«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետությունում» յուրատեսակ պատժի ձեւ կա, որ կիրառվում է միասեռականների հանդեպ. նրանց ուղղակի սպանում են` վայր նետելով ամենաբարձր շենքերի տանիքներից: www.bbc.com-ը ներկայացրել է Բժշկականի 24-ամյա ուսանող Թաիմի (անունը փոխված է) պատմությունը, որին մի կերպ հաջողվել է Իրաքից փախչել Լիբանան ու փրկվել: Թաիմը պատմում է, որ Իրաքում բոլորն ուրախանում են, երբ միասեռական է սպանվում, քանի որ նրանց թվում է, որ միասեռականությունը հիվանդություն է: Երիտասարդը BBC-ի թղթակցին պատմել է, որ իր միասեռական լինելը հասկացել է 13-14 տարեկանում ու քոլեջում սովորելու տարիներին դիմել բժշկի, իր խոսքով` այդ «հիվանդությունից» ձերբազատվելու համար: Բժիշկն էլ խորհուրդ է տվել ընկերներին պատմել, որ աջակցեն իրեն, քանի որ դժվար շրջան է իր կյանքում:
Թաիմը ծնվել է պահպանողական մահմեդականի ընտանիքում, բայց ունեցել է բազմաթիվ քրիստոնյա ընկերներ, ընդ որում` նախկին զուգընկերն էլ քրիստոնյա է եղել: Նրան սպանել են…
2013-ին Թաիմը կռվում է մեկ այլ ուսանողի՝ Օմարի (անունը փոխված է) հետ, որին դուր չէին գալիսի Թաիմի «քրիստոնեական» շփումները: Այնուհետեւ դիպվածով բոլորն իմանում են նրա ոչ ավանդական կողմնորոշման մասին, ու հետեւում են սպառնալիքները, ծեծը, հետապնդումները: Երկար դեգերումներից հետո երիտասարդի մորը հաջողվում է որդուն դուրս բերել երկրից, քանի որ ավելի վաղ նրանց տուն էին այցելել «Իսլամական պետության» մահապարտները եւ պահանջել տղային: Հայրը խոստացել էր իր ձեռքերով սպանել որդուն: Այժմ Թաիմը հաստատվել է Բեյրութում: Պատմում է, որ հորեղբորից ու փոքր եղբորից ահաբեկող նամակներ է ստացել ֆեյսբուքով: Ցավում է, որ «Իսլամական պետության» զինյալները տեսանյութեր են հրապարակում, որտեղ ցուցադրվում են կադրեր այն մասին, թե ինչպես են տանջամահ անում միասեռականներին: Նաեւ տխրում է, որ իր նման տասնյակ մարդիկ կան, որոնք, սակայն, չեն կարողացել լքել տարածքը՝ միջոցներ չունենալու պատճառով:
«Առավոտ» օրաթերթ
28.07.2015