2015թ. հուլիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման, ինչպես նաև զանգվածային լրատվական միջոցների հրապարակած հաղորդումների հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ, 164-րդ հոդվածի 2-րդ և 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հարուցված քրեական գործի շրջանակներում 2015թ. հուլիսի 15-ին կազմակերպության կողմից միջնորդություններ են ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, որով միջնորդել ենք 2015թ. հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառած ոստիկանության աշխատակիցներին հարուցված քրեական գործի շրջանակներում ներգրավվել որպես մեղադրյալ:
Միջնորդությամբ ներկայացվել են ոստիկանության այն աշխատակիցների անուն ազգանունները, ովքեր բռնություններ են կիրառել ցուցարարների նկատմամբ և ում անուն ազգանունը հնարավոր է եղել պարզել, ինչպես նաև կից ուղարկվել էր քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների լուսանկարներ, նրանց ինքնությունը պարզելու և մեղադրանք առաջադրելու համար:
Մեկ այլ միջնորդությամբ միջնորդել ենք ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի և ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին մեղադրանք առաջադրել և մեղադրանքը լրացնել վերջիններիս կողմից լրագրողների կողմից բռնության կադրեր ֆիքսած տեսախցիկները և հիշողության քարտերը ոչնչացնելով ոստիկանության կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու հիմքով, քանի որ Լ. Երանոսյանը և Հ. Պողոսյանը իրենց գործողություններով թույլ են տվել հանրորեն վտանգավոր արարք, լրագրողների կողմից նկարահանված տեսանյութերը ոչնչացնելու հրահանգ տալը նպատակ է ունեցել թաքցնել ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված հանցագործությունները և նման վարքագծի շարժառիթը եղել է կոծկել իրենց և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կատարված հանցագործությունները: Վարույթն իրականացնող մարմինը քննության առնելով ներկայացված միջնորդությունները՝ 21.07.2015թ. կայացրել է միջնորդությունների լուծումը հետաձգելու մասին որոշում՝ մինչև միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը:
Կարդացեք նաև
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ