Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանն ու «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն անդրադարձել են Երևանի քաղաքապետարանի բնապահպանական ծրագրերի վերջին տարիների ռազմավարությանն ու 2015 թվականի ծրագրի ընթացքին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հստակ խնդիր է դրված ամեն տարի ավելացնել մայրաքաղաքի կանաչ գոտիների մակերեսը, ինչը նաև Երևանի գլխավոր հատակագծի դրույթներից է: Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը նշել է, որ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնման հիմքում ոռոգման ցանցերի ավելացումն է, ինչի ուղղությամբ վերջին տարիներին մեծ ծավալի աշխատանք է կատարվել: Քաղաքապետարանի և վարչական շրջանների ծրագրերի իրականացման շնորհիվ մայրաքաղաքի ոռոգման համակարգն ամեն տարի ընդլայնվում է շուրջ 30 կիլոմետրով: Կանաչապատման գործընթացը, ըստ վարչության պետի, կատարվում է նախապես հասցեագրված և բացառապես ոռոգելի տարածքներում:
– Եթե համեմատենք խորհրդային տարիների և այժմյան Երևանը, ապա ներկայում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ծավալը շուրջ 30 հեկտարով գերազանցում է 90 –ականների Երևանի կանաչապատման ցուցանշին և ներկայում հասել է 950 հա-ի: Սա իրապես վերջին տարիների հետևողական և կանոնակարգված աշխատանքի արդյունք է,- նշել է Ավետ Մարտիրոսյանը:
Այս տարի մայրաքաղաքի Ավան,Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներ ոռոգվել են կառուցված թվով 4 խորքային հորերից: Արդյունքում բավարարվել է ոռոգման ջրի առկա պահանջարկի շուրջ 20 տոկոսը, իսկ Ավան վարչական շրջանի դեպքում`80 տոկոսը: Խորքային հորեր նախատեսվում է կառուցել նաև 2016 թվականին: Անդրադառնալով ծառատունկերին՝ Ավետ Մարտիրոսյանը նշել է, որ միայն 2015 թվականի գարնանը մայրաքաղաքում տնկվել է շուրջ 20000 ծառ և թուփ` միջինը 70 տոկոս կպչողականության ցուցանիշով: Ի տարբերություն խորհրդային տարիներին կազմակերպված տարերային ծառատունկի՝ ներկայում այդ գործընթացը նույնպես իրականացվում է նախապես հասցեագրված, ոռոգելի տարածքներում` մասնագիտական եզրակացության արդյունքում Երևանի համար ամենանպաստավորը համարվող և ծանր մետաղներ կլանող այնպիսի ծառատեսակներով, ինչպիսիք են հացենին,կաղնին, սոսին, ակացիան և այլն: Ծառերի տնկիների զգալի մասն ապահովվում է քաղաքային տնկարանից: Ինչ վերաբերում է ծառերի էտին , ապա Ավետ Մարտիրոսյանը վստահեցնում է, որ գարնանն իրականացված խոր էտը միանշանակ կատարվել է բոլոր ագրոկանոններին համապատասխան և արդարացրել է բոլոր սպասելիքները:
-Հիմնականում մենք խոր էտի ենք ենթարկել թեղիները, որոնք Երևանի ծառատեսակների մոտ 30 տոկոսն են կազմում: Թեղիները քաղաքային միջավայրում 50 տարուց ավելի չեն ապրում, հետևաբար մենք պետք է աստիճանաբար վերափոխենք այդ ծառատեսակները, ինչպես դա արեցինք Զաքյան փողոցում: Մինչ այդ , սակայն, առանձին հատվածներում կատարված թեղիների խոր էտը կենսունակությունը երկարացնելու նպատակ է հետապնդում: Այսօր արդեն մայրաքաղաքի Քոչարի, Կիևյան, Շինարարների և այլ փողոցներում, ուր խոր էտ էր կատարվել,կարելի է համոզվել, որ գեղեցիկ սաղարթներ են ձևավորվել: Վստահեցնում եմ նաև, որ այս կերպ ծառերի կյանքը զգալիորեն կերկարի: Արդյունքն այսօր ինքնին հերքում է բոլոր մտահոգությունները ,- նշել է Ավետ Մարտիրոսյանը:
Բնապահպան Կարինե Դանիելյանն իր հերթին նշել է, որ թեղիների դեպքում խոր էտը միանշանակ արդարացված էր և կատարվել է ագրոկանոններին համապատասխան:
– Թեղիները փրկելու ուրիշ հնարավորություն չկա: Դրանք իրենց տեսակով բավականին շուտ են հիվանդանում, հետևաբար կամ անհրաժեշտ է մեծ քանակով քիմիական բուժանյութեր օգտագործել, կամ դրանք խոր էտի ենթարկել, քանի որ առանձին դեպքերում հիվանդ թեղիներից միջատները հայտնվում էին մարդկանց բնակարաններում, իսկ միանգամից նոր ծառատեսակներով դրանք փոխարինելն անհնար է: Հասկանում եմ քաղաքացիների մտահոգությունը, սակայն ուզում եմ վստահեցնել, որ հենց մասնագետներն էին խորհուրդ տալիս կատարել թեղիների խոր էտ: Արդյունքում մենք ծառեր չենք կորցրել և հակառակը՝ վերականգնված, առողջացած ծառեր ունենք: Նաև ուզում եմ ասել, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից իրոք մեծ ծավալի աշխատանք է կատարվում. գոնե ես այսքան գեղեցիկ ու ծաղկապատ Երևան դեռ չէի տեսել,-նշել է Կարինե Դանիելյանը:
Բնապահպանը, գոհունակություն հայտնելով նաև ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգումից, քաղաքային իշխանություններին հորդորել է ավելի խիստ վերահսկողություն իրականացնել Երևանու ավագանու կողմից հաստատված կարգով իրենց պարտականություններում թերացող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ: Ասուլիսի ավարտին քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը նաև նշել է, որ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ գոտիները տարեկան շուրջ 15 հա- ով ավելանում են, իսկ 2015 թվականին`16 հա – ով: Զուգահեռաբար ավելանում են քաղաքը արտաքին ազդեցություններից պաշտպանող նոր անտառաշերտերն ու սիզամարգերը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն