Aravot.am-ը զրուցել է Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ «Սդղի Գյոլում» ծեծկռտուքից տուժած Զաքարյանների փաստաբան Լեւոն Սահակյանի հետ:
– Իրականությանը համապատասխանո՞ւմ են Հարութ Զաքարյանի հոգեկան խնդիրներ ունենալու պատճառով բանակից ազատվելու մասին տեղեկությունները: Ինչո՞ւ մարզպետի ազգականներն ու նրա որդու փաստաբանն այդ տեղեկությունը շրջանառության մեջ դրեցին, արդյոք այդ տեղեկությունն ազդեցություն կունենա՞ գործի քննության վրա:
– Չգիտենք, թե փաստաբանի կողմից նման տերմինոլոգիա օգտագործելն իր վստահորդի պաշտպանության մարտավարությունն է, թե ճարահատյալ վիճակով պայմանավորված հուզական պոռթկում: Առաջին դեպքում, մեր հարգելի գործընկերոջը խորհուրդ կտայինք փոխել մարտավարությունը, քանի որ անկախ նրանից, թե Հարություն Զաքարյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում, թե ոչ, անկախ նրանից, թե Հարություն Զաքարյանը ինչ օրինական հիմքով է ազատվել ծառայությունից, միևնույնն է՝ վերջինս դաժան բռնության ենթարկված մարդ է, ում իրավունքները պետք է պաշտպանվեն ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով:
– Ըստ Տիգրան Խաչատրյանի փաստաբանի՝ Տիգրան Խաչատրյանը ծեծկռտուքին ավելի ուշ է միացել, ու եթե ավելի շուտ հասներ, տեղի չէր ունենա այն, ինչ տեղի ունեցավ, հավաստի՞ են փաստաբանի այս պնդումները:
Կարդացեք նաև
– Կարծում եմ, որ պաշտպանական կողմը երկու ռազմավարություններից մեկը պետք է ընտրեր. առաջին՝ ընդուներ մեղքը և ձգտեր հնարավորինս թեթև քրեական պատասխանատվություն: Երկրորդ՝ հրաժարվեր մեղքը ընդունելուց և փորձեր աղավաղված ներկայացներ իրականությունը: Ցավոք, ընտրությունը կանգնել է երկրորդ տարբերակի վրա:
– Ո՞ւմ հարվածից են տուժել Զաքարյան եղբայրները: Ի՞նչ մասնակցություն է ունեցել մարզպետի որդին:
– Զաքարյան եղբայրները տուժել են մի շարք անձանց հարվածներից, որոնցից շատերին արդեն մեղադրանք է առաջադրվել: Իսկ եթե խոսքը վերաբերում է Հարություն Զաքարյանի աչքի տեսողության կորստին, ապա հասարակությունն արդեն տեղյակ է, թե ում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով մեղադրանք առաջադրվել:
– Տիգրան Խաչատրյանը նույնպես բանակում չի ծառայել, ունե՞ք տեղեկություններ, թե նա ինչ պատճառով է ազատվել բանակից:
– Իրավաբանական ընկերությանն արդեն իսկ հաջողվել է որոշակի ոչ պաշտոնեական տեղեկություններ պարզել նշված հարցի կապակցությամբ, սակայն հանուն արդարության պետք է նշեմ, որ այսօր արդեն համապատասխան փաստաբանական հարցումն է կատարվել ՀՀ պաշտպանության նախարարություն:
– Ինչպե՞ս եք գնահատում նախաքննության ընթացքը, արդյոք ընթացքի վրա մարզպետի միջամտությունը տեսնո՞ւմ եք:
– Թույլ տվեք նախաքննության վերաբերյալ մեր գնահատականը տալ նախաքննության ավարտից հետո, իսկ ինչ վերաբերում է մարզպետի միջամտությանը, նշեմ, որ եթե այդպիսին եղել է, ապա ինչպես բոլորս ականատես եղանք՝ պսակվել է անհաջողությամբ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ