Ամերիկահայ երաժիշտ, կիթառահար Վահագնին որոշել էր գալ Հայաստան՝ իր մտերիմ ընկերոջ՝ Տիգրան Համասյանի հարսանիքին մասնակցելու համար, ընկերներն էլ հանկարծ որոշեցին կազմակերպել նրա համերգը Երևանում:
Եվ ահա վաղը՝ հուլիսի 29-ին, «Ֆորշ» ակումբում Վահագնին առաջին անգամ կնվագի հայ հանդիսատեսի համար: «Ինձ այստեղ շատ լավ եմ զգում, հուսով եմ՝ էլի կգամ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կիթառահարը:
Ի դեպ, այդ օրը նրա հետ ելույթ կունենան նաև Արտյոմ Մանուկյանը, Նորայր Քարտաշյանը, Արման Ջալալյանը, Տիգրան Այվազյանը:
Երաժշտի ասելով՝ գուցե անակնկալներով լի համերգ ստացվի, որովհետև չեն հասցրել շատ փորձեր անել. «Մենք այս խմբով վաղուց ենք ճանաչում իրար և բեմում էլ շատ լավ ենք հասկանում միմյանց: Այնպես որ, իմպրովիզներով լի համերգ կլինի: Անկեղծ ասած՝ ինձ համար սա այնքան էլ համերգ չէ. ուղղակի ուզում էի նվագել Հայաստանում»,- ասաց ամերիկահայ կիթառահարը:
Կարդացեք նաև
Նա նաև տեղեկացրեց, որ սեպտեմբերին Ճապոնիայում կթողարկի իր չորրորդ՝ “Imagined Frequencies” նոր ձայնասկավառակը, որում ներառված է նաև «Հով արեք, սարեր ջան» երգը: Այն կատարում է իսպանացի երգչուհի Կոնչա Բուիկան: Երգն արդեն ունի տեսահոլովակ, բայց այն նույնպես կներկայացվի սեպտեմբերին:
«2014 թվականին Բուիկայի հետ անընդհատ շրջագայում էի որպես կիթառահար: Այդ ընթացքում մի քանի անգամ առաջարկեցի նրան Կոմիտաս լսել: Նա շատ հավանեց, ասաց, որ երբևէ այդպիսի բան չի լսել: Առաջարկեց «Հով արեք, սարեր ջան» երգը ձայնագրել ու ձայնագրեց»,- պատմեց Վահագնին:
Կիթառահարը չի բացառում, որ կարող է Կոնչա Բուիկայի հետ համատեղ համերգ ունենալ Հայաստանում, մանավանդ որ, նրա խոսքով, երգչուհին էլ ունի նման ցանկություն:
Ի դեպ, Կոնչա Բուիկայից բացի, նոր ալբոմում հանդես են գալիս նաև Տիգրան Համասյանը, Արտո Թունչբոյաջյանը, Սեպուհ Սիմոնյանը, Գևին Սալմոնը, Արտյոմ Մանուկյանը և ուրիշներ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ