Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները մի օր ժամանակ են տվել կառավարությանը

Հուլիս 28,2015 12:44

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այս պահին հավաքվել են ԱԺ-ի դիմաց: Նրանք այսօր աշխատավարձերի վճարման պահանջով չէ, որ համախմբվել են:

«Աշխատավարձին կանդրադառնանք հուլիսի 30-ին, եթե բոլորիս ամբողջ աշխատավարձերը չմարեն, մենք այսօր այստեղ ենք, որովհետեւ ԱԺ-ում անցկացվում են լսումներ «Նաիրիտի» վերաբերյալ: Քննարկվելու է «Նաիրիտի» վերագործարկման հնարավորության հարցը: Ուզում ենք հասկանալ, թե ովքեր են այդ լսումներին մասնակցում: Սկսենք նրանից, որ ԱԺ պատգամավորների մեծամասնությունն արձակուրդում է, հատուկենտ պատգամավորներ կարող են այսօր ներկա լինել: Բացի դա՝ ես երեկ զրուցում էի «Նաիրիտի» ներկայացուցիչների հետ, ասում էին՝ իրենց դեռ չեն ասել… հիմա սպասում եմ՝ «Նաիրիտից» ով պետք է գա ու մասնակցի լսումներին: Իսկ եթե «Նաիրիտից» ոչ ոք լսումներին չի մասնակցելու, ապա եւս մեկ անգամ կֆիքսենք՝ սա ձեւականություն է՝ ցույց տալու համար, թե տեսեք լսումներ կազմակերպեցինք, եւ հանրային կարծիքն ասում է՝ «Նաիրիտը» պետք է փակվի»,- ասաց «Նաիրիտի» աշխատակից Անուշ Հարությունյանը:

Նրա խոսքով, ԱԺ-ում այսօր քննարկվելու են աուդիտի արդյունքները, ու պարզապես այդ քննարկումը հնարավոր չէ առանց իրենց մասնագետների. «ՊԵտք է լինի համեմատության եզր, եթե քննարկում եք ինչ-որ բան, ապա դա պետք է քննարկեք մի ուրիշ բանի հետ: Եթե չեք համեմատում, ի՞նչն եք քննարկում»:

Ըստ Անուշ Հարությունյանի, վերջին երեք տարում «Նաիրիտում» երեք աուդիտ է եղել, բայց ԱԺ այսօրվա լսումներին քննարկվելու է միայն այս տարվա՝ վերջին աուդիտը. «Որն ասում է, որ «Նաիրիտը» պետք է լուծարել, սնանկացման տանել ու լուծարել: Ակնհայտ է կանխակալ մոտեցում: Ոչ քննարկում են նաիրիտցիների ներկայացրած ծրագրերը, ոչ քննարկում են նախորդ աուդիտները»:

Մեր հարցին՝ ինչ ճակատագիր է սպասվում «Նաիրիտին», այսօր ի՞նչ կորոշվի ԱԺ-ում, Անուշ Հարությունյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այսօր «Նաիրիտի» ճակատագիրն է լուծվում, այսօր ընդամենը լսումներ են, եւ կտեսնենք՝ այդ լսումներն ինչ արդյունք կտան: Բացասական եզրակացության դեպքում կշարունակենք պայքարել, այս լսումների արդյունքները կբոյկոտենք, եթե գնա այլ սցենարով: Ես մասնագետ չեմ, բայց մենք ունենք մասնագետներ, որ ամբողջ աշխարհին պետք են, բայց, չգիտես ինչու, Հայաստանին պետք չեն: Չինաստանը մեր մասնագետներին տանում է կաուչուկի գործարան սարքելու համար, իսկ այստեղ մեր աշխատողներին ազատում են գործից ու ասում են, որ կաուչուկի գործարան մեզ պետք չէ»:

Նրանից նաեւ հետաքրքրվեցինք՝ գո՞հ են աշխատավարձերի վճարման գործընթացից. «Ընդամենը 400 հոգու են վճարել ու այդ մաս առ մաս վճարելու հանգամանքը մեզ միշտ էլ անհանգստացրել է: Միշտ ասել ենք հուլիսի 28, 29-ը ձեզ ժամանակ ամբողջ աշխատավարձը փակելու համար: Եթե այս երկու օրվա ընթացքում բոլորի աշխատավարձը չմարեն, հուլիսի 30-ին կհավաքվենք կառավարության դիմաց եւ կստիպենք, որ իրենց խոստումը մինչեւ վերջ կատարեն»:

Ըստ Անուշ Հարությունյանի, աշխատավարձեր վճարման այդ ձեւով խախտել են արդարության սկզբունքը. «Այդպես չի կարելի, որ մեկը իր ամբողջ աշխատավարձը ստացել է տաս օր առաջ, իսկ մյուսը պետք է սպասի, թե երբ կբարեհաճեն էլի գումար տալ: Չտայիք ոչ մեկի, միանգամից բոլորինը վճարեիք»:

«Նաիրիտի» 2270 աշխատակցից դեռ 400-ն է ամբողջ աշխատավարձը ստացել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031