Հայաստանի hրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը եւ համայնքի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչ Ալեքսանդր Պորյադոչնին դիմել են Իսրայելի Քնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնին եւ խորհրդարանի բոլոր պատգամավորներին: Այս մասին հաղորդում է «Mkisrael»-ը:
Նամակում ասվում է, որ Հայաստանի հրեական համայնքը մեծ հուզմունքով եւ հույսով իմացել են, որ Քնեսեթի նստաշրջանում քննարկվելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Հրեական սփյուռքի աչքերում Քնեսեթը խելացի եւ բարոյապես պարկեշտ մարդկանց հավաք է: Մենք մեծ հույս ունենք, որ Իսրայելի խորհրդարանականները դրական որոշում կկայացնեն»:
Ըստ հրեական համայնքի ներկայացուցիչների՝ տարբեր ազգեր, կառավարություններ ու խորհրդարաններ ուշադիր հետեւում են այս հարցում Իսրայելի եւ հրեական սփյուռքի դիրքորոշմանը: «Մենք՝ հրեաներս, պատմական որոշում ենք կայացնում. մեր բարոյական սկզբունքները համընդհանուր եւ համամարդկային ենք ճանաչում»:
Ռիմա Վարժապետյանը եւ Ալեքսանդր Պորյադոչնին նշել են, որ նայելով հսկայական տառապանք տեսած հայերի աչքերին, իրենք՝ հրեաները, կարծես հայելու մեջ են նայում եւ տեսնում են իրենց ազգի տառապանքները. «Հրեաները եւ հայերը սրտատրոփ սպասում են ձեր՝ երկու ազգերի համար կարեւորագույն որոշմանը: Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարեւոր ներդրում կլինի ցեղասպանության կանխարգելման գործում միջազգային հանրության ջանքերում»:
Կարդացեք նաև
Հրեական համայնքի ներկայացուցիչները նամակի վերջում գրել են, որ, միանշանակ, ճիշտ ժամանակին Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ քննադատումը ավելի կնվազեցներ Հոլոքոստի իրականացման հնարավորությունը. «Դա հենց անցյալում մարդկության դեմ կատարված հանցագործությունների միավորող հանգամանքն է: Հետեւաբար՝ Իսրայելի եւ հրեաների բարոյական պարտքն է առաջին շարքերում կռվել ցեղասպանությունները կանխարգելելու համար»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ