Լրահոս
Օրվա լրահոսը

Fitch-ի փոքր-ինչ դրական կանխատեսումն էլ չի փրկի

Հուլիս 28,2015 20:15

Չնայած Հայաստանի տնտեսության վիճակն այս տարվա փետրվարին մի քիչ ավելի լավ էր, քան հիմա, Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը 2015 թվականին մեր երկրում կանխատեսում է ՀՆԱ-ի 1.5% աճ, մինչդեռ փետրվարին կանխատեսում էր 0.5%  անկում:

Մեսրոպ Առաքելյան

Մեսրոպ Առաքելյան

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը Aravot.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ 1.5% աճը նաեւ կառավարության միջնաժամկետ ծրագրով է կանխատեսված, սակայն եթե հիշենք մյուս միջազգային կազմակերպությունների կանխատեսումները, դրանք թեեւ տարբերվում են՝ -1 կամ զրոյական աճի կանխատեսում է, սակայն -1-ից մինչեւ 1% կանխատեսումները պիտի դիտարկենք ընդհանուրի մեջ.

«Մեր տնտեսությունը բավականին փոքր է, եւ նման տատանումները կանխատեսելը բավականին բարդ է, եւ մեծ հաշվով 1%-1.5%-ը մեր նման երկրների համար աճ չի կարելի համարել: Այս տեսանկյունից Fitch-ը, կարծում եմ, հիմնվել է Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) առաջին կիսամյակի տնտեսական աճի ցուցանիշների վրա: Մեր տնտեսողությունում խնդիրները գնալով ավելանում են, խորանում են, բայց ԱՎԾ տվյալներով մենք տնտեսական ակտիվության բավականին բարձր ցուցանիշ ունենք՝ 3.8%,  սակայն հատկանշական է որ նման բավականին բարձր աճի պարագայում, մենք ունենում ենք հարկային եկամուտների նվազում: Այսինքն, եթե տնտեսությունը աճում է, ինչո՞ւ են նվազում հարկերը, միեւնույն ժամանակ ունենք  արտաքին ապրանքաշրջանառության նվազում, արտահանման՝ 10 % նվազում, ներմուծման՝ ավելի քան 35% նվազում»:

Առաքելյանն ասաց, որ տնտեսության մնացած ցուցանիշները, եթե ամբողջության մեջ դիտարկենք, Հայաստանի իրավիճակը դրական չէ: Տնտեսագետի ներկայացմամբ՝ այս տարվա փետրվարին 0.5%, իսկ հիմա 1.5% աճ կանխատեսելը, ու եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի վիճակը, որից մենք մեծամասամբ կախված ենք, ավելի վատ է, սա խոսում է այն մասին, որ Fitch-ն ուղղակի նայել է ԱՎԾ-ի թվերը, որն ի տարբերություն տնտեսության, մեղմ ասած՝ ոչ բարեհաջող իրավիճակին, 3.8% տնտեսության ակտիվություն է արձանագրել: Եթե ԱՎԾ-ն այդ տրամաբանությամբ է աշխատում, ապա Առաքելյանը չի բացառում, որ ԱՎԾ-ն 1.5% -ից էլ ավելի բարձր տնտեսական աճ արձանագրի:

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի խոսքերով՝ հնարավոր է առաջիկա ամիսներին Հայաստանի տնտեսական իրավիճակն ավելի վատանա. «Քանի որ մեր տնտեսության ակտիվության վրա արտաքին ազդակներն են լուրջ հետեւանք թողնում.  տրանսֆերտներն են նվազում, ընդ որում ՀՀ տնտեսության վրա մեծ ազդեցություն է թողնում մետաղների միջազգային գները, հանքարդյունաբերական ընկերությունները մեր տնտեսության արտադրության մասնաբաժնում շատ մեծ են, նրանք գերակշիռ մաս են կազմում արտահանման հատվածում ու վերջին օրերին ականատես ենք լինում պղնձի, ոսկու, մոլիբդենի միջազգային գների կտրուկ անկման: Գները հասել են վերջին 5-6 տարվա նվազագույնին՝ 2008-2009 թվականների համաշխարհային ճգնաժամի գներին: Եթե մնացած խնդիրներին զուգահեռ այս ցուցանիշներ էլ գումարենք, ապա դրանք լուրջ անդրադարձ են ունենալու առաջիկայում մեր տնտեսության վրա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031