Լրահոս
Օրվա լրահոսը

Շենգավիթի մարզադպրոցը կվերանորոգվի

Հուլիս 29,2015 13:30

Շենգավիթի համալիր մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցը մայրաքաղաքի ավանդույթներ ունեցող մարզօջախներից է: Այն հիմնադրվել է 1946 թվականին եւ մինչ օրս շարունակում է ծառայել հայկական սպորտին՝ կադրեր պատրաստելով հանրապետության տարբեր հավաքականների համար: Լուրեր են շրջանառվում, որ կառույցը վերանորոգվելու է: Դրանց հավաստիությունը ճշտելու եւ մարզադպրոցի առօրյային ծանոթանալու նպատակով հարցազրույց ունեցանք համալիրի տնօրեն, ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Աբրահամյանի հետ:

– Պարոն Աբրահամյան, քանի՞ սպորտաձեւ է ընդգրկված Ձեր մարզադպրոցում եւ ի՞նչ հաջողություններ եք գրանցել վերջերս:

– Մեզ մոտ ներկայումս գործում են հանդբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, մականախաղի, բռնցքամարտի, սանդա-ուշուի, սեղանի թենիսի, մեծ թենիսի, մարմնամարզության, ակրոբատիկայի, շախմատի, ինչպես նաեւ ունենք պարի խմբակներ: Մեզ մոտ մարզվում են 1000-ից ավելի երեխաներ՝ ոչ միայն Շենգավիթից, այլ նաեւ Երեւանի մյուս համայնքներից: Մեր մարզիչներից 18-ն ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն, իսկ նրանցից երեքը ՀՀ վաստակավոր մարզիչներ են: Մի քանի օր առաջ Արցախում մասնակցեցինք սանդա-ուշուի մրցաշարի, որտեղ մեր սաները դարձան եւ հաղթողներ, եւ մրցանակակիրներ: Հանդբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի հանրապետական մրցաշարերում մեր թիմերը միշտ առաջատարների թվում են: Բացի ֆիզիկական կրթությունից՝ զբաղվում ենք նաեւ երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակությամբ՝ պարբերաբար կազմակերպում ենք հրաձգության մրցաշարեր՝ պատանիներին նախապատրաստելով զինվորական ծառայության: Շենգավիթ համայնքում անցկացնում ենք նաեւ սպորտլանդիաներ:

– Դուք 17 տարի է` ղեկավարում եք մարզադպրոցը, այս ընթացքում ինչպե՞ս եք հաղթահարել դժվարությունները, եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել երեխաների մարզումային պայմանների բարելավման ուղղությամբ:

– Սկզբում շատ դժվար էր: Երբ ես ընդունեցի մարզահամալիրը, ունեինք խմբեր ընդամենը երեք մարզաձեւում, իսկ հիմա դրանց թիվն անցնում է մեկ տասնյակից: Նախկինում, երբ պետք էր մարզահագուստ ձեռք բերել կամ մրցումների մեկնել, ստիպված էինք հազար դուռ թակել՝ հովանավորներ էինք փնտրում, դիմում էինք մեր ընկերներին, նույնիսկ սեփական միջոցներով էինք լուծում խնդիրները: Իրավիճակը կտրուկ փոխվեց վերջին երկու տարում. շնորհիվ քաղաքապետարանի եւ վարչական շրջանի ղեկավարության մեր մարզիկներն ու մարզիչները ապահովված են մարզահագուստով, իսկ մրցավայր հասնելու համար մեզ տրամադրում են մեքենա: Հարկ է նշել նաեւ, որ մեր դպրոցում մարզվելու համար երեխաները ստիպված չեն վճարել:

– Նշեցիք, որ ձեզ օգնում են քաղաքապետարանը եւ վարչական շրջանի ղեկավարությունը, իսկ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության հետ կառույցը որեւէ առնչություն ունի՞:

– Ոչ, չնայած վերջերս նախարարը այցելեց մեզ՝ ծանոթանալու վերանորոգման նախագծին:

– Իսկ վերանորոգման մասին լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը:

– Այո, արդեն բոլոր գծագրերը պատրաստ են: Այս շենքը վերջին անգամ վերանորոգվել է 1983 թվականին, բացման օրվանից շենքում չի եղել ջեռուցում, այդ հարցը արդեն կարգավորել ենք: Տեղադրել ենք ժամանակակից ջեռուցման համակարգ: Քաղաքապետարանի միջոցներով մյուս տարի ապրիլին կսկսենք մարզադպրոցի կապիտալ վերանորոգման աշխատանքները, որոնք նախատեսում ենք ավարտել երեք ամսում: Չենք ունենալու ազատ տարածք` ամեն ինչ տրամադրելու ենք սպորտին, անգամ նկուղը՝ այնտեղ գործելու է հրաձգարան: Վերանորոգումը, անշուշտ, կնպաստի մեր սաների սպորտային արդյունքների բարելավմանը:

ՀԱԿՈԲ ՉՈՔԵՔՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031