ՀՀ ոստիկանության երկու աշխատակից՝ Արթուր Մադաթյանը, Սերգեյ Զաքարյանը ընդդեմ «SOS» հաղորդաշարի գործով նախնական դատական նիստը պատասխանող կողմի միջնորդությամբ հետաձգվեց, որ հասցնեն ծանոթանալ գործի նյութերին:
Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստը մի քանի անգամ ընդհատվեց:
Պարզվում է՝ SOS հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանը բանավոր էր փաստաբանի լիազորությունները ներկայացրել, նիստը ընդհատվեց, մինչեւ նա ձեւակերպի գրավոր լիազորագիր:
Դատարանի որոշմամբ, իրավաբան Արտակ Զեյնալյանն էլ փաստաբանի արտոնագիր չունենալու համար, այլեւս չի կարող փաստաբանական ծառայություն մատուցել:
Կարդացեք նաև
SOS հաղորդաշարի համակիրները այնքան շատ էին, որ դատարանում տեղ ու դադար չկար: Նրանք պահանջում էին մեծ դահլիճ, որ կարողանան մասնակցել նիստին:
Ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանն էլ նախազգուշական սանկցիա ստացավ՝ դատավորին բարձր խոսելու խնդրանքի համար:
Հաղորդաշարի համակիրները պարբերաբար վիճում էին կարգադրիչների հետ:
Ի դեպ, դատական նիստի ժամանակ պատասխանող կողմի համար չհստակեցվեց՝ ոստիկանությո՞ւնն է ընդդեմ հաղորդաշարի հայցի հեղինակը, թե՞ երկու ոստիկանը:
Հիշեցնենք, որ երկու ոստիկան վիրավորվել է հաղորդաշարի 11-րդ թողարկումից, որն անդրադարձել էր սեւազգեստ մայրերին փողոցով քարշ տալու ոստիկանների գործողություններին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ