Ավագյան, 60 կգ՝ Սամվել Բարսեղյան, 64 կգ՝ Հովհաննես Բաչկով, 59 կգ՝ Վլադիմիր Մարգարյան (թիմի ավագ), 75 կգ՝ Արման Հովիկյան, 81 կգ՝ Նիկոլ Արությունով, 91 կգ՝ Հենրիկ Սարգսյան, ծանր քաշ՝ Ռաֆայել Սիմոնյան: Բոլորն էլ տրամադրված են մարտական եւ մեկնելու են պայքարելու: Ինչ թե ինչ արդյունք կլինի՝ ռինգը ցույց կտա»,- ասաց նա:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031