Բաց նամակ
Հարգելի հայրենակիցնե՛ր, նախօրեին մեր կազմակերպության էլեկտրոնային փոստին ուղարկվել է անանուն նամակ-սպառնալիք, որի մասին ցանկանում եմ բարձրաձայնել: Բայց նախքան այդ, մի փոքր նախաբան:
Մեր ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին, մշտապես զբաղվել է հետազոտական աշխատանքով՝ մասնավոր, հասարակական և միջազգային կազմակերպությունների համար։
2011 թվականի մայիսի 5-ին մեր ընկերությունը, երկարատև մասնագիտական աուդիտից հետո, որը հաստատեց մեր կազմակերպության անկախությունն ու մասնագիտական բարձր որակը, ընտրվեց հանրահայտ Գելլափ Ինթերնեյշնլ (https://www.wingia.com/) համաշխարհային անկախ հետազոտական ցանցի ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում (https://www.wingia.com/en/countries/Armenia/)։ 2006 թվականից, հանդիսանալով Եվրասիական մոնիտոր հետազոտական ցանցի գործընկերը Հայաստանում (https://www.eurasiamonitor.org), մեր թիմն արդեն իսկ կուտակել էր բավական մեծ փորձ սոցիալ-տնտեսական հետազոտությունների իրականացման մեջ: Գելլափ Ինթերնեյշնլի փորձագետների շնորհիվ մեր մասնագիտացումը քաղաքական և հասարակական հետազոտությունների ոլորտում առավել ամրապնդվեց և համահունչ դարձավ միջազգային բարձր չափանիշներին։
Կարդացեք նաև
Մենք, հանդիսանալով անկախ հետազոտական կազմակերպություն (մեր ընկերության բաժնետոմսերը, ստեղծումից ի վեր, 100 տոկոսով պատկանում են ինձ` Արամ Նավասարդյանիս: Ես երբևիցե չեմ հանդիսացել և չեմ հանդիսանում որևիցե քաղաքական, քաղաքացիական շարժման կամ կուսակցության անդամ) և լինելով հեղինակավոր ու առաջատար հետազոտական ցանցի ներկայացուցիչը Հայաստանում, պարբերաբար իրականացնում ենք հետազոտություններ հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ և հրապարակայնացնում ստացված արդյունքները։ Շատ կարևոր է նշել, որ այդ արդյունքները հրապարակվում են անկախ այն հանգամանքից, թե որքանով են հաճո իշխող կուսակցությանը կամ ընդդիմադիր ուժերին։ Մեր միակ նպատակն ու առաքելությունը տիրող իրավիճակի ու խնդիրների վերաբերյալ հասարակության կարծիքի ներկայացումն ու այդ խնդիրների վրա պատասխանատուների ուշադրության սևեռումն է՝ հույսով, որ իշխող կուսակցությունը և ընդդիմադիր ուժերը աչալուրջ կլինեն ստացված տվյալներին և ականջալուր՝ Հայաստանի Հանրապետության բնակչության ձայնին։ Փորձելով զերծ մնալ առաքյալի կարգավիճակից՝ մենք հույս ունենք, որ մեր ջանքերը գոնե մեկ տոկոսով կնպաստեն Հայաստանում առավել բարեկեցիկ կյանքի, փոխըմբռնման միջավայրի և քաղաքակիրթ հասարակության ձևավորմանը։
Հիմա մի փոքր քաղաքական ներկապնակի մասին:
Թե՛ իշխող կուսակցությունը, թե՛ ընդդիմադիր ուժերը, կարող են տեղեկանալ, թե ինչ է մտածում իրենց աշխատանքի, դրա արդյունքների և ձախողումների մասին ՀՀ քաղաքացին՝ ծանոթանալով վերջին 3 տարվա ընթացքում մեր հրապարակած հետազոտության արդյունքներին։ Այստեղ ևս մեկ անգամ շեշտեմ, որ անձամբ ստորագրում եմ բոլոր հետազոտությունների, արդյունքների և ստորակետների տակ և վերահաստատում դրանց արժանահավատությունը, անկախ այն բանից, թե այդ արդյունքները որքանով են ընդունելի իշխող էլիտային կամ ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Ներկայացնելով իմ անձնական կարծիքը, ասեմ, որ իշխող քաղաքական ուժը, ունենալով մի շարք ձեռքբերումներ տարբեր ոլորտներում, այդուամենայնիվ, տվյալ պահին բավական լճացած է, քանի որ չունի ազդեցիկ հակակշիռ ընդդիմադիր դաշտում: Կա անհրաժեշտություն սթափվելու և բյուրեղանալու, ինչը, թերևս, կօգնի իրենց ապագա քաղաքական պայքարում։ Մյուս կողմից` ընդդիմադիր դաշտը և այնտեղ գործող կուսակցությունները վերջին տասը տարվա ապաշնորհ գործունեության պատճառով հայտնվել են «հոգեվարքի» մեջ (գոնե դրանց մեծամասնությունը)։ Եվ այսօր կարող ենք արձանագրել, որ իրականում ընդդիմադիր դաշտում ունենք ուղղակի անհատ ընդդիմադիր գործիչներ, որոնք, կարծես, ցանկանում են հեռանալ իրենց քաղաքականություն բերած կուսակցություններից՝ ստեղծելով նոր քաղաքական միավորներ։ Այս պահին չեմ ուզում տալ անհատների ու կուսակցությունների կոնկրետ անուններ (դրանք բոլորին են հայտնի), բայց անհրաժեշտության դեպքում կարող եմ մեկ առ մեկ անդրադառնալ բոլորին։ Մենք հնարավորինս զերծ ենք մնում որևէ քաղաքական ուժի օգնելու կամ խանգարելու գաղափարից, որովհետև մեր դերակատարումը տեսնում ենք բացառապես չեզոք տիրույթում: Այս կամ այն կուսակցության վարկանիշի բարձր կամ ցածր լինելու հանգամանքը, համոզված եմ, պատկերացնում են բոլոր կուսակցությունները։
Ամեն դեպքում շատ զավեշտալի է, որ քաղաքական դաշտում ներկայացված բոլոր կուսակցությունները, ընդդիմադիր և դիմադիր, որդեգրել են մի արատավոր մոտեցում. երբ հրապարակված արդյունքները գոհացնում են իրենց կուսակցությանը, ապա այդ թվերը որակվում են որպես արժանահավատ և հնարավորինս տարածվում իրենց կողմից վերահսկվող լրատվամիջոցներով՝ նշելով, որ դրանք հեղինակավոր Գելլափ Ինթերնեյշնլի իրականացրած հետազոտական արդյունքներն են։ Հակառակ պարագայում, երբ ստացված տվյալները հաճո չեն իրենց կուսակցությանը, նրանք փորձում են որակել այդ հետազոտությունները որպես ծախված և «կեղծ Գելլափի» կողմից իրականացված։
Նման մանկամտության և տգիտության օրինակները վերջին մեկ-երկու տարվա ընթացքում բավական շատ են և անգամ հասնում են զավեշտի: Օրինակ, մեկ ընդդիմադիր ուժ նույն հետազոտության շրջանակներում հրապարակված թվերի մի մասը վերտառում է որպես արդար և անկախ՝ խոսելով դրանց մասին Ազգային ժողովի ամբիոնից, մյուս կողմից՝ այն թվերը, որոնք ստացվել են նույն հետազոտության շրջանակում, սակայն հաճո չեն նրանց, այլ հարթակներից վերտառվում են որպես կեղծ, վճարված և փորձ է արվում հնարավորինս նսեմացնել ժողովրդի կարծիքը։
Մենք շուրջ 4 տարի կոչ ենք անում ՀՀ բոլոր կուսակցություններին և քաղաքական գործիչներին զերծ մնալ թվերի հետ պայքարից և փորձել հասկանալ այդ թվերը, գիտակցել և ըմբռնել այդ տվյալների հիմքը՝ այն է՝ իրենց իսկ կատարած վատ կամ լավ աշխատանքը։ Եվ եթե որևիցե քաղաքական միավոր, լինի դա ընդդիմադիր, թե դիմադիր, մեր հետազոտությունների շրջանակում ժողովրդի կողմից ստանում է բարձր կամ ցածր գնահատական, պետք չէ պայքարել մեր կազմակերպության կամ ժողովրդի կարծիքի դեմ: Պետք է օգտվել մարդկության հանճարեղ գյուտից՝ հայելուց. նստել հայելու առաջ և անկեղծորեն փորձել հասկանալ սեփական քաղաքական միավորի ճիշտ կամ սխալ աշխատանքը և դրա հետևանքով առաջացած դրական կամ բացասական արդյունքները։ Եվս մեկ դիտարկում, որի մասին ես արդեն շատ անգամ խոսել եմ լրատվամիջոցներով: Քաղաքական դաշտում առկա (ես խոսում եմ ընդհանուր քաղաքական դաշտի մասին՝ չտարանջատելով ընդդիմադիր կամ իշխանամետ ուժերին) տագնապալի և հոգեվարքային իրականության մեջ մենք տեսնում ենք, ինչպես նաև մի շարք հետազոտություններով արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սկսել են վստահել առավելապես քաղաքացիական հասարակության նոր ձևավորված շարժումներին և առաջնորդվել դրանցով և միանշանակ, ինչպես մենք ականատես եղանք վերջին 2 ամսվա ընթացքում, մեր ժողովուրդը պատրաստ է աջակցել ավելի շատ քաղաքացիական շարժումներին՝ անտեսելով և վանելով քաղաքական կուսակցություններին և գործիչներին (իհարկե, ոչ բոլորին)։
Չցանկանալով ծանրաբեռնել այս բաց նամակը լիկբեզով՝ անցնեմ տվյալ նամակի հիմնական շարժառիթին։ Հուլիսի 24-ին մենք հրապարակեցինք Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մեր հետազոտության արդյունքները, որն իրականացրել էինք սույն թվականի մայիսի առաջին տասնօրյակին։ Այն, որ այդ արդյունքները մեզ մոտ առկա էին մայիսի վերջից, ես բազմիցս տեղեկացրել եմ լրատվամիջոցներին՝ մեր հանդիպումների ժամանակ, երբ մենք հրապարակում էինք տարբեր թեմաների վերաբերյալ արդյունքները, օրինակ, Ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումների գնահատականի, էլէկտրաէներգիա հնարավոր թանկացումների մասին հետազոտությունները և այլն։ Ասեմ ավելին՝ տվյալ հետազոտության արդյունքները մենք քննարկել ենք տարբեր քաղաքական գործիչների հետ, որոնք կփաստեն, որ տվյալներն առկա էին առավել քան 2 ամիս։ Ինչևիցե, այդ տվյալները, արդեն իսկ լինելով արդիական ընթացիկ քաղաքական զարգացումների համատեքստում, մեր կողմից հրապարակվեցին միայն հուլիսի 24-ին, որպեսզի քաղաքական ուժերը հաշվի առնեն դրանք՝ սահմանադրական բարեփոխումների մասին քննարկումների ժամանակ։ Ընդ որում, մեր ստացած տվյալները չեն խոսում սահմանադրական բարեփոխումներին կողմ կամ դեմ լինելու մասին, այլ վերծանում են այլ խնդիրներ՝ օրինակ, այն, որ քաղաքացիների գերակշիռ մասը լիովին չի տիրապետում անգամ գործող Սահմանադրության մանրամասներին և կարծում է, որ, ըստ գործող Սահմանադրության, մենք ունենք նախագահական կառավարման ձև։
Ինչևէ, հուլիսի 24-ի երեկոյան մենք ստացանք մեր կազմակերպության և անձամբ իմ անձին ուղղված անանուն նամակ-սպառնալիք, որում պարունակվում են անհեթեթ մեղադրանքներ, անհոդաբաշխ գաղափարներ՝ համեմված մտքի տգետ զեղումներով։ Իրեն Nemesis Nemesis անվանողը փորձում է ահաբեկել մեզ՝ սպառնալով հաշվեհարդար տեսնել, եթե մենք շարունակենք իրականացնել հետազոտական աշխատանքներ և հրապարակենք դրանք։ Նամակի բնօրինակը բերվում է ստորև։
«Nemesis Nemesis <[email protected]> Jul 24 (4 days ago)
Արմեն,
Սա քեզ առաջին ու վերջին զգուշացումն է:
Ամեն անգամ երբ Հայաստանում տեղի են ունենում ընտրություններ միանգամից մամուլ են նետվում Միշիկական Պռոպագանդայի կողմից պատվիրված կեղծ հարցումներ քո կեղծ Գելլափի միջոցով:
https://www.tert.am/am/news/2015/07/24/gallup/1744871
Դեռ Սահմանադրության տեքստը լույս չտեսած դու ավանսով կեղծ թվեր ես նկարում Սեռժիկ Ղարաբաղբաշու օգտին:
Եթե մի անգամ էլ նման բան նկատենք ստիպված ես լինելու շատ լուրջ խոսակցություն ունենալու մեր հետ ու էդ ժամանակ քեզ Միշիկները հաստատ չեն օգնելու:
Սեռժիկ Սարգսյան/ Ռոբերտ Քոչարյան զույգը կատարել է քրեական/պետական հանցագործություն սեփական ժողովրդի հանդեպ և նրանք երկուսն էլ կամ գնդակահարելու են կամ էլ կանգնելու զինվորական տրիբունալի առաջ: Բոլոր այն ծախու լրատվամիջոցները կամ քեզ ու Ահավոր Ադիբեկյանատիպ կենդանակերպերն էլ ստանալու են իրենց համապատասխան պատիժը պատվերով թվեր կեղծելու և Ղարաբաղյան ռեժիմի հետ համագործակցելու համար: Մենք ուշադիր հետևում ենք ու հետևելու ենք քո բոլոր հետագա քայլերին:
Տասը զոհերի արյունը դեռ մաքրված չէ: Մարդասպանները ու նրանց հետ համագործակցողները դեռևս իրենց պատիժը չեն կրել:
Ոչ մի սահմանադրություն, ընտրություն կամ ընտրակեղծիք չի փրկելու Սեռժիկա-Միշիկական տականքին մեր ընկերների ու հարազատների արյան վրեժից:
Nemesis Nemesis»
Մենք այս սպառնալիքը դիտարկում ենք որպես փորձ՝ հասարակությանը զրկելու անկախ ու լիարժեք տեղեկատվություն ստանալու իրավունքից: Տվյալ ահաբեկող նամակի հեղինակների տգիտության աստիճանն այնքան բարձր է, որ անգամ իմ անունը գրել են սխալ, էլ չեմ ասում, որ նրանք ունակ չեն.
ա) կարդալ
բ) հասկանալ
գ) օգտագործել տվյալներն իրենց հետագա գործունեության համար։
Նրանք փորձում են առանց ծանոթանալու և հասկանալու, պայքարել, ըստ իրենց, ոչ հավաստի տվյալների հետ։ Ինչպես նշվեց վերևում, տվյալների հավաստիությունը չի կարող կախված լինել այս կամ այն քաղաքական ուժերին հաճո կամ ոչ հաճո լինելուց։ Հետևաբար, մենք, դիմելով վախկոտ և անդեմ ահաբեկողներին, ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ այսուհետ ևս (գուցե առավել, քան երբևէ), լինելու ենք ակտիվ և հրապարակելու ենք բոլորիս հուզող կարևոր խնդիրների մասին ժողովրդի կարծիքը՝ անտեսելով արդյունքների վերաբերյալ որևէ կուսակցության դիրքորոշումը: Քանի որ հավատացած ենք, որ ոչ թե ժողովուրդը պետք է դառնա գերի այս կամ այն քաղաքական կուսակցության կամ գործչի ոչ հիմնավոր ամբիցիաներին, այլ քաղաքական ուժերը պետք է հաշվի առնեն ժողովրդի կարծիքը և անեն առավելագույնը՝ նրանց խնդիրների լուծման համար: Սա է մեր պատասխանը վախկոտ և տգետ, իրենց Nemesis Nemesis անվանող նամակագիրներին։ Իսկ այժմ մեր հետագա գործունեության մասին։
Մենք այս նամակ-սպառնալիքի մասին տեղյակ ենք պահել Ազգային Անվտանգության ծառայությանը, և նրանք մեզ հավաստիացրել են, որ կանեն առավելագույնը՝ պարզելու և պատասխանատվության ենթարկելու նամակի հեղինակներին։ Ես անձամբ, իհարկե, չեմ վախենում նման տգետներից, վախկոտներից և անգամ կոչ եմ անում նրանց գալ, ներկայանալ և փորձել բանավիճել անձամբ ինձ հետ՝ ցանկացած ձևաչափով և ցանկացած տիրույթում։ Սակայն, չվախենալով նրանցից, կարծում եմ, որ նման տգետներից պետք է ամեն դեպքում զգուշանալ: Ինչի համար ինքս ձեռնարկել եմ հնարավոր պատասխան քայլեր։ Միևնույն ժամանակ այս փաստի մասին առաջիկայում տեղյակ եմ պահելու մեր հետազոտական ցանցի` Գելլափ Ինթերնեյշնլի, Եվրասիական մոնիտոր հետազոտական ցանցի, ինչպես նաև Եվրոպական Հասարակական կարծիքի եւ շուկայական հետազոտությունների կենտրոնի ՝ Esomar-ի ղեկավարությանը։ Եթե որևէ լրատվամիջոց, քաղաքական կուսակցություն կամ անհատ քաղաքական գործիչ կցանկանա քննարկել այս խնդիրը, ինչպես նաև այլ խնդիրներ, որոնք կարող են հուզել և օգտակար լինել Հայաստանի Հանրապետությունում առավել հանդուրժող քաղաքական մշակույթ ձևավորելուն, միշտ պատրաստ ենք նրանց ընդունել մեր գրասենյակում կամ հյուրընկալվել նրանց կենտրոնական գրասենյակ՝ ներկայացնելով մեր աշխատանքի սկզբունքներն ու մոտեցումները։ Կարծում եմ՝ այս բաց նամակից հետո իրենց Nemesis Nemesis վերտառող կազմակերպությունը կամ նրանց անունից ուղարկված նամակի հեղինակները, հակված կլինեն ներկայացնելու իրենց փաստարկները: Կոչ եմ անում նրանց ներկայանալ բաց հանրային քննարկման՝ լրատվամիջոցների ներկայությամբ։
Արամ Նավասարդյան, Տնօրեն
«Էմ Փի Ջի» ՍՊԸ, Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի բացառիկ ներկայացուցիչ ՀՀ-ում
Լուսանկարը՝ 106.5 Լրատվական ռադիոյի