Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը շեղվեց Կոռուպցիայի խորհրդի նիստի թեմայից, հիշելով հոսանքի թանկացման դեմ նստացույցն ու փողոցներ փակելը

Հուլիս 28,2015 15:04

Կոռուպցիան հսկայական բացասական ազդեցություն է ունենում երկրի տնտեսության զարգացման, ներդրումների վրա: Հոսանքի թանկացման հարցը նույնպես: Այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի վերջում, որը կազմակերպվել էր կառավարության նիստերի դահլիճում՝ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Սակայն վարչապետն արդարացված չի համարում փողոցներ փակելով ու նստացույց անելով հասարակության պայքարը՝  կոչ անելով սեղանի շուրջ նստել եւ քաղաքացիներին հուզող ցանկացած հարց քննարկել. «Այդպես լինում է այն դեպքում, երբ չեն ցանկանում լսել, բայց հանրապետության նախագահից սկսած՝ պատրաստակամություն են հայտնել լսելու, չի եղել, դեպք, որ հարցը բարձրացվի եւ չցանկանան լսել: Նստել փողոցներ փակել, նստացույց անել՝ արդարացված չէ: Այնպես չէ, որ բոլոր որոշումները ճիշտ են, բայց երբ հանդիպում ենք, քննարկում ու բացատրում ենք՝ նրանց համար էլ ընդունելի են լինում, մեզ հետ համաձայնում են»:

Ըստ վարչապետի`«Հոսանքի թանկացման հետ կապված եղավ առաջարկ, որոշեցին քննարկել, աուդիտ անցկացնել: Մնացած մյուս ճանապարհները բացասական ազդեցություն են ունենում երկրի առաջ գնալու, զարգացման վրա: Եթե ձեր նպատակն, իսկապես, խնդրի քննարկում է մեր դռները միշտ բաց են, մենք պատրաստակամ ենք»,-ասաց Հովիկ Աբրահամյանը ներողություն խնդրելով, որ խորհրդի թեմաներից շեղվում է:

Կոռուպցիայի դեմ պայքարում Հովիկ Աբրահամյանն ակնկալում է նաեւ գործարար հատվածի ակտիվ համագործակցությունը. «Մենք գործարարներին ընդունում ենք գործընկեր, նրանք են մեր բյուջեի հարկային եկամուտներն ապահովում, որով մենք կարողանում ենք թոշակներ, նպաստներ վճարել»:

Վարչապետն ասաց, որ տարվա ընթացքում նախատեսում է հանդիպումներ խոշոր, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, որպեսզի այդ հանդիպումների ժամանակ գործարարները բարձրացնեն կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ իրենց մտահոգությունները, նրանց հուզող խնդիրները. «Մեր բոլոր ջանքերը մեկտեղել ենք բիզնեսի զարգացման համար,նրանց տեսակետները, մասնակցությունը կօգնի կոռուպցիայի դեմ պայքարելու գործին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031