Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվում էր Թեւոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունը: Վկա Տիգրան Ասատրյանի հարցաքննությունից հետո հարցաքննվեցին մի քանի վկաներ եւս:
Վկա Արմինե Դանիելյանը վստահ էր, որ իրեն անիմաստ են դատարան հրավիրել. «Ինչո՞ւ է ուղարկել այստեղ, պարապ է մնացե՞լ: Վիրահատությունը նոր չվերջացրած, ինձ ուղարկել է, ո՞նց չջղայնանամ»:
Նա նշեց, որ Մովսես Ներսիսյանին ճանաչել է, միասին են աշխատել, իսկ Իսրայել Սարգսյանին չի ճանաչում: Վերջին անգամ Մովսես Ներսեսյանին տեսել էր դեպքից առաջ եւ որեւէ տեղեկություն չունի:
Մյուս վկան՝ Լուսինե Սիմոնյանը, ճանաչում էր Իսրայել Սարգսյանին. Միասին աշխատել են խաղասրահում: Նա նշեց, որ իրեն ասել են՝ իր հեռախոսին Մովսես Ներսիսյանն է զանգահարել, սակայն ինքը վերջինիս չի ճանաչում: Վկան դժվարացավ հիշել կոնկրետ հեռախոսահամարը, որով իրեն զանգահարել են:
Կարդացեք նաև
Հաջորդ վկան՝ Վարդան Աշոտյանը, հայտարարեց, որ Մովսես Ներսիսյանին ճանաչում է 90-ական թվականներից: Սակայն նա դժվարանում էր հիշել վերջին շրջանում իրենք շփվե՞լ են, թե՞ ոչ: Հարցին, թե ի՞նչ հարցի շուրջ է զանգահարել Մովսես Ներսիսյանին, նա պատասխանեց՝ փող էր պարտք:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 27-ին:
Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը կազմակերպել եւ օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարումը, ապա հանցանքը թաքցնելու նպատակով սպանել էր Մովսես Ներսիսյանին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ