Լրահոս
Օրվա լրահոսը

Քարի թարս բիզնես Տավուշի մարզում

Հուլիս 28,2015 14:40

2003 թվականից «Քարարտ» ՓԲԸ-ն շահագործում է Նոյեմբերյանի Զորական գյուղի տարածքում գտնվող ֆելզիտի հանքավայրը: Իջեւան քաղաքի ծայրամասում 2005թ. սեպտեմբերի 16-ին շահագործման հանձնվեց քարի վերամշակման արդիական սարքավորումներով հագեցած գործարանը: Դրա բացման ժամանակ հայտարարվեց, որ կատարվել է 5 միլիոն դոլարի ներդրում, հետագայում կառուցվեցին նոր մասնաշենքեր:

«Քարարտ» ՓԲԸ ղեկավարությունը սկզբում կամենում էր վերամշակող գործարան կառուցել երկաթուղային Այրում կայարանում գտնվող նախկին նավթաբազայի տարածքում:

Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղից ֆելզիտի հումքը հայ-ադրբեջանական սահմանի եզրով Իջեւան տեղափոխելու, մոտ 80 կմ անցնելու,ապա պատրաստի արտադրանքը Իջեւանից Այրում կայարան ավտոմեքենաներով տեղափոխելու, շուրջ 90 կմ անցնելու համար ընկերությունը զգալի ծախսեր է կատարում: Եթե քարի վերամշակման գործարանը կառուցվեր Այրում կայարանում, «Քարարտը» հումքի եւ պատրաստի արտադրանքի տեղափոխման համար ծախսվող հսկայական ֆինանսները կխնայեր:

0287

«Քարարտ» ՓԲԸ տնօրեն Կարեն Գիշյանը մեզ ասել է, թե գործարանը Իջեւանում է կառուցվել, որպեսզի այդտեղ վերամշակվեն հանրապետության տարբեր վայրերից արդյունահանված տարբեր քարատեսակներ: Սակայն իրականությունն այն է, որ «Քարարտի» արտադրանքի զգալի մասը ստացվում է Նոյեմբերյանի Զորական գյուղի ֆելզիտային տուֆի վերամշակումից:

Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհին կարելի է տեսնել «Քարարտի» շարքից դուրս եկած բեռնատարներ՝ բեռնված Զորականի ֆելզիտե սալերով: 2014թ. Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ճանապարհին, լեռնային ճանապարհի ոլորանում շրջվել է «Քարարտ» ձեռնարկության արտադրած ֆելզիտե սալիկներով բեռնատարը: Սալիկների մեծ մասը ջարդվել է, դրանց կտորները իրենց կարիքների համար հավաքել են միջպետական ճանապարհով երթեւեկողները: 2012թ. տարի ադրբեջանական զինուժը նույն ճանապարհին գնդակոծել, խոցել էր «Քարարտի» բեռնատարը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031