Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայել Սարգսյան. «Ուզում եմ հասկանալ Տիգրան Ասատրյանը ինչքա՞ն է նվիրված եղել Թեւոսին»

Հուլիս 28,2015 20:30

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի  եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունը լարված մթնոլորտում էր ընթանում:

Ամբաստանյալը շարունակեց հարցեր ուղղել վկա Տիգրան Ասատրյանին. «Մեր մեջ խոսակցություն է եղել ու դու խոսակցության ընթացքում ասել ես, որ Մոսոյին անպայման ձայնագրի, որ ինքն է Արթուրին սպանել, այդ ձայնագրությունը բեր, որ մի հոգի էլ մարդ կա, այդ մարդու անունը չասեցիր, որ այդ մարդու հետ կտանենք կտանք Թեւոսին այդ ձայնագրությունը, Թեւոսն էլ կտեսնի, որ ով է նրա սպանողը: Եղե՞լ է այդ խոսակցությունը»:

Picture-004

Տիգրան Ասատրյանը կրկին հրաժարվեց պատասխանել հարցին:

«Ես քո տված հարցերի, այս ներկայացման իմաստը չեմ հասկանում, ես իրոք չեմ հասկանում: Դրա համար ես չեմ ուզում մեկնաբանել, չեմ ուզում խոսել, չեմ ուզում պատասխանել»,- ասաց վկան:

Իսրայել Սարգսյանն ասաց, որ ուզում է հասկանալ, թե Տիգրան Ասատրյանը ինչքա՞ն է նվիրված եղել Թեւոսին, սակայն դատավոր Արմեն Բեկթաշյանն ասաց, որ դա գործի հետ կապ չունի:

«Հիմա ավելի շատ ումի՞ց ես վախենում Թեւոսի՞ց, թե՞ Մոսոյից»,-շարունակեց իր հարցը  ամբաստանյալը: «Ես ոչ ոքից էլ չեմ վախենում»,- պատասխանեց Տիգրան Ասատրյանը:

Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանի հարցին, թե Իսրայել Սարգսյանը Տիգրան Ասատրյանին պատմել է եղելությունը, հետո ձայնագրության համար նորից է պատմել է, այդտեղ ենթատեքստ չկա՞, ուրիշ նպատակ չկա՞՝ Տիգրան Ասատրյանը պատասխանեց՝ այդ հարցը տվեք Իսրայել Սարգսյանին: Հեկտոր Սարդարյանն ասաց, որ իր պաշտպանյալին տվել: «Իր պատասխանը, որ հնչի, լավ չի լինի»,- ասաց փաստաբանը:

«Ես չեմ ուզում ծավալվել, չեմ ուզում խոսել, ես ոչ մի հարցի չեմ ուզում պատասխանել, չեմ ուզում ցուցմունք տալ: Ես չեմ խոսում ոչ մի տիպի, ինձ հարցեր մի՛ տվեք: Մնացած հարցերին քննություն է գնում, դուք ձեր հարցերին կարող եք գեղեցիկ ձեւերով պատասխաններ գտնել, տալ կա՛մ ձեր անմեղությունը ապացուցեք, կա՛մ չկարողանաք, ձեր մեղավորությունն է: Ես չեմ խառնվում ոչ մի բանի: Հարգելի՛ դատարան, հիմա կարող է առավոտյան արթնանա եւ ասի ես ուզում եմ Տիգրան Ասատրյանին հարց տալ պե՞տք է ամեն օր գնամ-գամ դատարան: Ես պնդեցի իմ նախաքննական ցուցմունքները եւ հրաժարվեցի որեւէ հարցին պատասխան տալուց, ես էլ չեմ խոսելու: Հիմա ինչքան ուզում է թո՛ղ հարց հնչի, լուռ կանգնելու եմ, որովհետեւ սա ինձ համար ուրիշ պատմություն է: Ես, եթե հիմա ասեմ, թե ոնց եմ այս ամենը դիտում, կարող է աղմուկ լինի եւ Դուք ասեք՝ դադարեցրեք»,- ասաց Տիգրան Ասատրյանը:

Իսրայել Սարգսյանն ասաց, որ Թեւոսը Տիգրան Ասատրյանի թշնամին է եղել եւ նրանք իրար հետ հարցեր են ունեցել, ինչին ի պատասխան Տիգրան Ասատրյանն ասաց, որ դա հեքիաթ է, եւ ինքն ու Թեւոսն իրենց հարաբերությունները մինչեւ այսօր շատ նորմալ են պահում:  Նա հավելեց, որ եղել է թեթեւ խռովածություն, բայց ամեն ինչ հարթվել է:

Դատական նիստը լարված մթնոլորտում էր ընթանում: Իսրայել Սարգսյանը Տիգրան Ասատրյանին հիշեցրեց, որ դուրս է գալու: Դատավոր Արմեն Բեկթաշյանը դատական նիստի կարգը խախտելու համար վերջին նախազգուշացումը տվեց ամբաստանյալին, որից հետո նրա նկատմամբ սանկցիա կկիրառվի, ընդհուպ մինչեւ դահլիճից հեռացում:

Հեկտոր Սարդարյանը հետաքրքրվեց, թե արդյոք վկային հայտնի է դրդապատճառը, որով սպանվել է Արթուր Սաֆարյանը: Տիգրան Սաֆարյանը պատասխանեց՝ ո՛չ, ենթադրություն էլ չունի:

Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը կազմակերպել եւ օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարումը, ապա հանցանքը թաքցնելու նպատակով սպանել էր Մովսես Ներսիսյանին:

Դատարանը ընդմիջում հայտարարեց:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031