Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ածխաջրածնային դարաշրջանի» ավարտը

Հուլիս 29,2015 12:30

Նավթ վաճառողներն անհանգիստ շարժումներ են անում

Գիտության մեջ հայտնի է սինխրոնության օրենքը: Եթե միաժամանակ տեղի է ունենում մի քանի իրադարձություն, ապա շատ հնարավոր է՝ դրանց մեջ որոշակի տրամաբանական կապ, «ծրագիր» կա: Եթե դուք, օրինակ, փռշտում եք այն պահին, երբ ինչ-որ մի տեղ Սիբիրում ինքնաթիռ է ընկնում, ապա այդ իրադարձությունների միջեւ որեւէ կապ չկա: Սակայն եթե դուք պատվիրում եք սպիտակ վերնաշապիկ, բայց ձեզ սխալմամբ ուղարկում են սեւը, իսկ դրանից հետո ձեզ հետ ինչ-որ անախորժություն է պատահում, այստեղ կապ կա՝ այն գծային, պատճառահետեւանքային չէ, ավելի շուտ խորհրդանշական է եւ «վիճակագրական»: Այդ դեպքում դուք հարց եք տալիս ոչ թե՝ «ինչո՞ւ է դա տեղի ունեցել», այլ՝ «ինչի՞ համար, հանուն ինչի՞ է դա կատարվել»:

Թվարկենք վերջին ժամանակների իրադարձությունները մեր տարածաշրջանում (ի դեպ, ժամանակն է, ինձ թվում է, գիտակցել, որ «մեր տարածաշրջան» հասկացության մեջ մտնում են ոչ միայն մեր անմիջական հարեւանները, այլեւ առնվազն «նրանց հարեւանները», մասնավորապես՝ Սիրիան եւ Իրաքը): Իրանի եւ «վեցյակի» միջեւ «պատմական գործարք» է կնքվել, նավթի գնի աննախադեպ անկում է գրանցվել՝ մեկ բարելի համար 55 դոլարից ցածր, ռուսական ուուբլին էժանացել է: Այսքանի մեջ, կարծես թե, հեշտ է պատճառահետեւանքային կապեր գտնել: Բայց եկեք մի քիչ բարդացնենք մեր խնդիրը եւ դրան ավելացնենք մի շարք այլ իրադարձություններ. Ռուսաստանը Իրանին կվաճառի C300 զենիթահրթիռային համակարգեր, Թուրքիան հրթիռակոծել է թե՛ «Իսլամական պետության», թե՛ քուրդ զինյալների դիրքերը (չնայած հուլիսի 20-ին թուրքական Սուրուչ քաղաքում ահաբեկչության համար մեղադրվում է հենց «Իսլամական պետությունը», իսկ զոհը հենց քրդերն էին), «Իսլամական պետությունը» եւ աֆղանական թալիբները «փոխադարձ ջիհադ» են հայտարարել, Լիբիան հայտարարել է, որ կոչնչացնի «Իսլամական պետությունը», եթե հանվի այդ երկրին զենք մատակարարելու արգելքը: Վերջապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ Երեւանում, իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Երեւանում եւ Բաքվում հայտարարություններ են արել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

Ո՞վ կարող է ասել, որ այս բոլոր իրադարձություններն իրար հետ կապված չեն: Ուրիշ հարց, որ այս կապը գիտականորեն ապացուցելու համար պետք է արեւելագետ լինել, եւ նույնիսկ մասնագետը չի կարողանա այս տրամաբանությունը բացահայտել համակարգչային մեկուկես էջի սահմաններում: Բայց նույնիսկ մակերեսային հայացքով այստեղ կարելի է նկատել «կրկնվող սյուժեներ»՝ զենք-պատերազմ-նավթ: Եթե սկսենք վերջինից, ապա կարող ենք կրկնել հեղինակավոր մասնագետների այն կանխատեսումը, որ 100 դոլարանոց նավթ տեսանելի պատմական ապագայում այլեւս չի լինելու: Շերտաքարային նավթի ինքնարժեքն առայժմ մոտ է 60 դոլարին, եւ ամերիկացիները, որոնք ունեն համապատասխան տեխնոլոգիաներ, դրա արդյունահանումը պայմանավորում են «սովորական նավթի» գնով: Եթե նավթի գինը լինի 50 դոլարից ցածր, շատերը «քաշվելու են», առաջին հերթին՝ Ռուսաստանը (մենք էլ նրա հետ միասին, որովհետեւ կախված ենք այդ երկրից մեր հայրենակիցների փոխանցումներից): Եթե որեւէ անհատ, երկիր կամ կազմակերպություն հասկանում է, որ մոտ ժամանակներս նրան լուրջ փորձություններ են սպասվում, ապա նա ձեռնարկում է ինչ-որ հակաքայլեր, որոնք այս կամ այն չափով պետք է շտկեն վիճակը: Քայլեր են ձեռնարկում բոլոր նավթ վաճառողները՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, Սաուդյան Արաբիան, «Իսլամական պետությունը» եւ ուրիշները: Ցավոք, այդ քայլերը ոչ միայն տնտեսական են, այլեւ ռազմական՝ լայն իմաստով. ոչ միայն մարտական գործողությունների, այլեւ զենք վաճառելու առումով: Այն, որ դա ոչ մեկին օգուտ չի բերելու, եւ տարածաշրջանի ռազմականացումից ի վերջո տուժելու են բոլորը, դա, գոնե ինձ համար, անվիճելի է:

Բայց, հավանաբար, պարզ է նաեւ, որ մենք գլոբալ առումով ապրում ենք որոշակի դարաշրջանի վերջում: Այդ դարաշրջանը պայմանականորեն կարելի է կոչել «ածխաջրածնային»՝ ոչ միայն այն պատճառով, որ դրանք սպառվում են, չեն կարող վերականգնվել: Դրանց միջոցով որեւէ բան պարտադրելը, շանտաժելը, դրանց վրա քաղաքականություն կամ տնտեսություն կառուցելը գնալով դառնում է անարդյունավետ: Հիշեցի ամերիկացի հրաշալի գրողի պատմվածքի վերնագիրը՝ «Ինչ-որ բան ավարտվել է»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բա հիմա ինչ ենք անելոււււււււււււււււււււււււււււււււււււււււււււււ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031