Ինչպես հայտնի է, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության խմբի անդամներն այսօր Վանաձորից շարժվեցին Գյումրի, որի Թատերական հրապարակից դեպի Վարդանանց հրապարակ երթ անցկացրեցին ու շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Թալին, այնուհետ Աշտարակ: Նրանք երթով պիտի միանան մայրաքաղաքում նստացույց հայտարարած քաղաքացիներին: Գյումրիում նրանց գրեթե միացողներ չեղան, ընդամենը մեկ հոգի էր:
Այդուհանդերձ, նրանք բարձրախոսով տեղեկացրեցին իրենց նպատակի մասին: Քաղաքի կենտրոնական հատվածներում գտնվող սպասարկման օբյեկտներում ու սրճարաններում գտնվող մարդիկ թեեւ լսում էին նրանց կոչերը, սակայն մի տեսակ անտարբեր էին:
«Ոտքի Հայաստան» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Հովհաննիսյանը երթի ընթացքում ներկայացնում էր իրենց պահանջները, նշում, որ իրենց նախաձեռնության անդամները Բաղրամյանում մինչեւ վերջ կանգնած այն երիտասարդներն էին, որոնք ի սկզբանե համաձայն չէին Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Նա հիշեցրեց, որ իրենց միակ պահանջը հոսանքի սակագնի չեղարկումն է, մյուս լղոզված հայտարարությունները աուդիտ հրավիրելու մասին իրենք չեն ընդունում: Նա հիշեցրեց, որ մինչ այսօր որեւիցե մի պարզաբանում չի եղել, թե ինչ աղբյուրներից է կառավարությունը սուբսիդավորելու: Նա կոչ էր անում 10 րոպե գոնե մտածել արժանապատիվ կյանքի, առանց խոպանի կյանքի մասին:
Կարդացեք նաև
Իսկ թե ինչո՞ւ են այսքան քիչ թվով մարդիկ միացել երթին, Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ շատերն են զանգահարել, ցանկություն հայտնել միանալ երթին, սակայն շատերը աշխատանքի մեջ են, շատերն էլ ֆիզիկապես ի վիճակի չեն երթին միանալ, ասենք շոգին չեն դիմանում:
Այդուհանդերձ նա վստահ է, որ իրենց կհաջողվի մարդկանց համախմբել, նրանք զանգել ու ասել են, որ տարբեր փուլերում կմիանան իրենց, կգան Երեւան:
Գյումրեցի ոստիկանները Կումայրի բաժնի ոստիկանապետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ պարտաճանաչորեն ուղեկցում էին երթի մասնակիցներին: Անգամ, երբ երթի մասնակիցները մի պահ նստեցին քաղաքապետարանի աստիճանների վրա, ոստիկանապետը եւս տեղավորվեց քաղաքապետարանի շենքի նստարանի վրա՝ այնպիսի դիրքով, որ նրանց բաց չթողնի իր տեսադաշտից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ