Հուլիսի 28-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Նատալյա Վուտովային:
Հանդիպման ընթացքում Արման Մկրտումյանն ու Նատալյա Վուտովան քննարկել են ՀՀ դատական համակարգի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի երկկողմ համագործակցության արդյունքում գրանցված նվաճումներն ու արդի մարտահրավերները:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը նշել է, որ բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը:
Հիշեցնենք, որ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ ՀՀ դատական համակարգի համագործակցության շրջանակներում ներկայում իրականացվում են հետևյալ երկու ծրագրերը՝«Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» և «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում»:
Կարդացեք նաև
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարն իր հերթին ընդգծել է ՀՀ դատական համակարգի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը և նշել, որ անկախ դատական համակարգը ժողովրդավարական պետության գոյության նախապայմանն է: Նատալյա Վուտովան հույս է հայտնել, որ ՀՀ դատական համակարգի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի միջև ստեղծված արդյունավետ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի:
Հանդիպման ավարտին Նատալյա Վուտովան ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ուղեկցությամբ շրջել է ՀՀ վճռաբեկ դատարանի «Կարմիր» և «Սպիտակ» դահլիճներում, «Մխիթար Գոշ» գրադարանում, ծանոթացել ՀՀ վճռաբեկ դատարանի պատմությանը:
ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայություն