«Նաիրիտը» կամ պետք է վերագործարկվի` վստահելի ներդրողների միջոցով, կամ լուծարվի, ինչը կապված կլինի լուրջ բնապահպանական խնդիրների ու ծախսերի հետ: Կառավարությանը բոլորովին ձեռնտու չէ ընկերության սննկացումը, քանի որ դա բերելու լուրջ ֆինանսական ծախսերի ու անվտանգության հետ խնդիրների: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ հաղորդման ներկայացման ժամանակ:
«Այնպես որ այն կարծիքը, թե կառավարությունը ցանկություն ունի և տանում է գործարանը լուծարման` պատասխանատու հայտարարում եմ, որ դա այդպես չէ: Կառավարությունը կողմ է և ամեն ինչ արել ու անում է, որ գործարանը վերագործարկվի»,- վստահեցրեց նախարարը:
Կարդացեք նաև
Նա հիշեցրեց, որ 2006-2008թ-ին աշխատելու ընթացքում «Նաիրիտը» կուտակել է ահռելի պարտքեր. 2008թ-ին պարտքը կազմել էր 17.5 մլրդ դրամ. «Գործարանը չի գործել 2010թ-ից և նրա մասնավոր սեփականատերը լքել է նրան: Գործարանի պարտավորությունները գերազանցում են 121 մլրդ դրամ` 250 մլն դոլար»,- նշեց նախարարը`հավելելով, որ մինչ ուսումնասիրությունները կավարտվեն, կառավարությունն անցած ուրբաթ օրվանից սկսել է վճարել աշխատավարձի պարտքը:
Հիշեցնենք, որ ուսումնասիրություններն իրականացրել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները, ամփոփվել են Համաշխարհային բանկի կողմից: Զեկույցում առաջարկ կա`փակել «Նաիրիտը»:
Նիստը նախագահող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատգամավորներին առաջարկեց քննարկումն անցկացնել առանց լրագրողների, որպեսզի հնարավորություն լինի լսել ու հարցեր տալ նաեւ ՀԲ-ի ներկայացուցիչներին: Նա բացատրեց, որ դա ՀԲ-ի սկզբունքներից է: «ՀԲ-ի սկզբունքները աստվածաշնչյան թեզ չեն»,- իր անհամաձայնությունը բարձրաձայնեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Այս վեճը շարունակվեց ավելի ուշ, երբ Վարդան Այվազյանը կրկնեց իր առաջարկը`հավելելով, որ պատգամավորները հետո կարող են շփվել լրագրողների հետ: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վրդովվեց`այդ դեպքում ո՞րն է լրագրողներին դուրս հրավիրելու իմաստը: Նրա վրդովմունքը կիսեցին ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Մանրամասները`տեսանյութում
Վարդան Այվազյանը հայտարարեց, որ սեպտեմբերին կամ հոկտեմբերին տնտեսական հանձնաժողովը սույն հարցով լսումներ է հրավիրելու ու դա լինելու է բաց: Տեւական բանավեճից հետո հարցը դրվեց քվեարկության: Միայն չորս պատգամավոր կողմ եղավ, որպեսզի քննարկումն առանց լրագրողների եւ ՀԲ ներկայացուցիչների մասնակցությամբ ընթանա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ