Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը այսօր «SOS» հաղորդաշարի գործով դատական նիստին մեծ դահլիճ ապահովելու պահանջատերերից էր:
Նիստից հետո նա ասաց, թե հաշվի առնելով, որ նախնական նիստ էր, չի ցանկանում մեղադրել դատավորին մեծ դահլիճ չապահովելու համար. «Սա հանրային նշանակության լուրջ վեճ է, ու դատավորը դա պետք է հասկանա»:
Լեւոն Բարսեղյանն այս գործով հայցադիմումը շատ զվարճալի է համարում. «Հայցվորների էությունը դեռ հստակ չէ, որովհետեւ հայցադիմումում մի տեղ գրված է հայցվոր՝ ոստիկանություն եւ համահայցվորներ՝ ֆիզիկական անձինք, վերջում ստորագրված է ոստիկանություն եւ ներկայացուցիչներ՝ երեք ֆիզիկական անձինք: Պատշաճ հայցվորի պարզաբանման խնդիր կա, պետք է հասկանանք՝ Վիլեն Գայֆեջյանի դեմ ով է հայց ներկայացրել… Եթե իսկապես ոստիկանությունն է եւ նրա հետ եւս երկու ֆիզիկական անձինք, որոնք այս պահին աշխատում են ոստիկանությունում, պետք է հստակեցվի: Սահմանադրությամբ չնախատեսված մարմին՝ ոստիկանություն, որը նույնիսկ իրավաբանական անձ չէ, որոշել է, որ վիրավորվել է: Կառավարությանն առընթեր մարմինը վիրավորվելու հատկանիշ չունի»:
Մեր հարցին՝ ձեր համար հասկանալի՞ է՝ ինչի՞ց են վիրավորվել ոստիկանները, պարոն Բարսեղյանը պատասխանեց. «Հայցին ծանոթ եմ. Գ եւ հենց այնպես յոթեր, վերնագրի մեջ էլ G slash 7 է դրված: Հիմա ով էլ որ վիրավորված լինի, պետք է ապացուցի, որ Գ-7 ձեւակերպումը վիրավորանք է, գրավոր, բանավոր արտահայտությունը՝ Գ եւ 7-եր վիրավորանք է: Պետք է ապացուցի, որ այդ արտահայտությունները, եթե վիրավորանք են, ապա ուղղված են կոնկրետ հայցվորների դեմ: Ոստիկանությունը չի կարող վիրավորվել… Եթե դատարանն ընդունի, որ դրանք վիրավորանքներ են, մենք անեկդոտների մեծ պաշար կունենանք»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ երկու ոստիկան վիրավորվել են հաղորդաշարի 11-րդ թողարկումից, որն անդրադարձել էր սեւազգեստ մայրերին փողոցով քարշ տալու ոստիկանների գործողություններին: «SOS» հաղորդաշարի աշխատակիցներից, հաղորդավարից պահանջում են հրապարակային ներողություն, եւ մոտ մեկ միլիոն դրամի փոխհատուցում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ