Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի հայտարարություններն օգտագործվել են ընդդեմ Հայաստանի վճռում

Հուլիս 28,2015 15:42

«Ես ձեռնպահ կմնամ Չիրագովը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի հայտնի վճիռը մեկնաբանելուց: Դա մասնագետների գործն է»,-Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:

Հարցը վերաբերում էր «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի վճռին: Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է իրավասու կողմ, որը պարտավոր է փոխհատուցում տրամադրել տեղահանության հետեւանքով տուժած Չիրագովին: Չիրագովները դատարանից պահանջում են իրենց կորցրած ունեցվածքի համար Հայաստանից գանձել վնասների փոխհատուցում՝ 7.9 մլն եվրոյի չափով:

ՄԻԵԴ Մեծ պալատը Չիրագովների գործում սահմանել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ունի քաղաքական, տնտեսական և ռազմական զգալի ազդեցություն, որի արդյունքում ԼՂ նկատմամբ «իրականացնում է արդյունավետ վերահսկողություն», և հետևաբար Հայաստանն է պատասխանատվություն կրում ԼՂ տարածքում տեղի ունեցող իրավախախտումների համար:

ՄԻԵԴ-ի վճռում հատուկ նշվում է, որ կան բազմաթիվ վկայություններ, ինչպես նաև Հայաստանի կառավարության անդամների հրապարակային հայտարարություններ, որոնք հաստատում են, որ Հայաստանը, իր զինվորական ներկայությամբ, նշանակալի ներգրավվածություն ունի ԼՂ հակամարտության մեջ: ՄԻԵԴ-ը այդ փաստերը համարել է արժանահավատ:

«Որոշում կայացնելիս դատարանը ղեկավարվեց այնպիսի փաստարկներով, որոնք, իմ կարծիքով, չէր կարելի դնել վճռի հիմքում, օրինակ՝ առանձին անձանց կողմից արված հայտարարությունները: Նման դեպքում տվյալ անձի ասածը պետք է ստանա ապացույցի ուժ եւ վերջինս ներկայանա իբրեւ վկա: Սակայն դատարանը դրան չգնաց եւ որոշեց, որ բավարար են օրինակ Ժիրայր Սեֆիլյանի՝ որեւէ առիթով ասած խոսքերը կամ Վազգեն Մանուկյանի մի հարցազրույցում արտահայտած մտքերն օգտագործել, որոնք երբեմն համատեքստից կտրված էին: Հենց դա էլ, կարծում եմ. դատարանի վճռի թույլ կողմերից էր, որի համար առանձին կարծիք եմ ներկայացրել»,- այս առիթով «Մեդիամաքսին» կարծիք էր հայտնել ՄԻԵԴ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանը:

Aravot.am-ը Ժիրայր Սեֆիլյանին գրավոր հարց է ուղղել՝ իր ո՞ր հարցազրույցի կամ արտահայտած մտքի մասին է խոսքը: Պարոն Սեֆիլյանն իր գրավոր խոսքում չի հստակեցրել, թե հատկապես իր ո՞ր հայտարարության կամ հարցազրույցի մասին է խոսքը, բայց նշել է. «Միևնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ տվյալ վճիռը իրավական որոշում լինելով հանդերձ, կայացվել է քաղաքական համատեքստում: Նման վճիռ չէր կայացվի, եթե Հայաստանը լիարժեք ինքնիշխան պետություն լիներ, Արցախի հարցը ինքնորոշման ճանապարհով տանելու փոխարեն իր տրամաբանական ավարտին հասցներ Հայաստանի հետ միավորման միջոցով, չմեկուսացվեր աշխարհից և իր ապագան չկապեր մեռելածին Եվրասիական տնտեսական միության հետ: Այդ վճիռը և մեր երկրի համար դրա հնարավոր վնասակար հետևանքներն այն դառը պտուղներից են, որ մենք քաղում ենք Հայաստանի ղեկավարության վարած ապազգային և ստրկամիտ արտաքին քաղաքականության պատճառով:

Փաստորեն՝ արդեն հասել ենք մի վիճակի, որ Հայրենիքի նկատմամբ մեր իրավունքներն իրականացնելը, անգամ՝ այդ մասին խոսելը, կարող է օգտագործվել մեր պետության դեմ: Համոզված եմ, որ առաջիկայում գործող ռեժիմին հեռացնելուց և ազգային կառավարություն ունենալուց հետո հնարավոր կլինի հաղթահարել ինչպես այդ վճռի հետ կապված, այնպես էլ մեր երկրի արտաքին ու ներքին կյանքի բոլոր ոլորտներում առկա մյուս պրոբլեմները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031